ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Շարքային» շախմատ խաղացողը չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»

«Շարքային» շախմատ խաղացողը  չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»
01.02.2013 | 14:20

«ԲՀԿ-ն գնում է ինքնաոչնչացման, ինքնաջախջախման ճանապարհով: Այդ ճակատագրին են արժանանում նաև ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Նրանց դիրքորոշումը ոչ մի արդարացում չունի: Նրանք անգամ իրենց ընտրազանգվածին չուղղորդեցին: Սա այս ընտրությունների ամենամեծ ինտրիգն է: Թվում է` անտարբերություն, նեղացածություն կա, բայց քաղաքականության մեջ նման բաները չեն ներվում: Նրանք իրավունք չունեն իրենց ընտրազանգվածին անտեր թողնելու, չուղղորդելու»,- «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնի նախագահ ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆԸ` միաժամանակ ընդգծելով, որ եթե ԲՀԿ-ն ոչ հրապարակավ սատարում է Սերժ Սարգսյանին, ժողովրդավարության մասին չի խոսում: «Եթե Գագիկ Ծառուկյանն անընդհատ ասում է` ժողովուրդ, ես ձեր մասին եմ մտածում, ոչնչի կարիք չունեմ, պիտի բացահայտ գործի: Այսինքն, գործի ու խոսքի միջև բացարձակ համընկնման կետեր չկան: Այս կուսակցությունն ինքն իրեն ջարդեց ու դժվար թե կարողանա նորից թափ հավաքել ու արդարացման կետեր գտնել»,- հավելեց Մաղաքյանը:
Քարոզարշավին անդրադառնալով, ակումբի հյուրը նկատեց, որ այսօր Սերժ Սարգսյանը հիմնական մրցակից չունի, և ընտրությունն անցնելու է գործող նախագահի մեծ առավելությամբ: «Այս ընտրությունները մրցակցային չեն: Կարծես հավասար պայմաններ էլ են ստեղծված թեկնածուների համար, բայց «շարքային» շախմատ խաղացողը չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»,- ասաց բանախոսը` երկրում ստեղծված իրավիճակի համար մեղադրելով ժողովրդին` գործընթացներին մասնակցություն չցուցաբերելու համար:
Թեկնածուներից առանձնացնելով Հրանտ Բագրատյանին, Անանիա Մաղաքյանը նկատեց, որ գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ վերջինս խոսում է տնտեսագիտական տերմիններով, որը ժողովրդին հասկանալի չէ, պետք է մատչելի լեզվով խոսել: «Գյուղում ՀՆԱ-ից է սկսել խոսել: Տնտեսագետների 90 %-ին ասես` ձևակերպիր ՀՆԱ-ն ինչ է, չի կարողանա: Գյուղացուն ՀՆԱ ես ասում, ինչ իմանա, թե ինչ է: Վերջում մի մարդ ասաց` էդքանը հասկացանք, բայց ե՞րբ է մեր թոշակը բարձրանալու»,- ամփոփեց ակումբի հյուրը` առավել հետաքրքիր համարելով Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչությունը, որն էլ, ըստ նրա, երկրորդ տեղի հնարավոր հավակնորդն է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

>