Երբ մթնոլորտը հագենում է տգիտությամբ, հասարակության մեջ բոլոր տեսակի տխմարների ու տխմարությունների առաջ այլևս ոչ մի փակ ճանապարհ չի մնում։
Այդ պայմաններում համընդհանուր տգիտությունը հասարակական կյանքում դառնում է տխմարությունների համար հզոր պլատֆորմ։
Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած հզոր պլատֆորմ ծնում է իր հզորությանը համապատասխան վերնաշենք, տվյալ դեպքում համընդհանուր տգիտությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ծնում է տխմարությամբ հագեցած վերնաշենք։
Այսպիսի մթնոլորտում իրենց հրաշալի են զգում բոլոր տեսակի սրիկաները, կաշառակերները, բանսարկուները, շորթողները և հենց այսպիսի միջավայր-մթնոլորտում է, որ սովորական են դառնում տգետ մինիստրները, տգետ ակադեմիկոսները, տգետ ռեկտորները և մյուս կարևոր դիրք ունեցող տարբեր «մաստի» այլ տգետները։
Մեր հասարակության այսօրվա վիճակը հասկանալու համար պետք է առաջին հերթին գիտակցենք, որ այս առումով այն հսկայական փոփոխությունը, որն ունեցել է մեր ժողովուրդը անկախության սկզբից մինչև հիմա, մեզ է ներկայանում որպես մի հսկայական նախագիծ, որի սիստեմատիկ իրականացումը մեզ բերել է այս վիճակին։
Իսկ յուրաքանչյուր լուրջ նախագիծ ունենում է լուրջ ֆինանսավորում, լուրջ նպատակներ, պլաններ և այդ պլանները իրականացողներ։
Այդ նախագծի արդեն ձեռք բերած միջանկյալ արդյունքների շարքը, երկրում հասարակական կյանքը աստիճանաբար մեռցնելու ուղղությամբ, հնարավորություն է տալիս հետհաշվարկով (reverse engineering) պատկերացում կազմել դրա շատ լուրջ ֆինանսավորման, նպատակների, պլանների ու կատարողների մասին։
Եվ պետք է գիտակցենք նաև, որ նախագիծը դեռ ավարտված չէ և հուսանք, որ հակամարտ կողմերի խաչվող սցենարներում մեզ հետ կապված այս նախագիծը միակը չէ։
Պավել Բարսեղյան