«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Պորտուգալիայում շատ ընդհանրություններ գտա հայկական գյուղերի, հայ գուշակների, մոմ թափողների, միստիկ երևույթների հետ»

«Պորտուգալիայում շատ ընդհանրություններ գտա հայկական  գյուղերի, հայ գուշակների, մոմ թափողների, միստիկ երևույթների հետ»
27.10.2017 | 12:28

«Իրատեսի» հյուրը ռեժիսոր, կինովավերագրող ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է: Նրա «Լուսինը, Արևը և Հրացանակիրները» ֆիլմը, որ պատմում է Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանին գտնվող փոքրիկ քաղաքի կյանքի թվացյալ միօրինակության մասին, հետաքրքրել է կինոաշխարհում բարձր հեղինակություն վայելող մի քանի կինոփառատոների կազմակերպիչների ու պատկառելի շրջապտույտ կատարել կինոքարտեզի վրա կայուն տեղ ամրագրած փառատոնային ծրագրերում:
Մեր զրույցը երիտասարդ ռեժիսորի հետ վերաբերում է թե՛ այդ ֆիլմին, թե՛ դրան նախորդած ստեղծագործական ընթացքին:

«ԵՐԵՎԱՆՆ ԻՆՁ ՇԱՏ ՓՈՔՐ ԷՐ ԹՎՈՒՄ, ՁԳՏՈՒՄ ԷԻ ԴՈՒՐՍ ԳՆԱԼ, ԼԱՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼ»


-Վահագն, ինչպե՞ս պատահեց, որ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանողը հայտնվեց Պեկինի կինոակադեմիայում:
-Չգիտես ինչու, ես որոշել էի դառնալ իրավաբան: Բայց միավորներս չբավարարեցին (հասկացա, որ իրավաբանական ընդունվելու համար պետք էր շատ «խելացի» լինել), և ես երկրորդ հայտով ընդունվեցի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Մեկ տարի սովորելուց հետո հասկացա, որ ինձ համար շատ նեղ է այդ տարածությունը, որ մարդկանց ընտելանալ չեմ կարողանում: Երևանն ինձ շատ փոքր էր թվում, ձգտում էի դուրս գնալ, լայն զանգվածների հետ շփվել: Եվ ուղղվածությունս, հետաքրքրություններս ամբողջովին տանում էին դեպի կինո: 2007 թվականին մեկնեցի Չինաստան: Այդ ժամանակ Չինաստան գնալը, այնտեղ կրթություն ստանալը բավական հեշտ էր, անգամ թափուր տեղեր էին մնում ընդունելության ընթացքում: Բայց մի բան էր գնալը, մեկ այլ բան՝ սովորել կարողանալը:
-Սովորել կարողանալու համար դու կատարեցիր դժվարին գործ՝ յուրացրիր չինարենը: Հե՞շտ տրվեց դա քեզ:
-Քանի որ ես վաղ տարիքում եմ դպրոց գնացել, շուտ էլ ավարտել եմ, ու արդեն 17 տարեկանում հայտնվեցի Չինաստանում: Մի քիչ ռուսերեն գիտեի, մի քիչ՝ անգլերեն, չինարենի մասին գաղափար չունեի: Սկզբում սովորեցի անգլերեն, հետո՝ չինարեն՝ անգլերենի հենքով:
-Իսկ անգլերեն սովորելիս հենակետային լեզուն ո՞րն էր:
-Հենակետային լեզուն ընկերությունն էր ու բաց շփումը մարդկանց հետ: Մենք ապրում էինք հանրակացարանում, երկու հոգով՝ մեկ սենյակում: Ինձ հետ ապրողը Բարբադոսից էր, նրա մայրենի լեզուն անգլերենն էր: ՈՒզած-չուզած պիտի շփվեինք, և ես այդպես սովորեցի անգլերեն:
-Նա չսովորե՞ց հայերեն:
-Անկեղծ պատասխանե՞մ. սովորեց, հայերեն շատ լավ հայհոյում էր:
-Լա՛վ, լեզվաիմացության կուրսն ավարտվեց բարեհաջող, իսկ ինչպե՞ս հասար Պեկինի կինոակադեմիա:
-Ես արդեն գիտեի լեզուն, կարողանում էի շփվել մարդկանց հետ: Ինձ միշտ է դա գրավել: Երբ շփվում ես տարբեր մարդկանց հետ, հասկանում ես, որ մարդիկ բոլորն էլ նույնն են, որ նրանց հետ շփումներից հարստանում ես, զանազան մտքեր են փոխանցվում քեզ նրանցից: ՈՒ այդ ամենը հետո դու վերածում ես պոեզիայի, ֆիլմի, գրականության, դատողության:

«DocNomads»-Ը ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՀԱՐԹԱԿ Է, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ, ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ, ԲԵԼԳԻԱՅՈՒՄ»


-«DocNomads» ծրագրի շրջանակներում նկարահանեցիր ֆիլմեր, համառոտ կպատմե՞ս այդ ընթացքի մասին:
-Չինաստանում երկու տարի ապրելուց, չինարեն սովորելուց, «Ճահիճ» հայկական ռոք խմբում (խմբում երեք հայ էինք՝ ես, Արիկը, Վարդանը) նվագելուց, տարբեր փառատոների մասնակցելուց հետո ընդունվեցի Պեկինի կինոակադեմիայի կինոարտադրության բաժինը: 4-րդ կուրսում որոշեցի ֆիլմ նկարել և նկարեցի իմ առաջին ֆիլմը՝ «Մի օր Լաօ Խուանի կյանքում»: Դա չինացիների էմիգրանտ ընտանիքի մասին է: Այդ մարդիկ Պեկին էին գաղթել Չինաստանի հեռու ծայրամասից և այլևս չէին կարողացել վերադառնալ իրենց բնակավայր: Ամեն օր ամուսիններով դուրս էին գալիս տնից և երեկոյան վերադառնում էին դատարկ շշերի մի մեծ սար հեծանիվներին բարձած: Ապրում էին շիշ հավաքելով ու վաճառելով: Այդ և Հայաստանում նկարված մի երեքրոպեանոց ֆիլմով, որ կոչվում էր «Առաջին քայլ», ես ընդգրկվեցի «DocNomads» ծրագրում: Դա վավերագրական կինոյի հարթակ է, որը գործում է երեք երկրներում՝ Պորտուգալիայում, Հունգարիայում, Բելգիայում: Ընդունելությունը կատարվում է երկու փուլով և բավական դժվար պրոցես է: Երկրորդ փուլում հարցազրույց էիր անցնում, որի ժամանակ ինը տարբեր դասախոսներ հարցեր էին տալիս: Առաջին հարցը, որ տվեցին ինձ, այն էր, թե ինչու չեմ դիմել ԹթԼԽ: Ես ասացի, որ այնտեղից արդեն նավթալինի հոտ է գալիս: Չգիտեմ՝ օգնեց այդ պատասխանը, թե ոչ, բայց ինձ ընդունեցին: Ծրագիրը տևում է երկու տարի, իրականացվում է բոլոր երեք երկրների կինոինստիտուտներում: Նախ եղանք Պորտուգալիայում, ապա՝ Հունգարիայում, վերջում՝ Բելգիայում: Յուրաքանչյուր երկրում սովորում էինք վեց ամիս՝ այդ ընթացքում նկարելով երեք ֆիլմ: Այդ ծրագրի շրջանակներում Լիսաբոնում նկարեցի «Հեռախոսախցիկ» ֆիլմը, որ բավականաչափ ճամփորդեց աշխարհում՝ մասնակցելով 12-13 միջազգային կինոփառատոնի: Հետո Հունգարիայում եղավ հետաքրքիր աշխատանք, նկարեցի «Սա ծխամորճ չէ» ֆիլմը: Այն պատմում է երիտասարդ ուսանողի մասին, որը փորձում է վավերագրական ֆիլմի համար թեմա գտնել: Դրան հաջորդեց Բելգիայում նկարված «Կորսված երազ» ֆիլմը:

«Ի ԶԱՐՄԱՆՍ ԻՆՁ՝ «ԼՈՒՍԻՆԸ, ԱՐԵՎԸ ԵՎ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ»


-Կարծես թե հասանք «Լուսինը, Արևը և Հրացանակիրները» ֆիլմին:
-Դե՜, արդեն ավարտական ֆիլմս պիտի անեի: Որոշեցի այն անել Լիսաբոնում, որովհետև այդ տեղանքի ու Հայաստանի միջև ինչ-որ կապ տեսա, ինչ-որ նմանություն: ՈՒնեի շատ լավ դասախոս՝ Տիագո անունով, որը մեծ դեր կատարեց իմ կյանքում: Մենք քննարկում էինք իմ աշխատանքի հետ կապված գաղափարները ոչ միայն դասաժամերին, այլև լսարանից դուրս, շփվում էինք շատ ակտիվ: Դա օգնում էր, որ ես ձերբազատվեի կաղապարներից, իմ մեջ եղած այն բաներից, որոնք ինձ խանգարում էին:
-«Լուսինը, Արևը և Հրացանակիրները» ֆիլմը մետաֆորների համահավաք արտացոլանք է. միալար պտտվող իլիկ, հնադարյան ծես, անթափանց մթություն, այդ մթությունը ճեղքող ագրեսիվ լուսագունդ և այլն, և այլն: Ինչպե՞ս են համատեղվել այդ բազմազան մետաֆորները միքանիրոպեանոց ֆիլմում:
-Ֆիլմի ստեղծման պատմությունն սկսվել է իտալացի գրող Իտալո Կալվինոյի «Անտեսանելի քաղաքներ» գրքից: Գրքում ներկայացված են թաթար Կուբլայ Խանի և Մարկո Պոլոյի զրույցները: Կուբլայ Խանը չի կարողանում հասկանալ՝ Մարկո Պոլոյի նկարագրած քաղաքներն իրականում գոյություն ունե՞ն, թե՞ ոչ: Այս գրականությունն ինձ մղեց գտնելու ինչ-որ միստիկ քաղաք, որի մեջ կարտացոլվեն նաև իմ մանկությունից ինչ-որ հուշեր: Պորտուգալիայում, ինչպես ասացի, շատ ընդհանրություններ գտա Հայաստանի հետ, հայկական գյուղերի, հայ գուշակների, մոմ թափողների, գյուղական կենցաղի, միստիկ երևույթների հետ: Ֆիլմիս տեղանքն ընտրելուց առաջ բավական երկար ճամփորդեցի Պորտուգալիայում և գտա Պորտուգալիայի ու Իսպանիայի արանքում ընկած այդ գյուղաքաղաքը՝ Սենդիմ Է Ատենոր կոչվող: Դա չափազանց հետաքրքիր, միստիկ տեղանք էր, որն ուներ հարուստ պատմություն, գեղեցիկ երգարվեստ, ամեն տարի կատարվող կրոնական արարողությունների ավանդույթ, որոնք ունեին թե՛ քրիստոնեական, թե՛ ոչքրիստոնեական բովանդակություն: Գյուղաքաղաքը գտնվում է Միրանդա մարզում, որի բնակիչները խոսում են հին պորտուգալերեն, մի լեզվով, որը պորտուգալացիներն իրենք էլ չեն հասկանում: Ֆիլմում առկա գուշակության, անեծքի կադրերը հենց այդ հին պորտուգալերենով են ներկայացված, և ես հատուկ այդ հատվածները չեմ թարգմանել: Դա ավելի մեծ հետաքրքրություն է հաղորդում ֆիլմին: Ինձ թվում է՝ լեզուն չէ, որ հարստացնում է ֆիլմը:
-Ֆիլմն արդեն մասնակցել է մի շարք կինոփառատոների, և առաջիկայում էլ սպասվում են նոր փառատոնային շրջապտույտներ: Պատմիր այդ մասին:
-Ի զարմանս ինձ՝ ֆիլմը շատ հարուստ փառատոնային կյանք ունեցավ: Պրեմիերան կայացավ Նիոնի միջազգային կինոփառատոնում, մեր ազգի համար խորհրդանշական մի օր՝ 2017 թվականի ապրիլի 24-ին: Հետո ցուցադրվեց Մոսկվայի միջազգային կինոփառատոնում՝ տարվա 20 լավագույն ֆիլմերի ցանկում, մասնակցեց Թաթարստանի դեբյուտային ֆիլմերի կինոփառատոնին: Հետո Մակեդոնիայում մասնակցեց մի կինոփառատոնի, որն անցկացվում է հին ու գեղեցիկ ամրոցում. այն իր տեսքով շատ համահունչ էր իմ ֆիլմի թեմային: Ապա եղան Կոսովոյի, Բաթումի, ՈՒջանի «Ծիրանի ծառ» կինոփառատոները: Իսկ շուտով ֆիլմը կներկայացվի Գերմանիայում անցկացվող վավերագրական ֆիլմերի «Dok Leipzig» միջազգային կինոփառատոնում: Դա համարվում է աշխարհի լավագույն հինգ վավերագրական կինոփառատոներից մեկը: Ֆիլմն ընդգրկված է կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի գլխավոր մրցութային ծրագրում: Այդուհետ սպասվում է ևս երկու կինոփառատոն, որոնցում ընդգրկված է «Լուսինը, Արևը և Հրացանակիրները» ֆիլմը: Դրանք են՝ Իրանի «Սինեմա Վերիտե» և Չինաստանի Գուանջոյի միջազգային կինոփառատոները: Առայժմ՝ այսքանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ