Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արժեքների փոխանակումը տեղի է ունենում երկուստեք

Արժեքների փոխանակումը տեղի է ունենում երկուստեք
25.06.2013 | 00:33

irates.am-ի հարցազրույցը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մշակութային կցորդ ՇՈՆ Օ’ ՀԱՐԱՅԻ հետ:

-ԱՄՆ-ի դեսպանատունն իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր: Հանրապետության տարբեր քաղաքներում գործում են «Ամերիկյան անկյունները»: Ըստ Ձեզ, ԱՄՆ-ի ծրագրերն օգնե՞լ են, որ մեր հասարակությունը կարողանա հաղորդակցվել արևմտյան ժողովրդավարության արժեքներին:
-Իմ պատասխանն է` այո: Ինչպես «Ամերիկյան անկյունների», այնպես էլ ԱՄՆ-ի դեսպանատան գրադարանի, տարբեր կրթական ծրագրերի միջոցով մենք տարածել ենք այդ տեղեկատվությունը և հասել արդյունքների:
Ես կարող եմ ներկայացնել իմ աշխատանքն այստեղ: Ես եկել եմ երեք տարի առաջ, կնոջս և երկու երեխաներիս հետ: Արդեն լրացել է ժամկետը, և մենք պետք է գնանք: Աշխատանքն այստեղ հիանալի էր: Ես մշակութային կցորդ եմ, և այդ ծրագրերի միջոցով փորձել եմ կապ ստեղծել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Մեր աշխատանքի կարևոր մասն է փոխանակման ծրագիրը ուսանողների միջև: Փոխանակման ծրագրերը կարևոր են այն առումով, որ կարողանում են Հայաստանի և ԱՄՆ-ի երիտասարդների միջև ստեղծել փոխադարձ կապ:
-Ինչո՞ւ դադարեց գործելուց Մասկիի անվան փոխանակման ծրագիրը:
-Ամբողջ աշխարհում է փակվել այդ ծրագիրը, քանի որ այն շատ թանկ արժե: Մենք շատ քննարկումներ ենք ունեցել, աշխատել, որ պահպանվի «Մասկի» ծրագիրը, սակայն պարտվեցինք: ՈՒնենք այլ ծրագրեր։ Կա ծրագիր, որի գործունեությունը կապված է խորհրդարանի հետ: Մենք երիտասարդների ենք ուղարկում ԱՄՆ, որտեղ նրանք ունենում են հինգշաբաթյա աշխատանքային փորձաշրջան: ՈՒնենք ծրագիր, որը զբաղվում է օրենսդրական ոլորտի հետազոտությամբ: Այդ ծրագրում ներառում ենք կառավարությունում, հասարակական կազմակերպություններում աշխատող այնպիսի անձանց, որոնց աշխատանքն առնչվում է օրինաստեղծ գործունեությանը: Եվ, ելնելով տարբեր անձանց նախասիրություններից էլ, նրանց հինգշաբաթյա փորձաշրջանի ընթացքում կցում ենք տարբեր կազմակերպությունների, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես են իրենց ամերիկյան գործընկերներն աշխատում այդ հարցի շուրջ: Մենք նաև աշխատում ենք ավելի երիտասարդ խմբերի հետ, քոլեջներում, ավագ դպրոցներում սովորողների համար կազմակերպում ենք ամառային դպրոցներ ԱՄՆ-ում: Մեր փոխանակման ծրագրերը շարունակվում են, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Մենք աշխատում ենք նաև անգլերենի դասավանդման ոլորտում, փորձում ենք խթանել անգլերենի որակյալ ուսուցումը: Վերջերս այստեղ, դեսպանատան մարզադաշտում կազմակերպել էինք միջոցառում, որին մոտ 150 աշակերտներ էր մասնակցում: Դրանք այն երեխաներն էին, որոնք մասնակցում էին անգլերենի «Աքսելս» միկրոթոշակային ծրագրին: Այս ծրագրում ներառված են գյուղական բնակավայրերի երեխաներ. նրանք հիմնական դասերից հետո մասնակցում են լրացուցիչ դասերի, անցկացնում են անգլերենի ամառային ճամբարներ, և դա օգնում է, որ նրանք մրցունակ լինեն և կարողանան դիմել բուհերի ռոմանագերմանական բաժիններ, մասնակցեն փոխանակման այն ծրագրերին, որտեղ պահանջվում է անգլերենի լավ իմացություն: Այսպիսով կան փոխանակման ծրագրերը, անգլերենի դասավանդմանն ուղղված ծրագրեր: Եվ երբ ասում ենք շրջանավարտ, նկատի ունենք այն մարդկանց, որոնք մասնակցել են փոխանակման ծրագրերին, և այն մարդկանց, որոնք ԱՄՆ-ում ուսանել են իրենց միջոցներով: Մենք առանձին կազմակերպության միջոցով աջակցում ենք ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիային Հայաստանում: Այդ կազմակերպության միջոցով մենք փորձում ենք ստեղծել ցանց, որպեսզի միմյանց հետ կապի մեջ լինեն, տեղեկացված լինեն համաժողովներից, փոխանակեն տեղեկություն: Այդ ասոցիացիայի միջոցով մենք շրջանավարտների համար իրականացնում ենք նաև փոքր դրամաշնորհների ծրագիր: Դա թույլ է տալիս, որ նրանք 2000-3000 ԱՄՆ դոլարի շրջանակներում ստանան դրամաշնորհներ, որոնք համահունչ են դեսպանատան նպատակներին: Դա կարող է լինել ծրագիր` ուղղված հաշմանդամությանը, կամ ազատ, արդար ընտրություններին վերաբերող ծրագիր: Այդ ծրագրերի վերաբերյալ ներկայացվում են տարբեր առաջարկներ, մենք ընտրում ենք նրանք, որոնք համապատասխանում են ԱՄՆ-ի դեսպանատան պահանջներին: Մի օրինակ նշեմ. երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրով հայտ ներկայացրած մեկը փորձում էր ծրագիր իրականացնել հաշմանդամության վերաբերյալ: Նա աշխատում էր Գյումրիի «Ագաթե» ՀԿ-ի հետ: Այդ ծրագրի միջոցով նա փորձում էր օգնել այդ կազմակերպությանը, որպեսզի ստեղծեն երկլեզվյա նշանների բառարան, որտեղ նշանների միջոցով արտահայտվեին հայերենը և անգլերենը: Նպատակ կար նաև ցանց ստեղծելու խուլ ու համրերի միջև, որպեսզի նրանք կարողանան նշանների միջոցով խոսել: Շատ լավ գաղափար էր, և մենք դրամաշնորհների ծրագրի միջոցով աջակցեցինք: Մյուս ոլորտը տեղեկատվական ռեսուրսների, «Ամերիկյան անկյունների», գրադարանների միջոցով մեր ծրագրերի ներկայացումն է, մարդկանց հետ շփումները: Այս գարնանը ես Կապանի «Ամերիկյան անկյուն»-ում ներկայացրի ամերիկյան ջազ երաժշտությունը, որը շատ հաճելի էր: Եվ ամերիկյան անկյուններ մենք լուրջ դասախոսների ենք ուղարկում, որոնք խոսում են մշակութային գործընթացներից, քննարկումներ են կազմակերպում տեխնիկական հարցերի մասին և այլն: Հենց այս սենյակում մենք հաճախ հրավիրում ենք փոխանակման ծրագրերի մասնակիցներին. այն մարդկանց, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ում ձեռք բերած փորձառությունը` ինչ են տեսել, ինչ են լսել ու սովորել իրենց ոլորտում, իրենց աշխատանքում: Ընդհանուր առմամբ, մենք խրախուսում ենք, որ գրադարանները վերածվեն քննարկումների, բանավեճերի կենտրոնի: Մենք դա կոչում ենք քաղաքացիական կենտրոններ, որ գրադարանը չլինի մի վայր, որտեղից մարդիկ սոսկ գիրք են վերցնում:
-Հայաստանի տարբեր մարզերում, անգամ հեռավոր բնակավայրերում, այսօր կամավորները անգլերենի անվճար դասընթացներ են անցկացնում: Կցանկանայի իմանալ դրանց արդյունավետության մասին Ձեր կարծիքը:
-Ես այդ մասին մանրամասն խոսել չեմ կարող, քանի որ այդ աշխատանքներով զբաղվում են Խաղաղության կորպուսի կամավորները: Եթե չեմ սխալվում, Խաղաղության կորպուսն ունի 40-45 կամավորներ, որոնք Հայաստանի տարբեր մարզերում զբաղվում են անգլերենի ուսուցման հարցերով: Նրանք ապրում են հենց այդ բնակավայրերում, հայկական ընտանիքներում և իրենց գործունեությունն իրականացնում են երկու տարով: Մենք ևս աշխատում ենք Խաղաղության կորպուսի կամավորների հետ, խրախուսում ենք, որպեսզի նրանք հանդես գան դասախոսություններով նաև Կապանի, Գյումրիի, Վանաձորի «Ամերիկյան անկյուններ»-ում: Մենք հաճախ հրավիրում ենք նաև Խաղաղության կորպուսի կամավորների գործընկերներին, հայ ուսուցիչներին, որ իրենք էլ գան «Ամերիկյան անկյուններ» և կարողանան այդ ռեսուրսներից օգտվել: ՈՒրախությամբ ուզում եմ նշել, որ այս տարի Չարենցավանում բացելու ենք հինգերորդ «Ամերիկյան անկյունը»: Չարենցավանում կա շատ լավ գործընկեր գրադարան: «Ամերիկյան անկյունները» տեղակայված է գրադարաններում, նրան հատկացված է աշխատակից, իսկ անկյունները հագեցած են ամերիկյան նյութերով, անգլալեզու գրականությամբ: Մեզ այս հարցերում օգնում են Խաղաղության կորպուսի կամավորները, և մենք ուզում ենք, որ գրադարանները լինեն այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ ներգրավված կլինեն ընտանիքներով: «Ամերիկյան անկյուններում» նաև երեխաների համար են կազմակերպում ընթերցանության ժամեր: Սա օգնում է երեխաների շրջանում սեր սերմանելուն դեպի ընթերցանությունը, դեպի գրադարանը:
-Ամերիկյան տեսաբանների կարծիքով` քաղաքացիական հասարակության շարժիչ ուժը կրթված քաղաքացին է: Այս առումով ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունը քաղաքացիական հասարակության ձևավորման տեսանկյունից:
-Հոյակապ հարց տվեցիք: Եթե կարողանամ այդ հարցին տալ գոհացուցիչ պատասխան, ամենայն հավանականությամբ, կարժանանամ Նոբելյան մրցանակի: Մենք հավատում ենք, որ ժողովրդավարության պարագայում կարևոր է, որ մարդիկ կրթված լինեն, իմանան իրենց իրավունքները և հավատան, որ իրենք որոշումների կայացման հարցում ունեն ազդեցություն, դերակատարում: Եվ դա պետք է լինի ինչպես տեղական, համայնքային, մարզային, այնպես էլ հանրապետական մակարդակով: Մարդիկ ուշադրություն են դարձնում համազգային քաղաքականությանը, համապետական ընտրություններին, բայց շատ կարևոր է, որ ժողովրդավարությունն ապահովված լինի նաև համայնքներում, կազմակերպություններում, տեղական մակարդակով:
Մենք ունենք նաև ծրագիր, որի ուղղվածությունն ավագ դպրոցի աշակերտներն են: Աշակերտներն իրենց նախաձեռնություններն են առաջ քաշում` կապված բնապահպանական հարցերի հետ և այլն: Աշակերտները ոչ միայն իրենց առջև դնում են նպատակ, այլև որոշ հարցերով դիմում են իրենց համայնքի ավագանուն, համայնքապետին: Այս աշխատանքները ցույց են տալիս, որ աշակերտները կարող են ուսուցիչների, տնօրենների համար լինել արժեքավոր ռեսուրս: Եթե նրանք կարողանան օգտագործել աշակերտների ներուժը, դա կօգնի նաև, որ դպրոցը հոգա իր խնդիրները: Դուք հարցնում եք ազդեցության մասին, բայց ես այդ հարցին, թերևս, չկարողանամ պատասխանել: Առանձին դրվագներ, առանձին պատմություններ ես կարող եմ ներկայացնել: Ասենք` ինչ-որ մի բան արվել է, դրանից մյուսները ոգեշնչվել են և այլն, նման պատմություններ կարող եմ ներկայացնել, բայց սոցիոլոգիական ուսումնասիրություններ, թե ինչ արդյունքներ են տվել այդ աշխատանքները, չեմ կարող: Բազմաթիվ պատմություններ կարող ենք ներկայացնել, որ փոխանակման ծրագրերի մասնակիցները եկել են այստեղ և նոր գաղափարներ կյանքի կոչել:
-Իսկ ի՞նչ բնույթի, ի՞նչ ուղղվածությամբ ֆիլմեր են ցուցադրվում «Ամերիկյան անկյուններ»-ում:
-Նպատակը շատ պարզ է: Մենք այդ ֆիլմերի միջոցով ուզում ենք մարդկանց հրավիրել ԱՄՆ-ի դեսպանատուն, որ գան և հասկանան, որ իրենց ներկայությունն այստեղ ցանկալի է, մենք ողջունում ենք իրենց այցը: Մենք նաև ուզում ենք այստեղ աշխատող ամերիկացի դիվանագետների համար, որոնք մարդկանց հետ շփվելու մեծ հնարավորություն չունեն, առիթներ ստեղծել, որ նրանք հանդիպեն երիտասարդների հետ: Սա ամերիկացիների և հայերի միջև երկխոսություն ստեղծելու հեշտ ճանապարհ է: Ֆիլմերն ամենևին էլ ուղղված չեն դեսպանատան նպատակները լուսաբանելուն: Ով վարում է ֆիլմի հետ կապված քննարկումը, նա էլ ընտրում է ֆիլմը: Երբեմն ամերիկացի դիվանագետը կարող է ընտրել քաղաքական ուղղվածությամբ ֆիլմ, որն անդրադառնում է որոշակի հարցերի, օրինակ` կանանց իրավունքներին վերաբերող կամ ժողովրդավարության հարցերին անդրադարձող: Մեկ այլ ֆիլմ, օրինակ, կարող է ներկայացնել ԱՄՆ-ը, ամերիկյան երաժշտությունը, կամ` կարող են ֆիլմում լինել Չիկագոյից դրվագներ:
Մի քանի խոսք էլ մշակութային ծրագրերի մասին: Վերջին մի քանի տարում մենք համագործակցում ենք Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի հետ: Նրանք մեզ առաջարկեցին ամերիկյան ֆիլմերի երաժշտությունը ներկայացնել հայ հանդիսատեսին: Հիմնավորումն այն էր, որ այդ երաժշտությունը սիրված է: Մենք էլ օգնեցինք նրանց այդ համերգաշարը կազմակերպելու հարցում, համերգաշար, որը կոչվում էր «Հոլիվուդ նոն ստոպ»: Եվ այդ նախաձեռնության շրջանակներում նրանք ամերիկյան ֆիլմերի երաժշտությունը ներկայացրին ութ համերգասրահներում, Երևանից դուրս, ինչպես նաև` «Արամ Խաչատրյանի» համերգասրահում: Վերջերս մենք մի ծրագրով աշխատեցինք «Նարեկացի» արվեստի միության հետ: Եվ այս միջոցառումը Մերձավոր Արևելքի պատմության ներկայացումն էր: 1915-1921 թթ. Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի ջանքերով աջակցություն էր ցուցաբերվել հայ որբերին, և արդյունքում 132 որբերի հաջողվել էր փրկել: Արխիվային լուսանկարների ցուցադրություն էր Երևանում, Գյումրիում, միջոցառումներն անցկացվեցին մայիսին: Կարծում եմ` Ազգային պատկերասրահում այդ լուսանկարների ցուցադրությունը դեռևս շարունակվում է և հետաքրքրության դեպքում կարող եք այցելել և դիտել: Ամերիկյան պարային մի խումբ, որը Հայաստան ժամանեց, Հայաստանի բալետի հետ հանդես եկավ համատեղ ներկայացմամբ: Շատ հետաքրքրական էր բեմին տեսնել հայ և ամերիկացի պարարվեստի ներկայացուցիչների: Եվ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունն էլ ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք նույն կերպ համագործակցել Հայաստանի հետ նաև մյուս ոլորտներում:
-Իսկ այդ ամենն ինչո՞վ է նպաստում, որ Հայաստանում ձևավորվի նոր քաղաքական մշակույթ:
-Հուսով ենք, որ նպաստում է, քանի որ այդ ծրագրերի մի մասի նպատակը հայերի և ամերիկացիների միջև կապի ամրապնդումն է: Եվ երբ մենք տեսնում ենք մասնագիտական կապեր, շփումներ բիզնեսի, կրթության, գիտության, կրոնական կազմակերպությունների և այլ ոլորտներում, ապա կարծում եմ, այս ամենը շատ նպաստավոր է երկուստեք: Փոխանակման ծրագրերն օգնում են միմյանց լավ հասկանալուն, և այդ ծրագրերի մասնակիցները մեզ համար կարևորագույն գործընկերներ են: Նույն կերպ այն ամերիկացիները, որոնք գալիս, այստեղ հետազոտական աշխատանքներ են իրականացնում, ԱՄՆ վերադառնալով դառնում են ՀՀ-ի յուրօրինակ դեսպանները: Հարաբերություններ ձևավորելու համար պահանջվում են երկարաժամկետ ներդրումներ: ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ժամանակի ընթացքում էլ ավելի կսերտանան:
Դո՞ւք ինչ եք կարծում:
-Ես նույնպես այդ կարծիքին եմ: «Երկաթե վարագույրի» անկումից հետո մենք հնարավորություն ենք ստացել մոտիկից ծանոթանալու արևմտյան ժողովրդավարությանը, արժեքներին, շատ բաներ մեզ համար թափանցիկ ու մատչելի են դարձել:
-Ես վերջերս առիթ ունեցա զրուցելու փոխանակման ծրագրերի մի մասնակցի` Ալեքսի հետ, որը մեկնել էր ԱՄՆ` օգնելու աշխատանքների կազմակերպմանը: Նա այնտեղ գտնվելու ընթացքում զրուցել էր ամերիկացի մի պրոֆեսորի հետ, և այդ պրոֆեսորը նրան ծանոթացրել էր իր հոր հետ: Ալեքսը իր ուրախությունն էր հայտնել, որ որդին այդքան ջերմ հարաբերություններ ունի հոր հետ, իսկ պրոֆեսորն ասել էր, որ աշխատել է կովկասյան երկրներում և կարողացել է ինչ-որ բաներ սովորել: Նա ասել է, որ ծնող-զավակ հարաբերությունները ձեռք է բերել միջազգային փորձառության ընթացքում: Արժեքների փոխանակումը տեղի է ունենում երկուստեք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ