Հռոմի պապի բարեսրտության մասին լուրերը շարունակում են զարմացնել մոլորակի բնակիչներին: Այժմ էլ պարզվել է, որ Պապը գիշերները քահանայի հագուստով դուրս է գալիս իր նստավայրից` անօթևան մուրացիկներին հանդիպելու, նրանց օգնություն տրամադրելու համար: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մարդկանց սրտերն է մտել ընտրվելու առաջին իսկ օրերից: Նույնիսկ Facebook սոցցանցի հայաստանյան օգտատերերից շատերը իրենց գրառումներում նշել են, թե որքան են գնահատում Պապին և որքան կուզենային, որ մեր կաթողիկոսն էլ նման մեկը լիներ: Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին, նրան ժողովուրդը տեսնում է տարին մեկ-երկու անգամ պատարագ մատուցելիս, կամ էլ ինչ-որ երկիր կատարած այցի մասին ռեպորտաժներում: Կաթողիկոսը չի շփվում հավատացյալների հետ, հանդիպումներ չի ունենում: Փոխարենը նա այլ գործեր է կատարում, օրինակ` Երևանում ռեզիդենցիա է կառուցում: Ժամանակին երբ կառուցվում էր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ասվում էին, թե այն պետք է դառնա կաթողիկոսի երևանյան նստավայրը նաև: Բայց, ըստ երևույթին, Գարեգին Բ-ն այն քիչ համարեց ու Երևանի կենտրոնում, հնամաշ-հնաբույր-հնամենի Սուրբ կաթողիկեի հարևանությամբ ձեռնամուխ եղավ բավականին մեծ չափերի հասնող նստավայրի կառուցմանը, որն իր ծավալով (դեռ ճարտարապետկան լուծումներին չանդրադառնանք) պարզապես խեղդում է Կաթողիկեն և ստվերում վերջինիս: Ի դեպ, վերջին տարիներին Հայաստանում աճել է եկեղեցի կառուցողների թիվը: ՈՒ սա ոչ այն պատճառով, որ մեր երկրում հավատացյալների թիվը մեծացել է: Փաստն այն է, որ կաթողիկոսը եկեղեցաշինությանը տուրք է տալիս` դրանով գուցե իր պատկերացմամբ լուծելով հայ առաքելականության տարածումը: Նույն ձևով օլիգարխները եկեղեցիներ են կառուցում` իրենց անհավատ հոգու աղբը որպես բարեգթության ապացույց ցուցանելով: Արդյունքում` հավատացյալը հեռանում է եկեղեցուց ու իր հավատքի իրացումը փնտրում իր և Աստծո ուղիղ կապի մեջ, իսկ եկեղեցաշեն օլիգարխը դառնում է իր իսկ սեփական եկեղեցու յուրօրինակ ճորտը` ինքը գոնե պետք է երբեմն այցելի, մոմ վառի հանուն իր ճղճիմ հոգու փրկության ու այդ շինության փաստի արդարացման: Այսինքն `ձևի ու բովանդակության միջև ընտրությունը մեզանում կայանում է ձևի օգտին: Ահա թե ինչու Հռոմի Պապի մասին սրտառուչ պատմությունները գերում են նաև հայ առաքելականների սրտերը: Բայց ինչի՞ նման է, երբ քո եկեղեցու առաջնորդին թողած հիանում ես ուրիշով: Հեչ բանի նման չէ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ