ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում գրանցվել է սենսացիա

Պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում գրանցվել է սենսացիա
15.11.2013 | 14:53

ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնական կայքերի հետազոտման արդյունքներով տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում առաջին տեղը միգրացիոն պետական ծառայությունն է, այնուհետև` տարածքային կառավարման նախարարությունը, արդարադատության նախարարությունը: Հետազոտման արդյունքների մասին այսօր «Հենարան» ակումբում խոսեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԸ:
2013 թվականի մայիսի 1-ից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ: ՈՒսումնասիրել են 51 պետական կայքեր: Դրանք պայմանականորեն բաժանվել են երեք խմբերի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում: Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը:
Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափանիշով: Կայքերում գնահատվել են տեղեկատվության առկայությունը, հրատապությունը և մատչելիությունը:
«Սենսացիոն բան է, որ միգրացիոն պետական ծառայությունը հայտնվել է առաջին տեղում: Վերջին երկու տարում լիդերը տարածքային կառավարման նախարարությունն էր: Բավական մեծ առաջընթաց է արձանագրել արդարադատության նախարարությունը: Ամենամեծ առաջընթացն ապահովել է առողջապահության նախարարությունը` նախկին 27-րդ տեղի փոխարեն հայտնվելով 8-րդ տեղում, ԱԻՆ-ի կայքը 29-րդից տեղափոխվել է 18-րդ: Վարկանշային աղյուսակը եզրափակում են հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և միջուկային անվտանգության կոմիտեն»,- ներկայացրեց բանախոսը:
Ինչ վերաբերում է թերություններին, ապա մի շարք կայքերում թերի են ներկայացված թափուր պաշտոնների ցանկը, դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգը, այդ մրցույթների արդյունքները և այլն:
«Սա նշանակում է, որ Հայաստանի ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություններ ներկայացնում հանրությանը և բավարար կերպով օգտագործում արդի տեխնոլոգիաները, ամենից առաջ` համացանցային հնարավորությունները»,- ասաց Ա. Մելիքյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ