Գագիկ Ծառուկյանի կառուցած «Սբ. Հովհաննես» եկեղեցին վերջապես կենդանի աչքով տեսա: Ոչ, չմտածեք, թե դա կյանքիս մեծագույն երազանքն էր, պարզապես դրա շուրջ հյուսված «լեգենդները» հետաքրքրություն էին առաջացնում: Եվ ահա, Վարդավառի տոնը պատճառ հանդիսացավ տեսնելու և զգալու այդ եկեղեցու պերճանքն ու խեղճությունը...
Տեսնողները կհաստատեն, որ հարգարժան Ծառուկյանը այդ եկեղեցին կյանքի կոչելու համար ջանք չի խնայել, իսկ թե որքան ներդրումներ է կատարել շքեղաշուք շինության համար, հավատացեք, ինձ ամենաքիչն է հետաքրքրում: Ցավալին այն է, որ ուղիղ մեկ ժամ գտնվելով այդ եկեղեցու պատերի ներսում, այդպես էլ չկարողացա կենտրոնանալ, դա է խնդիրը: Ինձ խանգարեցին եկեղեցու փայլն ու ճոխությունը:
Ինձ զարմացնում էր հատկապես այն, որ մարդիկ այդ եկեղեցուն վերաբերվում էին որպես տեսարժան վայրի, որ կողմ շրջվում էի`լուսանկարվում էին: Ապշահար դիտելով կառույցի յուրաքանչյուր դետալը, քանդակն ու այլևայլ մանրմունր ծախսատար աշխատանքները, մտածում էի`արժե՞ր արդյոք...
Իմ կարծիքով, եկեղեցին այնպիսի տեղ է, որտեղ մարդիկ գնում են (ավելի ճիշտ պետք է գնան) հոգեպես թեթևանալու և խաղաղվելու նպատակով: Դա այն միակ վայրն է, որտեղ մարդ փորձում է հաղորդակցվել Աստծու հետ`առանց որևէ ավելորդ ցուցադրանքի: Իսկ այստեղ`ոսկեփայլ պատերն ու սալահատակը, ոսկեզօծ մոմակալներն ու առաստաղից մարդկանց վրա կախված շլացուցիչ ջահերը (եկեղեցու արտաքին «փայլի» մասին դեռ չեմ խոսում) միայն շեղում են ու խանգարում` թույլ չտալով հիշել քո գտնվելու վայրի մասին:
Առաջին մարդը չեմ, որ հետևյալ հարցն եմ բարձրացնում`մի՞թե մեր երկրում այդ գումարները ծախսելու ավելի կարևոր գործեր չկան...իսկ սոված ժողովո՞ւրդը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ