Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պայքարի ռեալ ճանապարհը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն է»

«Պայքարի ռեալ ճանապարհը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն է»
17.07.2013 | 14:28

irates.am-ի հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ՀՈԿՏԱՆՅԱՆԸ:


-Պարոն Հոկտանյան, «ԹԻ» կազմակերպությունը պարբերաբար զբաղվում է կոռուպցիայի ընկալման խնդիրներին վերաբերող ուսումնասիրություններով: Դատելով այդ ուսումնասիրությունների արդյունքներից՝ ո՞ր տեղում է այսօր Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում:
-Կոռուպցիան ոչ միայն սոցիալական երևույթ է, այլև՝ հանցագործություն: Այդ իսկ պատճառով էլ կոռուպցիան փորձում ենք գնահատել կոռուպցիայի ընկալմամբ: Հայտնի միջազգային կազմակերպությունները պարբերաբար անցկացնում են հարցումներ փորձագետների և գործարարների շրջանում: 176 երկրների ցուցակում կոռուպցիայի ընկալման 34 համաթվով Հայաստանը զբաղեցնում է 105-ից 112-րդ տեղը: Իսկ այս թիվը ցույց է տալիս, որ իրավիճակը վատ է Հայաստանում: Եթե համեմատում ենք նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրների հետ, մեզնից ավելի բարվոք վիճակում գտնվում են Վրաստանը, Մոլդովան, Մերձբալթյան երկրները: Ուկրաինայում վիճակը վատ է: Ամենալավ վիճակում են գտնվում Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան: Արևելյան Եվրոպայի երկրներից լավագույն վիճակում է գտնվում Էստոնիան (կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմում է 64), Լիտվան`՝54, Վրաստանը՝ 52, Թուրքիան՝ 49, Մոլդովան՝ 36: Ռուսաստանում վիճակն ավելի վատ է այս առումով (կոռուպցիայի ընկալման համաթիվը 28-ն է):
Եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա կոռուպցիայի ընկալման համաթվով լճացման վիճակ է տիրում Հայաստանում:
-Իսկ որո՞նք են ամենակոռումպացված ոլորտները Հայաստանում:
-Այդ ուսումնասիրություններն անց է կացնում «Գելափ ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ իրեն տրված պատվերի շրջանակներում: Հարցումն անց է կացվում հարցաթերթիկով, որը մեր կազմակերպության մշակած հարցաթերթիկն է: Իսկ հարցումը մենք չենք անցկացնում, որպեսզի մեզ չմեղադրեն սելեկտիվ ընտրության մեջ: Որպես առավել կոռումպացված հաստատություններ Հայաստանում ընկալվում են դատական համակարգը, պետական պաշտոնեությունը և առողջապահության համակարգը: Նախորդ հարցումների ժամանակ` 2010-ին, Հայաստանում ամենակոռումպացված ոլորտը ընկալվում էր կրթության համակարգը, սակայն հիմա այդ ոլորտում նկատվում է որոշակի առաջընթաց:
-Ըստ Ձեզ՝ որո՞նք են կոռուպցիայի արտահայտման խորքային պատճառները՝ մտածողությու՞նը, որը եկել է խորհրդային ժամանակներից, ավանդույթնե՞րը:
-Խնդիրն այն է, որ մեր երկրում չեն իրականացվել գիտական հետազոտություններ: Կարող եմ ասել, որ թե՛ մշակութային ավանդույթներն են դեր խաղում, թե՛ տվյալ երկրի անցյալը, թե՛ պետականություն ունենալ-չունենալը, թե՛ քաղաքական համակարգը, որը գործում է տվյալ երկրում: Էական գործոն է հասարակության ակտիվությունը, այն փաստը, թե որքանով է նա պատրաստ պայքարելու կոռուպցիայի դեմ: Շատ կարևոր է անհատի դերը, թե որքանով է պատրաստ նա պայքարելու կոռուպցիայի դեմ, որքանով է պատրաստ հայտնելու կոռուպցիոն փաստերի մասին: Մեր հարցումները ցույց են տալիս վատ արդյունքներ. ընդամենը 38 տոկոսն է պատասխանել, որ անհատը կարող է դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, միայն 43 տոկոսն է պատրաստ պայքարել: Իսկ այդ ամենը անտարբերության հետևանք է:
-Կոռուպցիոն երևույթները դրսևորվում են նաև հասարակական այն շերտերում, որոնք, թվում է, կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ: Դրանք են՝ տարբեր քաղաքական կուսակցություններ, հասարակական, իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք, ներգրավվելով ընտրական գործընթացներում, աչք են փակում ընտրախախտումների, կեղծիքների և բռնությունների վրա: Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում չէ՞, արդյոք:
-Շատ ճիշտ եք: Դրանք հենց քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ են: Այդ ամենը պահանջում է ավելի լուրջ ուսումնասիրություն: Այն, ինչ մենք կարող ենք անել մեր ուժերով, իրավիճակը ցույց տալն է, ցույց տալ այն միտումները, որոնք հանգեցնում են լուրջ խնդիրների: Ես լուրջ խնդիր եմ համարում մոնոպոլացումը, որը կա թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական դաշտում:
Կա այսպիսի մտայնություն. եթե ժողովուրդը լավ ապրեր, իր ձայնը չէր վաճառի: Սակայն հենց կոռուպցիան, ձայնը վաճառելը չե՞ն հանգեցնում նրան, որ մենք դուրս չենք գալիս աղքատության ճիրաններից: Աղքատությունը չի գալիս խայտառակ ընտրություններից, գալիս է մոնոպոլացումից, անկախ դատական համակարգ չունենալուց: Ամենատհաճ երևույթը քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումն է, երբ պետական պաշտոնյա են դառնում հարստանալու համար՝ չունենալով համապատասխան կոչում: Բյուրոկրատ լինելն էլ է աստվածային շնորհ: Կան բյուրոկրատիայի գերմանական, անգլոսաքսոնական մոդելները: Այն մոտեցումը, որ բյուրոկրատը պետք է ծառայի քաղաքացուն, մեր երկրում չի գործում: Եվ, բնականաբար, ամենակոռումպացված համարվող ոլորտներից մեկն էլ պետական պաշտոնեության ոլորտն է:
Պատահում է, որ կաշառակերությունն ու կոռուպցիան նույնացվում են: Իրականում կաշառակերությունը կոռուպցիայի դրսևորումներից մեկն է:
-Ժամանակ առ ժամանակ իշխանությունները հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի, դրա անհրաժեշտության մասին, դրամաշնորհներ են ստանում դրա համար: Կարո՞ղ են այդ հայտարարությունները հավատ ներշնչել քաղաքացուն, երբ իրական կյանքում բախվում է այլ երևույթների, երբ այդ հայտարարություն անողներն իրենք կոռումպացված են:
-Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը նախագահում է վարչապետը, ի պաշտոնե ընդգրկված են դատախազը, ՀՔԾ պետը, արդարադատության նախարարը: Տարեկան մեկ-երկու անգամ նրանք ի պաշտոնե հանդիպում են, սակայն դա չեղավ հակակոռուպցիոն մարմին: Հակակոռուպցիոն պայքարը հակառուպցիոն մեխանիզմների ստեղծումը պետք է լինի, կանխարգելումը, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը: Հենց մեր հարևան Վրաստանի օրինակով կարող եմ ասել, որ կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյան պատժվում է:
-Մեր երկրում էլ են ցածր օղակների պաշտոնյաները մեկ-մեկ պատժվում:
-Խնդիրը համակարգային բնույթ կրելու մեջ է, պատժի անխուսափելիության մթնոլորտի ձևավորման: Հասարակությունը պետք է տեսնի, որ կոռուպցիայով զբաղվող պաշտոնյան անպայման պատժվելու է, վերևների հետ կապված շղթան կարող է կտրվել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ