Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Եկեղեցին չի տեղավորվում Փաշինյանի ու Ալիևի նախագծած պետության մոդելի մեջ

Եկեղեցին չի տեղավորվում Փաշինյանի ու Ալիևի նախագծած պետության մոդելի մեջ
01.07.2025 | 15:08

Երբ երկրի գերագույն գլխավոր ստախոսը եղբայր է կոչում հոգևորականներին, ներառյալ՝ Կաթողիկոսին, ում նա վիրավորել, հայհոյել, զրպարտել ու վատաբանել է ամենախուլիգան բառամթերով, նա ուղղակի ուզում է ասել, որ ինքը հենց Կայենն է, այն Կայենը, որ սպանեց իր եղբորը՝ Աբելին։

Իսկ աստվածաշնչյան ընկալումներից դուրս էլի շարունակում եմ պնդել, որ Փաշինյանը չունի ու չի կարող ունենալ կաթողիկոսին հեռացնելու որևէ իրավական գործիքակազմ, բայց միևնույն ժամանակ նա Ալիևի առջև ստանձնած պարտավորություն ունի, ուստի հետքայլ չի անելու։ Դրա համար շարունակում է ամենօրյա մակարդակով հոգեբանական պատերազմ վարել։ Մյուս կողմից՝ փորձում է եկեղեցու ներքին պառակտման կոչեր անել՝ տեսնելու համար, թե ով առաջինը պատրաստ կլինի ներսից քանդել եկեղեցին։

Ի պատիվ մեր հոգևորականների՝ նրանք միաբան են՝ հասկանալով, որ խոսքը բնավ կաթողիկոսի ու նրա անձի մասին չէ, խոսքը Հայոց առաքելական եկեղեցու գլխին կախված լրջագույն վտանգի մասին է, քանի որ եկեղեցին չի տեղավորվում Փաշինյանի ու Ալիևի նախագծած պետության մոդելի մեջ։ Եթե անգամ վաղը Գարգեին Բ-ի փոխարեն լինի այլ կաթողիկոս ու համարձակվի խոսել Արցախի մասին, արժանանալու է նույն ճակատագրին, կասկած չունենաք։

Հայ առաքելական եկեղեցին դա Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության ու ինքնության մասին է՝ անկախ քաղաքական հայացքներից ու անգամ կրոնական զգացմունքներից։ Ուստի այս հարվածը պահել է պետք՝ խոհեմությամբ, համբերությամբ, շրջահայացությամբ ու միաբանությամբ։ Տա Աստված, որ մեր հոգևոր հայրերը, կաթողիկոսից մինչև ծխական քահանա, գտնեն այդ ուժն ու իմաստությունը՝ Հայ Առաքելական եկեղեցին ու ըստ այդմ նաև՝ Հայ ազգային պետությունը Կայենից պաշտպանելու համար։

Իսկ Հայ ազգային պետության կազմաքանդումը կանխելու միակ հիմնարար ձևը եղել ու մնում է խնդրին քաղաքական լուծում տալը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ