Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ո՞նց կարող է աշխատող մարդը իր վատը ուզող չունենա»

«Ո՞նց կարող է աշխատող  մարդը իր վատը ուզող չունենա»
24.10.2013 | 13:01

Վերջերս «Իրատես de facto»-ն գրել էր Գյումրիում կատարված սպանության մասին, որում, ըստ մեր տեղեկությունների, մեղադրվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ քեռու որդին:

-Ո՞վ է Ձեզ ասել,- խորհրդարանում կայացած մեր զրույցի ժամանակ հետաքրքրվեց Մարտուն Գրիգորյանը:
-Գյումրու մեր աղբյուրը:
-Ձեր աղբյուրներն էլ են սուտ, Ձեր գրածն էլ:
-Ի՞նչն է սուտ։ Խնդրում եմ` պարզաբանեք:
-Դա ապատեղեկատվություն է: Նմանատիպ բան չկա: Գիշերային ակումբն ինձ չի պատկանում:
-Ո՞Ւմ է պատկանում: Մենք գրել էինք, որ Ձեր ընտանիքի անդամներին է պատկանում:
-Իմ ընտանիքին չի պատկանում: Իմ հորեղբոր տղայի գիշերային ակումբն է: Դա իմ ընտանիքի հետ կապ չունի:
-Այդքան էլ չենք սխալվել, հետո էլ, ո՞վ չգիտի, որ պատգամավորների ունեցվածքը գրանցված է նրանց հարազատների, բարեկամների, անգամ զոքանչների անունով:
-Ձեր գիտեցածն այս պարագայում իրականությանը չի համապատասխանում: Գյումրին փոքր քաղաք է, և մի փորձեք, նմանատիպ նյութեր հրապարակելով, սևացնել մարդուն` պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
-Նման նպատակ ամենևին չունենք, տեղեկություններ ենք ունեցել և այդ մասին գրել ենք:
-Ձեր տված ինֆորմացիան մի նպատակ է ունեցել` սևացնել Մարտուն Գրիգորյանին: Իմ քեռու տղան այդ գիշերային ակումբի հետ բացարձակապես կապ չունի, այս օրերին էլ ակումբը չի աշխատում: Դա էլ եք սխալ գրել:
-Հնարավոր է` չի գործում հիմա, բայց սպանություն այնտեղ եղել է:
-Իմ քեռու տղան դրա հետ կապ չունի: Իսկ այդ դեպքերի հետ կապված ոստիկանությունը հստակ ինֆորմացիա տվել է:
-Ոստիկանության հաղորդագրության համաձայն` անհայտ վարորդն է վրաերթ կատարել:
-Անհայտ վարորդն ի՞նչ կապ ունի իմ քեռու տղայի հետ, կամ էս պարագայում, էս գործի հետ կապված իմ քեռու տղան ի՞նչ կապ ունի ինձ հետ:
-Գուցե Ձեր քեռու որդին Ձեզ հետ կապ չունի, բայց ասում են, որ Դուք, օգտագործելով Ձեր կապերը, փորձում եք գործը կոծկել: Սա ասում են ոչ միայն մեր աղբյուրները, այդ լուրը պտտվում է ողջ Գյումրիում:
-Եթե գրել եք, ուրեմն հստակ աղբյուր ասեք:
-Լրագրողն իրավունք ունի ապահովելու իր աղբյուրների գաղտնիությունը։
-Ասեք` ով է, որ այդ զրպարտողից մենք պատիվ պահանջենք: Նա ինձ վրա շանտաժ է արել: Ափսոսում եմ, որ այդ շանտաժը Ձեր լրատվամիջոցով է արվել:
-Համոզված եմ, մյուս տեղեկությունն էլ կհերքեք, որ Ձեր ընկեր Շեկոյի գերեզմանի մոտ արյունոտ «ռազբորկա» է եղել:
-Նույն աղբյուրը Ձեզ շփոթության մեջ է գցել:
-Փաստորեն, միայն մենք չենք «շփոթության» մեջ, այլև ողջ Գյումրին, որտեղ ակտիվորեն քննարկվում է այդ միջադեպը:
-Դրանք իրականությանը չեն համապատասխանում:
-Առանց կրակի ծուխ չի լինում:
-Եթե ձեր թերթի տված կայծերի նման լինեն, ուրեմն կարելի է ասել` կայծ կա: Եթե սրանով փորձում եք պատգամավորի վարկանիշը գցել, չի ստացվի:
-Եթե կարծում եք, որ Ձեզ սևացնելու խնդիր կա, ուրեմն թշնամիներ ունեք:
-Ես այդպես չէի բնութագրի, բայց իմ վատը ուզողներ կունենամ: Ո՞նց կարող է աշխատող մարդը իր վատը ուզող չունենա:
-Ո՞Ւմ եք կասկածում:
-Նրան, ով Ձեզ այդ ինֆորմացիան տալիս է: Նրան Դուք էլ լավ գիտեք, ես էլ: Նույնիսկ դատախազի հետ կապված…
-Ասում են, որ Դուք և Շիրակի մարզի դատախազը (արդեն նախկին) համատեղ բիզնես ունեք Վանաձորում:
-Դուք լավ գիտեք, որ դա ևս այդ աղբյուրն ինձ սևացնելու նպատակով է անում: Ով այդ ինֆորմացիաները Ձեզ տալիս է, կխնդրեի փոխանցեք. տեղյակ ենք` ով ա, հասկացել ենք` ում պատվերն ա, ով ա շահագրգռված: Աստված իրենց հետ: Չճշտված ինֆորմացիան հակառակ ռեակցիան է տալիս:
-Այսի՞նքն:
-Եթե սևացնում եք, հակառակն է լինում:
-Փաստորեն, այդ նյութերից Ձեր վարկանիշը բարձրացավ:
-Այո:
-Եթե նման տեղեկություններ էլի ունենանք, կաշխատենք հնարավորինս արագ է՛լ ավելի բարձրացնել Ձեր վարկանիշը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ