Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար հավատացյալներ են գնում, իսկ մեր քահանայի հետևից` մի քանիսը»

«Ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար  հավատացյալներ են գնում, իսկ մեր  քահանայի հետևից` մի քանիսը»
23.04.2013 | 11:58

Ես երիտասարդ քահանա էի, կարելի է ասել նորընծա, ինչպես այն ժամանակ կոչում էին նոր ձեռնադրվածներին: Մի օր, երբ Էջմիածնի գյուղերից մեկն էի գնացել մկրտություն կատարելու, մինչև արարողության սկսվելը, գյուղացիներին մի քանի հարցեր էին հետաքրքրում, որոնց սիրով պատասխանեցի, ինչքան հնարավոր էր: Անշուշտ, հարցերն ավելի վերաբերում էին հոգևոր կյանքին, որը նրանց համար մութ աշխարհ էր, քանի որ կարգերն անաստվածյան էին և նույնիսկ մեզ` հոգևորականներիս արգելված էր մարդկանց բացատրել և սովորեցնել ճշմարիտ հավատը: Ահա այս պայմաններում հանկարծ գյուղացիներից մեկն անկեղծ զարմանքով և, նույնիսկ կարելի է ասել, միամտությամբ ինձ հարցրեց. «Տեր Հայր, ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար հավատացյալներ են գնում, իսկ մեր քահանայի հետևից մի քանիսը, ի՞նչն է պատճառը»: Պատկերացնո՞ւմ եք, նոր երիտասարդ քահանա, ինչպես ժողովուրդն է ասում այս պարագայում, երբ դիմացինը երիտասարդ է, «դեռ կարգին մորուք էլ չունի»` ակնարկելով փորձառությունը, ու հանկարծ այսպիսի մի հարց, որին ճիշտ չպատասխանելու դեպքում կարող էր հեղինակազրկվել որևէ քահանա և նրա հետ, անշուշտ, նաև եկեղեցին: Մտքումս արագ-արագ Աստծուն օգնության էի կանչում, նաև բոլոր սրբերին, էլ ո՞ւմ ասես, որ այս միամիտ, պարզ գյուղացու հարցին ճիշտ պատասխանեմ: Հանկարծ միտքս լուսավորվեց, գտա պատասխանը: Այս բոլորը, անշուշտ, արագ կատարվեց: Եվ ես պատասխանը տալուց առաջ սկսեցի հաշվել դիմացս նստած տղամարդկանց. «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, գնացինք»: «Ո՞Ւր»,- անմիջապես եղավ իմ հարցի պատասխանը: «Ա՜յ, հենց այստեղ է գաղտնիքը»,- գոհ պատասխանեցի ես: «Երբ մոլլան իր հավատացյալներին ասում է, գնացինք, ոչ մեկը չի հարցնում` ո՞ւր, այլ հլու հնազանդ հետևում են իրենց հոգևոր առաջնորդին, որին վստահում են, քանի որ գիտեն` հովիվն իրենց կործանման չի տանի: Հիմա, կարծում եմ, հասկանալի է, չէ՞, թե ինչու մեր քահանաների հետևից չեն գալիս, որովհետև ամեն մի հայ մարդու մեջ մի-մի առաջնորդ ու մի Հովիվ է նստած, ո՞վ է ուզում ենթարկվել, ոչ մեկը, բոլորն էլ իրենց խելացի են կարծում»: Գյուղացիները լիաթոք ծիծաղեցին ու հաստատեցին իմ ասածը և գոհ մնացին իմ պատասխանից: Ես էլ, անշուշտ, փառք տվեցի Աստծուն, որ ինձ այդ դժվար պահին օգնության հասավ: Դուք էլ, երբ կանգնած եք մի դժվարության առաջ, մի՛ զլացեք և հույսներդ Աստծու վրա դնելով, կանչեք Նրան օգնության: Նա Ձեր կողքին է ու անպայման կհասնի: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ