Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Աջակցում ենք, որի Հարավային Կովկասի երկրները մերձենան Եվրոպային»

«Աջակցում ենք, որի Հարավային Կովկասի երկրները մերձենան Եվրոպային»
26.06.2013 | 16:18

Այս օրերին Երևանում է գտնվում Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգան: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:

-Տիկին Աթիլգա, երբվանի՞ց է հիմնադրամը գործում Հայաստանում, ի՞նչ ծրագրեր եք իրականացրել և առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնելու:
-Մեր ծրագիրը տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որն իրականացնում ենք Հարավային Կովկասում: Մենք թեև գրասենյակ չենք ունեցել, սակայն, սկսած 2003 թվականից, իրականացնում ենք տարբեր նախագծեր Հայաստանում և Հայաստանի հետ: 2007 թվականից Հարավային Կովկասում ներկայացված ենք մշտական գրասենյակով, իսկ 2008 թվականից ունենք մեր գրասենյակը նաև Հայաստանում: Մենք այդ տարիներին սկսեցինք ակտիվացնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աշխատանքիարը Հարավային Կովկասում: Աշխարհագրական տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները` Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն մեծ նշանակություն, քանի որ գտնվում են Եվրոպային մոտ: Եվ հենց դրա համար էլ Եվրոպան ձգտում է այս տարածաշրջանում հաստատել կայունություն, անվտանգություն և նպաստել տնտեսության զարգացմանը: Համագործակցության մյուս նախապայմանն այն է, որ սրանք հետխորհրդային երկրներ են և գտնվում են փոխակերպումների շրջանում: Այս երկրները, լինելով հետխորհրդային, միաժամանակ ընտրել են զարգացման եվրոպական մոդելը, որը վերաբերում է թե՛ ժողովրդավարացմանը, թե՛ տնտեսության զարգացմանը: Քաղաքական տեսանկյունից մենք աջակցում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստում են ժողովրդավարության, ազատ շուկայական հարաբերությունների զարգացմանը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մենք նպաստում ենք այդ երեք երկրների` Եվրամիության ինստիտուտներին ինտեգրվելուն, այսինքն` Եվրոպային մերձեցմանը:
-Ո՞ր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ է համագործակցում ձեր հիմնադրամը:
-Մենք համագործակցում ենք բոլոր այն կուսակցությունների հետ, որոնց գաղափարները համահունչ են մեր դավանած արժեքներին: Մեր հիմնադրամը գաղափարապես մոտ է կանգնած Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությանը: Մենք ոչ մի կուսակցության չենք ցուցաբերում ֆինանսական աջակցություն, աջակցում ենք, որ երկրում լինի բազմակուսակցական համակարգ, և դա նպաստի երկրում բազմակարծության ապահովմանը: Մենք նպաստում ենք կուսակցությունների կառուցվածքային զարգացմանը, կազմակերպում ենք դասընթացներ, որոնք ուղղված են տվյալ կուսակցության ծրագրերի մշակմանը, մասնակիցների փորձի ձեռքբերմանը: Հետաքրքրված ենք նաև կուսակցական աշխատանքներում կանանց մասնակցությամբ և ներգրավմամբ: Մենք աջակցում ենք նաև, որ կուսակցությունները հանդես գան նոր ծրագրերով, իսկ երիտասարդ քաղաքական գործիչներն էլ ակտիվություն ցուցաբերեն: Օրինակ, եթե մի թեմա ենք վերցնում` «Եվրոպական ինտեգրացիա», ապա դա երիտասարդների միջոցով ավելի հեշտ է հասանելի դարձնել հանրությանը:
-Դուք միայն կուսակցությունների՞ հետ եք համագործակցում, թե՞ նաև կրթական, մշակութային ծրագրեր եք իրականացնում:
-Մեզ համար ցանկացած հասարակական կազմակերպություն պոտենցիալ գործընկեր է, եթե նրա առաջնահերթությունները համընկնում են մեր ծրագրերի առաջնահերթություններիի: Մենք չունենք անսահմանափակ միջոցներ ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ աշխատակազմի, այդ պատճառով էլ չենք կարող իրականացնել ծրագրեր նաև Ձեր նշած ոլորտներում:
Մենք ծրագրեր ենք իրականացնում նաև լրագրողների հետ, սակայն քանի որ հնարավորությունները սուղ են, դրանք իրականացնում ենք ինտենսիվ դասընթացների միջոցով, տարին մեկ անգամ: Մշակույթի հարցերով մենք չենք զբաղվում: Մշակույթ ասելով մենք հասկանում ենք արվեստ, երաժշտություն, իսկ այդ ծրագրերն աջակցություն են ստանում Գյոթեի ինստիտուտի և DAAD-ի կողմից:
-Գերմանիայի հետ Հայաստանն իրականացնում է բազմաթիվ փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին, շրջանավարտներին, գիտնականներին ուսանելու, կատարելագործվելու Գերմանիայում: Ինչո՞վ է դա նպաստել փոխճանաչողությանը, արժեքների փոխանակմանը:
-Կրթությունը հասարակությունը վերափոխելու հիմքն է: Ավարտվեց մի ծրագիր, որը երեք տարի շարունակ ՀՀ ԿԳՆ-ի հետ իրականացնում էինք դպրոցներում: Այդ ծրագիրը կոչվում էր «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» և վերաբերում էր ժողովրդավարական մտածելակերպի զարգացմանը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն իրականացնում է նաև կրթաթոշակային ծրագրեր: Մեր համագործակցության ընթացքում մենք հանձնում ենք նաև sur-place կրթաթոշակներ, որի դեպքում կրթաթոշակակիրը իր ուսումն անցկացնում է ոչ թե Գերմանիայում, այլ իր երկրում, կամ հարևան հանրապետությունում` Վրաստանում:
-Իսկ ժողովրդավարացմա՞ն առումով ինչ են տալիս այդ փոխանակման ծրագրերը:
-Մենք իրականացնում ենք ճանաչողական և երկխոսությանը նվիրված այցեր դեպի Գերմանիա, որոնք փոխճանաչողության նպատակ ունեն: Գերմանական կողմից ոչ բոլորն են ճանաչում Հայաստանը, քանի որ այն փոքր երկիր է: Այդ այցելությունների ժամանակ Հայաստանի և Գերմանիայի պատգամավորները, օրինակ, կարող են ավելի սերտացնել համագործակցությունը: Հանդիպումների ընթացքում նրանք կարող են քննարկել, օրինակ, երկու երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Մենք իրականացնում ենք նաև ուսուցողական հագեցած ծրագրեր, որոնք վերաբերում են կանանց դերին կամ ներկայացնում են, թե ինչպես են անցնում ընտրությունները Գերմանիայում: Դրանք, կարծում եմ, բավականին օգնում են` պատկերացում կազմելու ժամանակակից Գերմանիայի մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ