Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե ոչ Հայաստանը, ո՞վ այս տարածաշրջանում կարող է ստանձնել քաղաքակրթական առաքելությունը»

«Եթե ոչ Հայաստանը, ո՞վ այս տարածաշրջանում կարող է ստանձնել քաղաքակրթական առաքելությունը»
19.11.2013 | 00:35

Նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որին իբրև փորձագետ մասնակցում էր ԵվրԱզԷսի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի եվրասիական տնտեսական հարցերով բյուրոյի անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ։

-Դուք մեկ ամիս առաջ էիք Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստանում ու Ռուսաստանում այդ ընթացքում, որ կառանձնացնեիք:
-Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելացել են շփումները, և մեզ մոտ, և ձեզ մոտ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որոնք փոխադարձ շահերին են առնչվում: Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում գումարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը` հանդիպումների ու քննարկումների քանակը արդեն փոխարկվում է որակի: Իսկ գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի ու Հայաստանի համար Մաքսային միության հոկտեմբերի 24-ին կայացած համաժողովն էր Մինսկում, որի ժամանակ Հայաստանը ռեալ առաջընթաց արձանագրեց ՄՄ-ին անդամագրվելու առումով: Իսկ Ռուսաստանում այս ընթացքում կարևոր իրադարձություն էր Խաղաղօվկիանոսյան վեկտորի ձևավորումը, որի մասին վաղուց էր խոսվում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բովանդակալից այցեր ունեցավ Վիետնամ և Կորեա, ստորագրվեցին համաձայնագրեր, որոնք կարևոր են տարածաշրջանի և ինտեգրացիոն կառույցների զարգացման համար:
-Ճի՞շտ է, որ Մոնղոլիան 2014-ին դառնալու է ՌԴ 90-րդ սուբյեկտը:
-Իհարկե ոչ: Մոնղոլիան կարող է դառնալ Մաքսային միության անդամության թեկնածու` հաշվի առնելով Խաղաղօվկիանոսյան վեկտորը:
-Ի՞նչը կառանձնացնեիք Դուք ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներից, որոնց մասնակցում էին Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները:
-Ամենակարևորը, որ քննարկումների, ապա նաև պատգամավորների ու տնտեսագետների մասնակցությամբ կլոր սեղանի ընթացքում ոչ ոք կասկածի տակ չէր դնում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, իսկ քննարկումները բովանդակային էին. ինչի շուրջ պետք է համաձայնագրեր կնքվեն, ինչպես տեղեկացնել հասարակությանը, որ իրազեկված լինի գործընթացի, հեռանկարի ու հնարավորությունների մասին: Երբ քննարկվում էին տնտեսական հեռանկարները, ոմանք առավել լավատես էին, ոմանք` հոռետես: Ընդդիմությունը ուշադրություն էր հրավիրում Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունների չլուծված խնդիրների վրա, ընդհանուր առմամբ տպավորությունը մեկն էր` Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել և ձեռնտու է ՄՄ-ին անդամակցելը: Դա երկու խորհրդարանների հանձնաժողովների համատեղ նիստի գլխավոր արդյունքն էր:
-Կոնկրետ ի՞նչ է ստանալու Հայաստանը ՄՄ-ից` ելնելով հոկտեմբերին ստորագրված համաձայնագրերից:
-Համատեղ հանձնաժողովների նիստում Ռուսաստանից մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներ, ինչը խոսակցությունը դարձնում էր առավել առարկայական: Առաջին խնդիրը էներգակիրների գնի իջեցումն է, ապա թանկագին քարերի արտահանման մաքսատուրքի իջեցումը, գյուղմթերքների սպառման շուկայի ընդլայնումը, իհարկե, քննարկումներ եղան և առանձին ապրանքների վերաբերյալ:
-«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության սոցիոլոգիական հարցումով Հայաստանի բնակչության 86 տոկոսը դրական է վերաբերվում ՄՄ-ին անդամակցությանը, բայց միայն 10 տոկոսն է պատկերացնում` ինչի մասին է խոսքը: Ինչպե՞ս փոխել այդ իրավիճակը:
-Մաքսային միությանն առնչվող խնդիրներն ակտիվ քննարկվել են հիմնականում փորձագիտական մակարդակում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ բնակչության մեծ մասը չգիտի` ի՞նչ է իրենից ներկայացնում ՄՄ-ն, և ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ: Ես կարծում եմ` ընդամենը տեղեկատվության պակաս կա: Այդ մասին նշվեց և հանձնաժողովների համատեղ նիստում, հարցը բարձրացրած պատգամավորները կարևորում են կոնկրետությունը, որպեսզի բնակչությունը հստակ պատկերացում ունենա տեղի ունեցող գործընթացների մասին: Բայց այսօր անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները չեն կարող բոլոր հարցերին պատասխանել, որովհետև տեխնիկական պարամետրերը համաձայնեցված չեն, առայժմ խոսքը ապրանքների ազատ տեղաշարժի, աշխատուժի մասին է:
-Դուք կարո՞ղ եք հստակեցնել ՄՄ-ի սահմանները` ՈՒկրաինան կանդամակցի՞, թե՞ ոչ, ի՞նչ են ուզում Թուրքիան, Հնդկաստանը, Նոր Զելանդիան, Վիետնամը: Ընդունեք, որ աշխարհագրական մեծ տարտղնվածություն կա, ի վերջո քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական կառույց է Մաքսային միությունը:
-Իհարկե` տնտեսական: Նոր Զելանդիան ինքն է անդամակցության ցանկություն հայտնել` ցանկանալով սպառման շուկան ընդլայնել: Դա, իհարկե, ընդհանրական ցանկություն է: ՄՄ-ն շատ պարզ կառույց է` կան հիմնական անդամներ և մի քանի երկրներ, որ անդամ դառնալու ցանկություն են հայտնել: Գուցե և նոր բանաձև մշակվի` ոչ ամբողջական անդամակցության, այլ ընդհանուր համաձայնագրեր կնքելու վերաբերյալ, օրինակ, առանձին ապրանքատեսակների համար: Ղրղզստանը տարիուկես առաջ է ՄՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել, բայց այսօր Հայաստանը շատ հարցերում արդեն Ղրղզստանից առաջ է անցել, խնդիրը Ղազախստան-Ղրղզստան փոխհարաբերություններն են: Կարծում եմ` 2015-ի հունվարին ՄՄ-ում հինգ պետություններ կլինեն: ՈՒկրաինան մինչև 2015 թ. հազիվ թե ՄՄ-ին անդամակցի, առավել շահավետը համաձայնագրերի կնքման տարբերակը համարելով: Կիևը կձգտի երկու կողմերից առավելագույն շահ ստանալ և կտրուկ քայլեր չի անի ոչ ԵՄ-ի, ոչ ՄՄ-ի կողմը:
-ՈՒկրաինան կկարողանա՞ երկու աթոռի միաժամանակ նստել` տնտեսական կորուստներ չունենալով:
-Եվրոպան հարցը կոնկրետ է դնում` կամ ԵՄ, կամ` ՄՄ: Մենք նման խնդիր չունենք` ցանկության դեպքում հանգիստ կարելի է զարգացման եվրոպական վեկտորն ընտրել, Եվրոպայից տրանշներ ստանալ, պարտքերի ներում: Բոլոր դեպքերում ՈՒկրաինան հազիվ թե ԵՄ-ին անդամակցի: ՄՄ-ում լինելու հեռանկարներ ունեցող երկրներից կարևոր է Կորեան, եթե Հյուսիսային Կորեայի հետ նորմալ հարաբերություններ զարգանան, ելք է ստացվում նաև դեպի Հարավային Կորեա: Հիմնականը գազի արտահանումն է: Առավել հեռու երկրներից հեռանկարային է և Վիետնամի անդամակցությունը: Մոնղոլիայի հարցում առաջընթաց չկա` առավել ևս որ առանձնապես հետաքրքրված էլ չեն ՄՄ-ով:
-Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձևավորված պետությունները տարբեր շահեր ու գերակայություններ ունեն իրենց արտաքին քաղաքականության մեջ: Ձեր կարծիքով` դա խանգարո՞ւմ, թե՞ օգնում է, որ ՄՄ-ի շահերն արտահայտվեն Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով: Ընդհանրապես` տարածաշրջանի զարգացումը դեպի ո՞ւր է ուղղվում:
-Տարածաշրջանի զարգացման առումով Ռուսաստանի համար կարևոր է նաև Վրաստանի ներգրավումը, բնականաբար, բանակցություններ են վարվելու տրանսպորտի առումով, ինչը կարևոր է և Հայաստանի համար: Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, գուցե ոչ ՄՄ-ին անդամակցության, այլ դիտորդի կարգավիճակով, ինչպես ՈՒկրաինան: Իսկ Թուրքիայի մասին ընդհանրապես խոսք չի եղել, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքից դուրս է եկել «եթե»-ն` եթե Թուրքիան դիմեր... Այլ հարց է, որ Ղազախստանը Ադրբեջանի ներգրավման քայլեր ձեռնարկի: Ադրբեջանը բավականաչափ արդյունավետ դիրք ունի` երբ բոլոր ուղղություններով բոլորի հետ փոխգործակցում է` և Ռուսաստանի, և Ղազախստանի, և Թուրքիայի հետ, և մուսուլմանական այլ երկրների: Այս առումով առանցքային ուղղությունը Ռուսաստանի համար Հայաստանը և Վրաստանն են: Համապատասխանաբար հարցեր են ծագում ՈՒկրաինայի ու Մոլդովայի որոշումից: Եթե Հայաստանի, Ղրղզստանի անդամակցությունը ստացվի և լուծվի ՈՒկրաինայի հարցը, կարելի է ասել, որ Մաքսային միությունը կայացել է իբրև այլընտրանքային տնտեսական հարթակ: Եվ ոչ միայն տնտեսական, նաև` սոցիալական, կրթական, գիտամշակութային:
-Ղարաբաղը կլինի՞ այդ հարթակում:
-Դա Հայաստանն է որոշում:
-Իսկ ՄՄ անդամները համաձա՞յն են Հայաստանի որոշմանը:
-Իհարկե, Բելառուսն էլ հարցեր կունենա, Ղազախստանն էլ, բայց Հայաստանը պետք է ձևակերպի, թե ինչպես պիտի Ղարաբաղը ներկայացվի ՄՄ-ում: Կարող է լինել մաքսային հատուկ տարածք հասկացությունը, որը նշանակում է Ղարաբաղը ևս կարող է ընդգրկվել ՄՄ-ի ուղեծրում` լինելով չճանաչված պետություն:
-Երևանում կայացած համատեղ նիստում հայ ընդդիմադիր պատգամավորները մտավախություն էին հայտնում, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը կարող է վտանգել հանրապետությունների ինքնիշխանությունը: Այդպե՞ս է:
-Վերազգային կառույցներ հասկացությունը մի քանի նշանակություն ունի: Օրինակ, Եվրոպայում կան վերազգային կառույցներ: ԵՄ-ն, որ արտահայտում է ոչ միայն համաեվրոպական, այլև համաշխարհային օլիգարխիայի շահերը` մեծ ազդեցություն ունեն լոնդոնյան բանկիրները, թեպետ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտում չէ, վերազգային կառույց է: Մենք ձևավորում ենք ոչ թե վերազգային կառույց, այլ միջպետական, որտեղ բոլոր պետությունները ձայնի հավասար իրավունք ունեն, և որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Եվրոբյուրոկրատիան վերածվել է իրոք վերազգային կառույցի, գործող օրենքներով ոչ մի երկիր նրանց որոշումների վրա ներգործել չի կարող: Նրանք սերտ համագործակցում են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ տրանսազգային կառույցների հետ: ՄՄ-ում նման կառույցներ չկան:
-Իսկ հետխորհրդային բյուրոկրատիա՞ն:
-Կան տարբեր հնարավորություններ, կարելի է ստեղծել ճյուղային կառույցներ ՄՄ-ի կամ ապագա Եվրասիական միության շրջանակներում: Օրինակ` առանձին լիազորություններով օժտելով, Եվրասիական միության մայրաքաղաքը պետք է լինի ոչ մեկ երկրում, այլ տարածաշրջանում` Աստանա-Օմսկ, Հայաստանը կարող է դառնալ հարավային մայրաքաղաքը` Փոքր Ասիայի ուղղվածությամբ և Կովկասյան կամ Սևծովյան տարածաշրջանում հարցերը լուծելու կարգավիճակով: ՄՄ-ի յուրաքանչյուր մասնակից կունենա իր իրավասությունները, որը հավասարակշռության վիճակ կստեղծի, ոչ թե բուրգի, վտանգ չի առաջանա, որ 1-2 երկրում է կուտակվում ղեկավարումը: Հայաստանն էլ ունի իր քաղաքակրթական առաքելությունը: Ինչո՞ւ Կովկասի և Սև ծովի տարածքում գերակայում է ոչ հայամետ ՎՈՒԱՄ-ի պես միավորումը, ոչ այն պատճառով, որ Վրաստանը կամ ՈՒկրաինան հակահայկական դիրքորոշում ունեն, պարզապես հակառակ ակտիվությունը չկա: Բյուզանդական ժառանգության քաղաքակրթական գիծը այս տարածքում կարող է Հայաստանը գծել:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Դա նշանակում է սոցիոմշակութային ընդհանրություն ունեցող պետությունների միավորում, որոնք գտնվում են Կովկասյան, Սևծովյան տարածաշրջանում: Նկատի ունեմ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը նախ և առաջ: Նաև` Բուլղարիան, Վրաստանը: Եթե Հայաստանը այդ գիծը զարգացնի մշակութային առումով տարբեր ծրագրերի միջոցով, Վրաստանն էլ կարող է ներգրավվել, ՈՒկրաինան էլ, Բալկանների ուղղափառ երկրներն էլ: Շատ կարևոր է նախաձեռնությունը: Ռուս դեսանտայինները կարգախոս ունեն` «Ո՞վ, եթե ոչ մենք»: Եթե ոչ Հայաստանը, ո՞վ այս տարածաշրջանում կարող է ստանձնել քաղաքակրթական առաքելությունը:
-Տեսականորեն` այո, բայց Հայաստանի տնտեսությունը կդիմանա՞ այդ առաքելության ծանրությանը:
-Մտածել է պետք նախագիծը կենսագործելու մասին, որպեսզի հետաքրքրի և հիմնադիր երկրներին (Հայաստան, Հունաստան, Կիպրոս) և մասնակիցներին` հետագա ընդլայնման վեկտորով (Վրաստան, Բուլղարիա, ՈՒկրաինա):
-Հայաստանում ՄՄ-ին անդամակցության առումով շատերը ռուսական ներդրումների հոսքի հետ են հույսեր կապում: Իբրև քաղաքագիտական վերլուծություններով զբաղվող ինստիտուտի տնօրեն` հավատո՞ւմ եք, որ Հայաստան կգան ռուսական ներդրումները:
-Այո, եթե Հայաստանը ոչ թե սպասողական դիրք գրավի, այլ լրջորեն զբաղվի աճի տարածքի ձևավորմամբ: Հակացուցումներ այս հարցում չկան, կա լարված աշխատանքի կարիք: Բյուրոկրատիային այս հարցում պետք է շրջանցել: Մաքսային միությանն անդամակցությունը ձևն է, իսկ պետք է բովանդակությունը, որը Հայաստանի համար տնտեսական պոկումի հնարավորությունն է: Այդ նպատակով պետք են խելացի ծրագրեր, մեծ ընկերությունների ներգրավում, անցում թեմատիկ կլոր սեղաններից աշխատանքային խորհրդակցությունների: Աշխատանքի այլ ձևաչափ է պետք: Ռուսաստանում փող կա, այդ փողը ծախսելու հստակ ու փոխշահավետ ծրագրեր են պետք: Սոչիի օլիմպիական խաղերից հետո շինարարական և տրանսպորտային ընկերությունները արդեն կողմնորոշվելու են դեպի այլ նախագծեր: Մինչև 2014-ի փետրվար Հայաստանը ժամանակ ունի նախագծեր կազմելու և առաջարկելու:
-Չե՞ք կարծում, որ բոլոր այդ խնդիրների ներկայացման ու լուսաբանման համար տեղեկատվական կենտրոնի ստեղծման կարիք կա:
-Այդ կենտրոնը պետք է ստեղծվեր դեռ երեկ: Ռուսաստանը արտաքին քաղաքական մի քանի գերակայություններ ունի. առաջին տեղում այսօր Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, երկրորդը` ՈՒկրաինան է, երրորդը` Ղազախստանը և մուսուլմանական աշխարհը, Կովկասը չորրորդ տեղում է: ՈՒստի Հայաստանն ինքը պետք է հարցը բարձրացնի` ՀՀ նախագահը կարող է ուշադրություն հրավիրել տեղեկատվական քաղաքականության արդյունավետ իրականացման հնարավորությունների ստեղծման անհրաժեշտության վրա` իբրև հայ-ռուսական համատեղ ծրագիր:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ