ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Գոյության մրցակցային պայքարն ավելի ու ավելի է պատվում կեղծ հումանիստական շղարշով

Գոյության մրցակցային պայքարն ավելի ու ավելի է պատվում կեղծ հումանիստական շղարշով
08.02.2025 | 07:05

Մարդկային քաղաքակրթության առաջընթացի հետ միասին գոյության մրցակցային պայքարը եղել է, մնում է և կլինի ուժային:

Երկրագնդի վրա մարդկանց թվի աննախադեպ աճի պայմաններում այդ պայքարը ավելի ու ավելի մասշտաբային բնույթ է ստանում, որի վկաները առաջին և երկրորդ աշխարհամարտերն են և ներկայի գերլարված միջազգային հարաբերությունները:

Մարդկանց միջև գոյության պայքարի մաքուր ուժային բնույթի մյուս կարևոր վկան նրանց կողմից մեկը մյուսին ոչնչացնելու զինատեսակների դինամիկան է՝ նախնական քար ու փայտից սկսած, մինչև ժամանակակից և այն էլ բուռն զարգացող, մասսայական ոչնչացման զինատեսակները:

Ուրիշ բան է, որ գոյության մրցակցային պայքարը, էությամբ ու բովանդակությամբ մնալով մաքուր ուժային, իր արտահայտման ձևերով ավելի ու ավելի է պատվում կեղծ հումանիստական շղարշով:

Ասում էր, չէ՞, երջանկահիշատակ Գուրգեն Մահարին՝ հում..., հում..., հումանիզմ:

Գոյության անզիջում պայքարի մյուս բնութագրական գիծն ու ուժեղացող տենդենցը պայքարն է ռեսուրսների համար, որտեղ ռեսուրս ասածն էլ ունի իր ներքին դինամիկան:

Եթե առաջներում դա պայքարն էր բնական ռեսուրսների, տարածքների ու պարզունակ հարստություննրի համար, ապա ներկայում դրանց վրա ավելացել են կրթությունը, գիտելիքն ու տեխնոլոգիաները:

Այդ ամենն էլ կառավարվում է կազմակերպական ու գաղափարական միջոցներով և ապրելու բնական ու բնազդական ձգտումով:

Եվ վայն եկել ու տարել է նրան, ով նման մրցակցային պայմաններում բնական ռեսուրս, կրթություն, գիտելիք ու տեխնոլոգիաներ չունենալու հետ միասին ուրիշների խաղալիքն է նաև կազմակերպական ու գաղափարական առումներով:

Այդ ամենն էլ մի կողմ, ամեն անգամ ինքնաոչնչացման բնազդով հաջողացնում է հայտնվել պտտվող ջրաղացաքարերի արանքում:

Աստված տվել, չի խնայել, ջրաղացի ջուրն էլ անպակաս է, գոյության պայքարի հեղեղն է պտտեցնում հզոր ջրաղացքարերը:

Իսկ պատմության ջրաղացքարերն էլ, իրար քսվելով չջարդվելու ու չմաշվելու համար, մշտապես կարիք ունեն աղացվողների, որոնց պակասն էլ նույն պատմությունը երբեք չի ունեցել և չունի:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ