Ես ավելի ընդարձակ եղա,
քան ծովը մեղքի`
ափերի վրա հիասթափության ավազների,
և իմ ոտնահետքերը
փուչ խեցիներ եղան,
ուր էլ չի ապրում, ավա՜ղ,
իմ հոգուց և ոչ մի թրթիռ,
և արձագանքում է
նրանց մեջ (միայն)
դատարկությունը զարհուրի:
Ա՜խ, ամեհի՛ իմ ոչ ինչ,
ես դնում եմ քեզ ականջիս
մի վերջին հույսով,
որ կլսեմ, դեռ կլսեմ
մի ծվծվոց, մի հեռավոր ուղերձ,
թե` մի՛ վհատվիր.
մի տեղ դեռ
զանգակներ են աճում:
Գնա՛ և նրանց ղողանջները
տեղավորի՛ր քո խեցիներում։
Գագիկ Սարոյան