Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Դատելով հայտարարության տեքստից՝ չի բացառվում, որ նախաքննության ավարտից հետո մարզպետը շարունակի պաշտոնավարել:
Գեթ մեկ անգամ կգործի՞ օրենքը, թե՞ ոչ: Քաղաքական մի շարք գործիչներ հնչեցրել են հոռետեսական կանխատեսումներ, որ, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ Սուրեն Խաչատրյանը կմնա անպատիժ, ավելին, չի կորցնի մարզպետի պաշտոնը:
irates.am-ը վերագրանցված ՀՀՇ անդամ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում մարզպետի հետագա պաշտոնավարման և պատժվելու հավանականության մասին:
«Ես հետևել եմ լուրերին, որ Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Ինձ թվում է, որ այս անգամ Սյունիքի մարզպետն իսկապես կտա հրաժարական, նրա հրաժարականը կընդունվի: Այդ հրաժարականը կլինի ոչ թե մարզպետի կամքով, այլ՝ հարկադրմամբ: Պարտադրանքն էլ կբխի ոչ թե արդարության վերականգնման ձգտումից կամ արդարադատության իրավաբանական կոնտեքստից, այլ՝ գոյություն ունի չարիքի մի պաշար, որն անցնելու դեպքում չի կարող մնալ անհետևանք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև` պատասխանատվության կենթարկվի՞ Սուրեն Խաչատրյանը տեղի ունեցած սպանության համար, թե՞ ոչ:
Կարեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Սյունիքի մարզպետը վաղուց պետք է ենթարկված լիներ պատասխանատվության, սակայն նա ժամանակին ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակել է պաշտոնավարել: Ըստ մեր զրուցակցի՝ ամեն լիմիտ ունի իր սպառվելու ժամանակը, և, քանի որ Հայաստանում ամեն ինչ լիմիտավորված է, բնականաբար լիմիտավորված է նաև օրենքները խախտելու իրավունքը:
«Երբ որևէ պաշտոնյա չափից դուրս է խախտում օրենքները ոտնահարելու իրավունքը, նա վաղ թե ուշ բռնում է Վարդան Ղուկասյանի, Սուրեն Խաչատրյանի ճանապարհը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ