Աշխարհում բախտորոշ իրադարձությունները ծավալվում են սրընթաց կերպով
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի լույս 4- ի գիշերը դադարեցրել է ամբողջ ռազմական օգնությունն Ուկրաինային: Խոսքն ամերիկյան զինանոցներից արդեն իսկ պլանավորված մատակարարումների դադարեցման ու նույնիսկ ճանապարհներին գտնվող ռազմական օգնությունը կանգնեցնելու, հետ վերադարձնելու մասին է:
ԱՄՆ- ն արգելակել է զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային, ընդ որում, Բայդենի, ԱՄՆ- ի նախկին նախագահի վարչակազմի կողմից այդ նպատակով նախատեսված սպառազինության նոր մատակարարումների ֆինանսավորումը դադարեցվել է դեռ ավելի վաղ՝ Թրամփի վարչակազմի կողմից շաբաթներ առաջ օտարերկրյա օգնության սառեցման շրջանակում։ Սպիտակ տանը Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից և առճակատումից հետո որոշվել է դադարեցնել նաև հատկացված միջոցներով արդեն իսկ ձեռք բերված զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի մատակարարումը:
Սպիտակ տունը երեկ խորհրդակցություն է անցկացրել, հանդիպման գլխավոր թեման եղել է մատակարարումները դադարեցնելու հարցը՝ մատակարարումները կրճատելու լիազորությունների հիման վրա։
Ինչպես հայտարարել էր Թրամփը, ԱՄՆ- ը չի հանդուրժի Զելենսկու սարսափելի հայտարարությունները: Ասաց ԱՄՆ- ի նախագահը և իր խոսքի տերն եղավ: Այո, ԱՄՆ- ը դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը:
Օգնությունը կդադարեցվի, քանի դեռ Կիևը չի փոխել Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը չի համոզվել, որ Կիևը լուրջ հավատարմություն է ցուցաբերում խաղաղ բանակցություններին. այս մասին, «Аргументы и факты»– ի փոխանցմամբ, հայտնել է «Fox News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահը փաստացի «կծել է իրեն կերակրող ձեռքը»՝ լեզվակռվի մեջ մտնելով ԱՄՆ- ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ- ի բնակիչներն ավելի ու ավելի են հոգնում Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆինանսավորումից։
Հիշեցնենք, որ փետրվարի 28- ին Զելենսկին ժամանել Էր Սպիտակ տուն՝ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար: Բայց իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփը և Զելենսկին վիճաբանություն են սկսել հակամարտության մեջ Ուկրաինայի դիրքի և Զելենսկու կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկության բացակայության պատճառով:
«ԱՄՆ- ն դադարեցնում է Ուկրաինային ընթացիկ ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի որոշել, որ երկրի ղեկավարները բարեխիղճ նվիրվածություն են ցուցաբերում խաղաղությանը»,- Ura.ru- ի փոխանցմամբ , գրել է «Bloomberg»- ը՝ հղում անելով իր աղբյուրներին: ԱՄՆ- ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի տեղեկատվության համաձայն, ամբողջ օգնությունը կդադարեցվի, այդ թվում՝ այն սպառազինության, որը տեղափոխվում է ինքնաթիռներով և նավերով կամ սպասում է Լեհաստանի տարանցիկ գոտիներում:
Ավելի վաղ Թրամփը 90 օրով դադարեցրել էր ԱՄՆ- ի կողմից արտասահմանյան ողջ օգնությունը, այդ թվում՝ Ուկրաինային։ Տվյալ որոշումից, որը մեծ դժգոհություն է առաջացրել Կիևում, մեկ շաբաթ անց Թրամփը մասնակիորեն չեղարկել է այն՝ թույլ տալով շարունակել կենսական անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրումը:
Սպիտակ տունը, Ura.ru- ի փոխանցմամբ, արդեն հաստատել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման վերաբերյալ ԶԼՄ- ների հրապարակած տեղեկատվությունը: Այս մասին հայտնել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը։
CNN հեռուստաընկերությունը մեջբերել է Սպիտակ տան ներկայացուցչի խոսքը.
«Նախագահը հստակ հասկացրել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այդ նպատակին։ Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը, որպեսզի համոզվենք, որ այն նպաստում է հակամարտության լուծմանը»:
Ինչպես տեղեկացնում են օտարերկրյա ԶԼՄ- ները, Թրամփի կարգադրությունները վերաբերում են «կրիտիկական կարևոր զինամթերքին, հարյուրավոր կառավարվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին և հակատանկային զենքերին», ինչպես նաև զրահատեխնիկային:
Ինչպես հայտնել է «New York Post»- ը, Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցումը վերաբերում է նաև Եվրոպայում գտնվող սպառազինությանը:
«Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին տվել է հրաման, որը դադարեցնում է ամերիկյան բոլոր ռազմական սարքավորումների ուղարկումը, որոնք դեռ չեն գտնվում Ուկրաինայում, ներառյալ սպառազինությունը Եվրոպայի տարածքում»,- «РИА Новости»- ի փոխանցմամբ, նշված է «New York Post»- ի հրապարակման մեջ:
Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այժմ ԱՄՆ- ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման վերաբերյալ շատ տարբեր տվյալներ են ստացվում, բայց եթե դրանք ճիշտ են, ապա դա «լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»:
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ամբողջ ռազմական օգնության դադարեցումը, եթե դա համապատասխանում է իրականությանը, կարող է Կիևին դրդել խաղաղ բանակցությունների. այս մասին, РБК- ի փոխանցմամբ, հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
«Անշուշտ, դեռ պետք է իմանալ մանրամասները։ Բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա որոշում է, որն իսկապես կարող է Կիևի վարչակարգին դրդել խաղաղ գործընթացի»,- ասել Է Պեսկովը։
Հարցին, թե Մոսկվան շարունակո՞ւմ է կարծել, որ ԱՄՆ- ից Կիևին զենքի մատակարարումները դադարեցնելու դեպքում հակամարտությունը կարճ ժամանակում կդադարեցվի, Պեսկովը պատասխանել է. «Մենք տեսնում ենք, որ որոշ եվրոպական երկրներ հայտարարում են, որ կշարունակեն համակողմանի օգնություն ցուցաբերել։ Այսինքն ՝ նրանք ինչ- որ կերպ, հավանաբար, կփորձեն փոխհատուցել զինամթերքի և մնացած ամեն ինչի դուրս մղվող ծավալները։ Բայց, իհարկե, ամենակարևոր ծավալը, այնուամենայնիվ, մինչ այժմ ստացվել է Միացյալ Նահանգներից և Միացյալ Նահանգների ալիքներով: Ուստի տեսնենք»։
Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահ չէ կարճ ժամանակում հակամարտության դադարեցման հարցում, քանի որ Եվրոպան պատրաստվում է հնարավոր ամեն ինչ անել պատերազմը շարունակելու համար՝ անտեսելով նույնիսկ, որ այն կարող է վերածվել Երրորդ համաշխարհայինի շատ- շատ տաք փուլի:
Արթուր Հովհաննիսյան