Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Վեհափառ, կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն

Վեհափառ, կյանքը մեկ  անգամ է տրվում մարդուն
06.09.2013 | 12:18

Վերջին շաբաթներին ով ունակ էր գրիչ վերցնելու, արեց իր գործը` վեհափառին քննադատելու: Ես էլ եմ քննադատել, բայց նպատակս ամենևին էլ ոչ Հայ առաքելական եկեղեցին փնովելն էր, ոչ էլ կաթողիկոսին որպես անհատի, հոգևոր առաջնորդի բարոյապես ոչնչացնելը: Ասելիքս այն է, որ ցանկացած մարդ, անհատ մահկանացու է և զերծ չէ թերություններից:

Այդ թերություններից զերծ չլինելու մասին է ասել հանճարեղ Նարեկացին դեռևս X դարում` «Հոգիս էությամբ մեղք է մակարդված»: Երնեկ մեր օրերում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և հարգարժան մեր կաթողիկոսը, ունենային իրենց մեջ նարեկյան որոշակի պաշար: Գուցե այդ դեպքում խոշոր անհատի թերություններն այդպես չթմբկահարվեն, ասված խոսքերը որպես սուր չուղղվեն դեպի նա, ինչը վերջին հաշվով ոչ միայն օգուտ չի բերում Հայ առաքելական եկեղեցուն, այլև հայ ժողովրդին: Ասել եմ, որ Վազգեն Ա-ն, որպես անհատ, իր հետքը թողել է մեր հոգևոր սրտերում, անձամբ նաև իմ, երբ մեկ անգամ լսեցի նրա խոստովանական բառերը. «Իմ ամենամեծ թերությունն այն է, որ չեմ դաստիարակել և ինձնից հետո չեմ թողնելու հոգևոր դաս»: Վազգեն Ա-ից հետո Գարեգին Ա-ն ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ, այլև իրենից հետո ընդհանրապես որևէ հետք չթողեց Հայ առաքելական եկեղեցու (նկատի ունեմ եկեղեցու պատմությունը Էջմիածին կենտրոնով) պատմության մեջ: Կառավարման կարճատեսությունը ոչինչ չի նշանակում: Արթուր Մկրտչյանն ընդամենը մի քանի ամիս կառավարեց ԼՂՀ-ն, այն էլ շատ բարդ ժամանակներում, բայց թողեց իր ձեռագիրը: ՈՒրեմն Վազգեն կաթողիկոսից հետո Հայ առաքելական եկեղեցիներում չկար այն հոգևոր դասը, որը պիտի իր հետևից տաներ հավատացյալ ժողովրդին, այն ցուրտ ու խավար տարիներին հույսի կրակ վառեր նրա մեջ և ոչ թե հարմարվեր տիրող կառավարողներին և բութ անտարբերությամբ նայեր կեղեքվող զանգվածներին կամ էլ մասնակիցը դառնար այլանդակ սեփականաշնորհմանը: Երբ դեռ նոր էր քանդվել երկիրը, և սկսվել էր այլանդակությունների շղթան, Էջմիածնում մի հոգևորականի հետ ունեցած զրույցում ասացի, թե ես քո հետևից չեմ գա և չեմ լսի քո աղոթքները, եթե դու ինձ անմիտ, ոչ բանական հնազանդության կոչ ես անում և լռում ես, տեսնելով մեր օրերի կեղեքիչներին: Եվ մենք բաժանվեցինք: Հայտնի խոսքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, ցավոք, 90-ականներից առայսօր չկա Հայ առաքելական եկեղեցում: Եվ միայն ու միայն այդ հավատացյալ կադրերի բացակայությամբ կարելի է բացատրել այդքան աղանդավորների քանակը մեր երկրում: Բնականաբար, գերեզմանոցում ալելուա-ալելուա ասած հոգևորականը չի արժանանում հուղարկավորողների հարգանքին, երբ թաղումից հետո թարմ գերեզմանին արխալուղն է փռում հանգանակության համար:
Ներկա հարգարժան կաթողիկոսը ձեռնադրվեց ոչ պակաս բարդ օրերում: Նույն օրը գլխատվեց հայ Ազգային ժողովը, և երկիրը նոր ցնցում ապրեց: Կասեմ, որ ամենևին էլ հեշտ չէր նման բարդ ժամանակում կաթողիկոս ընտրվելը: Կադրերի խիստ պակաս, քայքայված երկիր, համաժողովրդական հույսի, հավատի պակաս: Կարո՞ղ էր նման պայմաններում Գարեգին II-ն ասել իր վճռորոշ խոսքը։ Եվ այո, և ոչ: Այո, բայց թե ինչ կլիներ այո-ից հետո, դժվար է ասել: Չմոռանամ հիշեցնել, թե քանի-քանի հայ կաթողիկոսներ են սպանվել և ոչ միայն խորհրդային տարիներին: Ասված այո-ով կարծեմ տվեցի նաև ոչ-ի պատասխանը: Վերլուծելով անցած տարիներին կարգազանց եղած հոգևորականների կենսագրությունները, կարելի է ասել, որ դրան նրանք արժանի են եղել: Բայց արդյո՞ք ժողովրդական լայն զանգվածները կարող են իմանալ, թե ով էր Տիրան եպիսկոպոսը։ Բնավ: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, թե Գարեգին կաթողիկոսն ում ուզում, կարգազանց է անում: Այստեղ օրինական հարց է ծագում` չկա՞ արդյոք եկեղեցական բարձրագույն մարմին, հոգևոր խորհուրդ, որտեղ կարելի է քննարկել եկեղեցու համար հույժ կարևոր հարցերը և ոչ թե նամակով դիմել կաթողիկոսին, որին մինչև հասնելը բովանդակությունը ինտերնետով հասանելի է լինում բոլորին: Նման պարագայում այլ բան չես կարող մտածել, որ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները հետապնդում են մեկ նպատակ` ես եմ, իմ կալվածքը և ոչ մեկին չեմ ուզում ենթարկվել: Հարց է ծագում, թե Նուրհան Մանուկյանը չէ՞ր կարող արդյոք իր ասելիքը քննարկման հարց դարձնել Էջմիածնի հոգևոր բարձրագույն մարմնում: Կարող էր, բայց երևի չհասներ հաջողության: Պատճառը իրենք պետք է փնտրեն իրենց մեջ: Նույնը Ֆրանսիայի թեմի առաջնորդի մասին կարելի է ասել: Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի Գարեգին II-ի դեմ կազմակերպվող արշավը, եթե հանկարծ նա կարգազանց անի Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանին: Ամենևին էլ գաղտնիք չէ, թե վերջինիս թիկունքին ինչ ուժեր են կանգնած: Այսօր գաղտնիք չէ, որ աշխարհում սեռական ոչ տրադիցիոն կողմնորոշում ունեցողներն ավելի հզոր են, քան տրադիցիոն կողմնորոշում ունեցող տղամարդիկ: Կաթոլիկ եկեղեցին տարեկան միլիարդավոր դոլար տուգանքներ է վճարում իր գեյ և պեդոֆիլ հոգևորականների համար: Ի՞նչ իմանաս, դրանցից հայ եկեղեցում կա՞ն, թե՞ ոչ, մինչդեռ խոսակցությունները հօգուտ փոքրամասնության են: Մեկը չկա Կճոյանին հարցնի. «Երբ ժողովուրդը սոված է, դու, Աստծո ծառա (իրականում Աստծուն ուրացած), ի՞նչ միջոցներով ես գնել այդ թանկարժեք մեքենան: Եթե նույնիսկ նվեր է, ապա բարի եղիր վաճառել և փողը հատկացնել արյան լեյկոզով կամ այլ հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը»: Կամ նույն Կճոյանին թող թույլ տրվի հարցնել. «Քանի՞ անգամ ես հանդիպել քո հոտի հավատացյալների հետ, թե՞ միայն մի բարձրաստիճան պաշտոնյայի հարազատի հոգեհանգստի արարողությանը մասնակցելը համարում ես հանդիպում հոտի հետ»: ՈՒզում եմ հավատալ, որ Գարեգին II-ը պետք է մաքրի եկեղեցին Աստծուն չծառայողներից և վերականգնի դարերով ստեղծված ամրակուռ այն կառույցը, որ գործել է Հայ առաքելական եկեղեցում:
Այսօր սրբազան հայրը մեծ ավանդ ունի նաև եկեղեցական շինարարության մեջ: Այն հզոր շինարարությունը, որ ընթանում է ոչ միայն Հայաստանում, նրա տքնաջան աշխատանքի արդյունքն է նաև: Ոմանք տեղին հարցնում են` արժե՞ արդյոք նոր եկեղեցիներ կառուցել, երբ արվեստի գործ շատ եկեղեցիներ քանդվում են: Այդ հարցի լուծումը միայն վեհափառից չի կախված: Այսօրվա մեծահարուստն իր անունը ցանկանում է ինչ-որ կերպ հիշատակելի դարձնել նորի կառուցմամբ, քան հնի վերականգնմամբ:
Այսօր եկեղեցու առաջ բարդ և միաժամանակ էական հարցեր են դրված, որոնք լուծման կարիք ունեն: Միևնույն է, այսօր և մինչև մահը Գարեգին II-ը մեր կաթողիկոսն է, մենք պետք է և՛ ապավինենք, և՛ սատարենք նրան, միևնույն ժամանակ ասելով` վեհափա՛ռ, Դուք պետք է միավորեք Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերը և դառնաք համայն հայության կաթողիկոսը, Դուք պարտավոր եք ծառայել համայն հայությանը: Ժողովուրդը մեկ երազանք ունի. տեսնել Հայ առաքելական եկեղեցին միասնական և ուժեղ, տեսնել Հայ առաքելական եկեղեցում շատ ղևոնդերեցներ, շատ պարգևսրբազաններ:
Միևնույն է, վեհափա՛ռ, կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն և ամեն մեկին չի տրված կերտել պատմություն: Կերտե՛ք մեր օրերի Ձեր պատմությունը: Աստված Ձեզ պահապան:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ