1973-ի արաբաիսրայելական պատերազմի ժամանակ ո՞ր երկիրն էր Իսրայելի ամենամոտ դաշնակիցներից մեկը և նրան 25 ինքնաթիռ նվիրողը: Վստահ եմ՝ այդ մասին քչերը գիտեն:
Այդ երկիրը մեր հարևան Իրանն էր, որն այսօր Իսրայելի ամենամեծ թշնամին է համարվում: Մինչև իսլամական հեղափոխությունը Իրանն ու Իսրայելը դաշնակիցներ էին, միասին նավթամուղ կառուցեցին, զանազան տնտեսական ու քաղաքական ծրագրեր իրականացրին:
Իսրայելի մյուս կարևոր դաշնակիցը Թուրքիան էր: Էրդողանի իշխանության գալուց հետո այդ հարաբերություններն էլ վատթարացան:
Ինչի՞ համար եմ հիշեցնում այս փաստերը. որպեսզի մեկ անգամ ևս հանգիստ մտորենք, չլինենք ծայրահեղական ու գավառամիտ, ռուսամետ ու թուրքատյաց, հակասեմիտ ու հակառուս, արևմտամետ, լիբերալ ու հակագլոբալիստ: Որպեսզի հասկանանք՝ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում ու հաճախ կրկնվում է:
Լինենք պրագմատիկ, լինենք ինքնուրույն ու պետականամետ, քանզի պետությունն է թույլ տալիս որևէ ազգի ու ժողովրդի լինել միսիոներ, կատարել առաքելություն և փոխել աշխարհը:
Իսկ փոխելու բան շատ կա: Դեպի լավը:
Լինենք սթափ ու իրատես, չդառնանք խաղալիք ուրիշի ձեռքում:
Արա Արայան