Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար»

«Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար»
18.06.2013 | 11:26

Այս կյանքում կան երկու արգելող պատճառներ, որոնք, իբրև գլորելու պատրաստ քարեր, կանգնած են մեր ոտքերի առջև: Դրանցից առաջինը մարմինն է, իսկ երկրորդը` աշխարհը: ՈՒրեմն եկեք քննարկենք խնդիրը, որպեսզի պարզենք` հիշատակվածները հավիտենական մի կյանք արժե՞ն, որոնց համար ներկա կյանքը մեր ձեռքից բաց թողնելու փորձության մեջ ենք, կամ թե սրանք կորցնելը հավիտենական կորստից ավելի՞ ծանր է:

Մեղավոր մարդը սիրում է իր մարմինը հոգուց ավելի, թեև գիտի, որ մարմինը ժամանակավոր է, իսկ հոգին` անմահ: Մարմինը հողից է ստեղծված, իսկ հոգին Աստծու պատկերն է: Մարմինը մի տուփ է, իսկ հոգին` նրա մեջ պահված մի գոհար: Մեր մտածողներից մեկն ասել է. «Բայց ինչքան կարող ես, աշխատիր շահել մարմինդ… չէ՞ որ որոշ ժամանակ հետո պիտի կորցնես այն… Զվարճացրու ինքդ քեզ ոգելից խմիչքներով, բայց մի օր մի կաթիլ ջրի կարոտ պիտի քաշես և այն էլ հավիտյան չպիտի կարողանաս գտնել: Զարդարիր ինքդ քեզ փառավոր ու գունավոր զգեստներով, բայց մի օր սպիտակ սավանով պիտի փաթաթվես` փոսի մեջ դրվելու համար: Հանգստացրու ինքդ քեզ փափուկ անկողինների վրա, բայց մի օր անկողինն ու վերմակդ էլ հողից պիտի լինեն…»: Ահա այս է Տիրոջ վճիռը. «Ով որ իր անձը կորցնի, պիտի գտնի այն»: Հիմա իմաստուն մարդու պես մտածիր ու դատիր, թե այս կարգի մարմնապաշտ անձերն իրենք իրենց սիրա՞ծ, թե՞ ատած կլինեն:
Մարմին։ Սա առաջին արգելող պատճառն էր:
Երկրորդ պատճառը, ինչպես արդեն նշեցինք, աշխարհն Է: Աշխարհի համար փրկության ճանապարհից հետ կանգնելը նույնքան անմիտ մի գործ է, որովհետև անցավոր ու թշվառությամբ լի աշխարհը նշանակում է փոխել հավիտենական երջանկությամբ լցված մի այլ աշխարհի հետ: Սրան մարդը պատասխանում է. «Ես այս աշխարհը պահելով հանդերձ երկինքն էլ եմ շահում», սակայն մի մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել, ինչպես ասաց մեր Տերը. «Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի» (Ղուկ. 16:13): Որքան էլ մարդիկ կապված են աշխարհին, որքան էլ սիրեն ու գիշեր-ցերեկ իրենց անձը նրան հաճելի դարձնելու համար աշխատեն, աշխարհը երբեք չի կարող մարդկանց սիրել կամ գոնե նրանց սիրո համար փոխադարձաբար մի բարի բանով փոխարինել: Ձեզնից ցածր գտնվողները ձեզ կատեն, հավասար եղողները կնախանձեն, իսկ ավելի բարձրում գտնվողները կարհամարհեն:
Բնական է, որ բոլորս էլ մոտ բարեկամներ, ընկերներ ու սիրելիներ ունենք, հնարավոր է, որ նրանց համար արգելք ունենանք մեր ճանապարհին։ Սակայն հիշեք Հիսուսի խոսքը. «Ով որ իր հորը կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով որ իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով որ իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթ. 10:37-39): Թերևս նրանք ձեզ անկեղծությամբ սիրեն, բայց այդ սերը հաստատուն ու մնայուն չի կարող լինել, որովհետև երբ դուք մեռնեք ու ձեր մարմինը նրանց աչքերի առջևից աներևույթ լինի, ձեր հիշատակն էլ պիտի թառամի: Գերեզմանափոսի մեջ ծածկվելուց որոշ ժամանակ հետո, թող զարմանալի և տարօրինակ չթվա, ձեր սերը ամենամոտ սիրելիների սրտում իսկ մոմի լույսի պես պիտի նվազի: Այսօրվանից մտածեք, թե իրապես արժի՞ այսպիսի ժամանակավոր երկրային հաճույքների ու վայելքների համար ձեր անձը մատնել հավիտենական դատապարտության:
Սա իրական դեպք է, պատմում է ինքը` մեքենայի արկած ունեցողը` Մամբրե աբեղա Տաշչյանը: Ես այն վերցրել եմ Facebook-ից ու վկայակոչում եմ այնպես, ինչպես հայր սուրբը գրել էր:
«Օրհնությամբ Աստծու վերադարձա երկրային կյանք:
Այն, ինչի մասին ուզում եմ պատմել, շատերին անիրական, ֆանտաստիկ կթվա։ Ինքս էլ գուցե այնքան էլ չհավատայի, եթե լսեի մեկ ուրիշից, քանզի կարծում էի` անհավանական է լինել Արարչի մոտ և այնուհետև վերադառնալ երկիր...»:
Այստեղ հայր սուրբը պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել իր մեքենայի արկածը, ինչ պայմաններում, և թե ինքն ինչպես է հայտնվել անգիտակից վիճակում ու հետո ինչ է պատահել, երբ ինքն այդ վիճակում է եղել: Բնականաբար, նրան այցելել են Վեհափառ հայրապետը, ծնողները, ընկերները, բայց ինքը ոչինչ չի զգացել ու շարունակում է.
«Վթարից անմիջապես հետո ես կարծես տեղափոխվեցի մի ուրիշ աշխարհ: Քաղցր նինջը պատեց աչքերս, և ես սկսեցի բարձրանալ: Մարդկային լեզուն ի զորու չէ նկարագրել իմ տեսած գեղեցկությունը: Անծայրածիր կանաչ տարածություններ` ծաղկազարդ ու խնկաբույր: Այդ վայրը թվում էր այնքան սքանչելի, որ կարող էի հավիտենություն անհոգ ապրել: Այս դրախտային վայրում մի մեծ ու գեղեցիկ տուն կար: Ներս մտնելով` տեսա մի սպիտակամորուս, փառահեղ ծերունու, որն ինձ ընդառաջ էր գալիս: Ես անմիջապես հասկացա, որ ինձ բախտ է վիճակվել սեփական աչքերով տեսնելու Նրան` տիեզերքը արարողին, մեր բոլորի Հայր Աստծուն: Ողջունելուց հետո ինձ ծանոթացրին տան պայմաններին: Այստեղ ինձ հյուրասիրեցին երկնային ուտելիքներով` սուրբ հացով և փլավով: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ այնտեղ կար ինչ-որ հսկա իր, որը ցույց էր տալիս, թե ինչ է կատարվում երկրում: Այդ հիասքանչ վայրում շատ մարդիկ կային։ Նրանց մեջ ես ճանաչեցի մեր հարևանուհիներից մեկին (որը, ինչպես հետագայում իմացա, մահացել էր իմ` վթարի ենթարկվելուց մի քանի օր անց):
Այն, ինչ կատարվում էր այս դրախտային վայրում, պարզապես հրաշք էր: Այստեղ կարծես չկար ժամանակ, համենայն դեպս, ես այն չեմ զգացել: Ինքս ինձ զգում էի հավիտենության ու երանության գրկում: Ամեն ինչ անկեղծ ու անբասիր էր, հետաքրքիր, հիասքանչ: Մեզ տեղեկացնում էին ամեն բանի մասին, մենք տեսնում էինք ամեն ինչ:
Միառժամանակ հետո սպիտակափառ ծերունին, ինքը` Հայր Աստված, կանչեց ինձ և ասաց, որ պետք է վերադառնամ երկիր` ծնողներիս և ինձ սպասող մյուս մարդկանց մոտ: «Ես քեզ հետ եմ ուղարկում երկիր,- ասաց նա,- հորդ ու մորդ մոտ, և քեզ տեսնելով` շատ մոլորյալներ դարձի են գալու ու հավատալու են ինձ»:
Ես ասացի, որ չեմ կարող վերադառնալ, քանի որ հետդարձի ճանապարհը չգիտեմ: Նա մի հրեշտակի կարգադրեց ուղեկցել ինձ։
Վայրէջքը նույնքան հուզիչ էր, որքան վերելքը: Իջնելիս աչքս ընկավ խոր գետնախորշերի, որտեղից մարդկային սրտակեղեք ձայներ էին լսվում: Այդ չարագուշակ փոսերում ես տեսա հսկայագլուխ շներ (կարծեմ` Կերբեր էին անվանում): Այդ գազանների երախն այնքան մեծ էր, որ մարդ առանց դժվարության կարող էր մտնել այնտեղ և դուրս գալ: Հրեշտակն ասաց, որ դրանց մոտ գցում են չար մարդկանց:
Քիչ անց հրեշտակն այլևս ինձ հետ չէր: Հետդարձս կատարված էր: Ես երկրի վրա էի` շրջապատված ինձ հարազատ մարդկանցով» (Facebook-ում դրված է Հրաչ Բեգլարյանի «Հրաշքների մասին» գրքից):
«Ես հավատում եմ քեզ, սիրելի հայր սուրբ, քանի որ այս աշխարհում և հավիտենական կյանքում ամեն ինչ կատարվում է Աստծու կամքով: Դրա համար ամեն անգամ «Հայր մեր» Տիրոջ աղոթքը արտասանելիս ասում ենք` «Թող Քո կամքը լինի` ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Թողնենք ամեն ինչ Աստծու կամքին ու Նրա տնօրինությանը: Վստահ եղեք` թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ավելի հանգիստ ու խաղաղ կլինենք: Քեզ երկար կյանք, սիրելի հայր սուրբ»,-այսպես գրեցի ես իր ժամանակին ի պատասխան այս գեղեցիկ վկայության: Հիմա հերթը ձերն է հավատալու կամ չհավատալու: Հավատաք` պատրաստ կլինեք հավիտենական կյանքին, չհավատաք` հանկարծակիի պիտի գաք, երբ հեռանաք այս աշխարհից:
Երբ դուք ձեր մեղքերի պատճառով դատապարտվեք, այնտեղ աշխարհը կամ ձեր սիրելիները ձեզ ի՞նչ մխիթարություն կամ ի՞նչ օգնություն կարող են ցույց տալ: Նույնպես աշխարհում վայելած ձեր հաճույքները վերջին դատաստանի օրը ձեր չարչարանքների դիմաց ի՞նչ մխիթարություն կարող են լինել. կերուխումը, խաղն ու պարը կարծում եք դեռևս իրենց ազդեցությունները կունենա՞ն, կամ այն ներդաշնակ նվագարանների ձայները դեռևս կլսվե՞ն. իհարկե` ոչ, դրանց փոխարեն միայն պիտի լսվեն հավիտենական ողբ, հուսահատություն ու հառաչանք:
Դատաստանի օրը փոխանակ օգնություն կամ մխիթարություն լինելու, ավելի դառնություն և դժոխային մի կյանք պիտի լինեն, որովհետև սրանք Հովնաթանի նման քեզ հավիտյան պիտի աղաղակել տան. «Ճաշակելով ճաշակեցի մի քիչ մեղր և ահա ես պիտի մեռնեմ», որովհետև սրանք ձեզ պիտի հիշեցնեն, թե ինչպես ձեր վայելած հեշտ կյանքը մի կաթիլ մեղրի նման ոչինչ ու րոպեական մի բան էր, սակայն նրանց համար սահմանված պատիժները սոսկալի ու հավիտենական են: Քանի դեռ այդ վիճակի մեջ չեք ընկել, ձեզ համար կա հույս ու հնարավորություն փրկվելու: Ձեր կամքով բաժանվեք մարմնից ու աշխարհից, քանի դեռ մահը ձեզ բռնությամբ չի բաժանել: Աստծուն հաճելի ու Նրա կամքը փնտրեք, ձեր սիրտն ու սերը ամբողջովին Նրան նվիրեք և հաղթահարելով ձեր դեմ եղած արգելքները, առաջ գնացեք փրկության նեղ ճանապարհով դեպի լայն ճանապարհը: Ամե՜ն:

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ