Այս տարի ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի կամ էլ դադար կառնի տևական ժամանակ:
ՈՒկրաինան հետ չի ստանա կորսված տարածքները, ԱՄՆ-ը խաղաղապահ զորք չի տեղակայի ՈՒկրաինայում, իսկ վերջինս էլ ՆԱՏՕ մտնելու հեռանկար չի ունենա: Այս մասին երեկ հայտարարեց ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ը կգնա ռազմականացման ճանապարհով` ստիպված լինելով ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին:
Ինչ է նշանակում այս ամենը մեզ համար: Ադրբեջանը կհամոզվի, որ ուժի ճանապարհով կարելի է այլ պետության տարածքներ գրավել և պահել: Սա նշանակում է, որ հավանաբար հենց այս տարի Ադրբեջանը մեզանից նոր տարածքներ կտանի և նաև Սյունիքի վրա կաշխատի: Սա նաև նշանակում է, որ այս տարածաշրջանում, ինչպես նախորդիվ, որոշող կլինի Ռուսաստանը, իսկ եթե չուզենք նրանց, ապա` Թուրքիան: Իրանին Եվրոպան և Արևմուտքը մոտ չեն թողնի, հատկապես, որ ԱՄՆ-ը պատրաստվում է դիրքավորվել նաև Գազայում, և որի երկրորդային նպատակն է Իրանում իշխանափոխություն կազմակերպելը:
Այս համատեքստում, Հայաստանի ԵՄ գնալը, ինչպես նախորդիվ նշել եմ, կեղծ օրակարգ է, նախընտրական օրակարգ հայկական անգիտակից զանգվածի համար` լավ կյանքի խոստումով մնալ իշխանության, փոխարենը որևէ բան չտալ, հետո ասել՝ փորձեցինք, չեղավ: Այնինչ, ի սկբանե նույն այս քաղաքական խաղի տերերը` օրվա ռեժիմն ու դրա սպասարկուները գիտեն, որ ԵՄ-ը մեզ չի սպասում, խրված է սեփական խնդիրների մեջ, և Հայաստանը ոչ մի պարագայում չի կարող հավակնել անդամակցության:
Ինչ պետք է անի գիտակից հայը` կապում է խուրջինը ու հայդա ապահով ափե՞ր: Իսկ ինչ պետք է անի գիտակից հայը, ով ուզում է սեփական պետության մեջ ապրել` կենտրոնանում է քաղաքական գործընթացնրի վրա, միանում է քաղաքական խմբերի, մասնակցում է այդ խմբերի ուժեղացմանը, ոչ միայն փոքր տնտեական աջակցությամբ, այլ նաև սեփական ժամանակը տրամադրելով և մասնակցելով պայքարի տարբեր գործընթացների:
Ոչինչ չանելն ու սպասելը հանցավոր անգործություն է դիտարկվելու ձեր իսկ կողմից շատ մոտ ապագայում:
Ինչ ենք անելու, նախ պարտավոր ենք ազատվել թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող, ասել է թե` դավաճան ռեժիմից: Այնուհետ պարտավոր ենք հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ` հիշելով, որ տարածաշրջանում որոշիչ դերը Ռուսաստանինն է, ուզենք, թե չուզենք:
Մեր ներքին ռեսուրսների աղետալի վատնմանը պարտավոր ենք դադար տալ, պարտավոր ենք վերախմբագրել ամբողջ պետական համակարգը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները: Սրանք ներկայում աշխատում են հայկական պետության դեմ՝ վատնելով մեր սուղ ռեսուրսները:
Ինքս պատրաստակամ եմ գաղափարակից անհատների և խմբերի հետ պայքարի և պետականաշինության գործընթացի ակտիվ մասնակից դառնալ: Պարտավոր ենք խոսքերից ակտիվ գործողությունների դիմել: Բավ է վախենալ պատասխանատվություն ստանձնելուց:
Հովհաննես Ավետիսյան