Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ի՞նչ գործ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Անկարայում

Ի՞նչ գործ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Անկարայում
03.03.2020 | 11:40

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն զարմացնում է՝ մինչ ողջ աշխարհը գուշակություններ է անում՝ ի՞նչ կլինի Իդլիբում, ու պաշտոնական տեղեկությունները գերազանցող սպանվածների դիակներ են բերում հայրենիք, նա …կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծման ջանքերը: Ոչ հեռակա, ապրիորի, այլ՝ տետ ա տետ հանդիպումից հետո: Հանդիպման մասին նա գրել է Twitter-ում ու կցել լուսանկար, որից ենթադրելի է, որ համանախագահները հրավիրվել են Անկարա: «ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», - գրել է Մևլութ Չավուշօղլուն, որ փաստացի ուլտիմատում է Մինսկի խմբին:
Հանդիպման բուն փաստը, իհարկե, մեծ անակնկալ չէ: Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, առիթով ու անառիթ թուրք պաշտոնյաները՝ նախագահից ԱԳ նախարար ու այլք, նման հայտարարություններ նախկինում էլ արել են: Հայտարարության բովանդակությունն էլ անակնկալ չէ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Բաքվի իմացած միակ սկզբունքն է, ու Անկարան երբեք չի թաքցրել, որ Բաքվի կողքին է այս հարցում: Անակնկալը հանդիպման պահն է:


Առաջին հերթին՝ Էրդողանի փետրվարի 25-ին Բաքու այցից հետո: Երկրորդ հերթին՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո: Երրորդ հերթին՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների սրումից հետո: Իվերջո՝ ի՞նչ կա Անկարայի մտքին և ի՞նչ ճանապարհներով է փորձում միմյանց կապել Իդլիբն ու Արցախը:
Իդլիբի հարցը քննարկելու համար Էրդողանը փորձում էր բազում ձևաչափեր՝ սկսած ՆԱՏՕ-ից, որտեղ չստացավ ակնկալած արդյունքը: Հետո՝ Մերկել-Մակրոն-Պուտին, բայց դա էլ հաջողություն չունեցավ: Մերկելն ու Մակրոնը պատրաստ էին Անկարա գնալ, Պուտինը՝ ոչ: Առավելևս որ Գերմանիան բացահայտորեն Իդլիբի կոնֆլիկտում մեղադրում է Ռուսաստանին: Էրդողանը փորձեց Իդլիբի կոֆլիկտ ներքաշել նաև ԱՄՆ-ին, Պետդեպարտամենտը Էրդողանին աջակցող հայտարարություններ անում է, բայց Պենտագոնը դեմ է Թուրքիա-Սիրիա սահմանին «Պետրիոտների» տեղակայմանը: Հիմա Էրդողանի աշխատակազմը հայտարարում է, որ մարտի 5-ին նա մեկնելու է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման: Թեև Մոսկվան ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը: Ի՞նչ է ուզում Էրդողանը Պուտինից՝ չմիջամտել իր ու Ասադի բանակների կռվին, Իդլիբում տեղակայել թուրքոմաններին ու հետագայում Իդլիբի նահանգն անջատել Սիրիայից, պահպանել վերահսկողությունը Սերակիբի և Մ-4 ու Մ-5 ավտոմայրուղիների վրա՝ թույլ չտալով, որ Ասադի ուժերը վերականգնեն երթևեկությունը Սիրիայի ամբողջ տարածքով: Էրդողանի հիմնական նպատակը նաև Սիրիայի տարածքում քրդերի ինքնավարության ստեղծմանն արգելելն է: Այս օրակարգը հաստատ Պուտինի օրակարգը չէ, նա չի կարող ձեռնունայն հեռանալ Սիրիայից, ու Էրդողանը դա գիտի: Ի՞նչ է նա ուզում առաջարկել Պուտինին, որ Սիրիայից հեռանա: Եվ ինչու՞ է Չավուշօղլուն երկրորդ ճակատ բացում Արցախի հարցով՝ ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առևտրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տրամաբանական է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին հայտարարություն անեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առավելևս՝ Թվիթերում նրա գրառումից ու լուսանկարի հրապարակումից հետո: Հանդիպում, որ չի տեղավորվում բանակցային գաղտնիքի շրջանակներում:

Դիտվել է՝ 5962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ