Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այդ պոստը թող զբաղեցնեն տղամարդիկ»

«Այդ պոստը թող զբաղեցնեն տղամարդիկ»
10.12.2013 | 00:39

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ)

-Տիկին Փոստանջյան, ո՞ւր է Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգության» առաջնորդը:
-Պարոն Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետությունից դուրս է գտնվում` բուժման նպատակով:
-Բավականին տևական ժամանակ է, ինչ նա «չկա»:
-Այնքան էլ տևական չէ, մոտ մեկ ամիս:
-Ի՞նչ առողջական խնդիրներ ունի, կուսակցությունը տեղեկացվա՞ծ է այդ մասին:
-Գիտենք, բայց մանրամասն Ձեզ հայտնել չեմ կարող:
-Ճիշտ եք անում, դա անձնական խնդիր է. Բրեժնևինն էլ էին գաղտնի պահում, որովհետև անձնական հարց էր: Չնայած, ոնց որ մեր պարոն Հովհաննիսյանը տարեկան մի քանի անգամ «նման» խնդիրներ է ունենում և թռչում է Լոս Անջելես:
-Կներեք, բայց հարցադրումը կոռեկտ չէ: ՈՒնեցել է նա, իհարկե, խնդիրներ, ինչպես ցանկացած մարդ կարող է ունենալ խնդիր, բայց կարծում եմ, որ վերջին մեկ տարին կուսակցության առաջնորդի համար բավականին դժվար ժամանակահատված էր. քաղաքականությանը նրա մասնակցությունը խիստ ինտենսիվ ու գործուն էր, և հենց դրա հետևանքն է իր այսօրվա մեկ ամսվա բացակայությունը: Ի դեպ, արդեն քանի տարի նա Ամանորը մեզ հետ է նշում, այնպես որ, կարծում եմ` այս մի քանի օրը նա կլինի Հայաստանում, և մենք էլ սպասում ենք իրեն:
-Որ հանկարծ գա, հնարավո՞ր է, որ կուսակցությունում լիդերի փոփոխություն լինի:
-Ոչ: Ինչո՞ւ պետք է լինի:
-Ինքն էր ասել:
-Ո՛չ, ինքը նման բան չի հայտարարել, կարծում եմ` Դուք սխալվում եք: Կուսակցությունում եթե լինի փոփոխություն, դա կարող է լինել միայն համագումարի միջոցով, իսկ համագումարը, ինչպես տեղեկացրել ենք արդեն, հրավիրվելու է գարնանը:
-Եթե Ձեզ առաջարկեն` Դուք պատրա՞ստ եք ստանձնելու այդ պոստը` «Ժառանգության» ղեկավարումը:
-Ասել եմ, ասում եմ` ո՜չ. այդ պոստը թող զբաղեցնեն տղամարդիկ:
-Տիկին Փոստանջյան, ԱԺ խմբակցության ղեկավար դառնալուց առաջ էլ էիք ասում` դա ես չեմ, ուրիշի «ոտների քուղերը կապեք»:
-Դուք այստեղ սխալվում եք. ես ֆրակցիայի քարտուղարն էի, ըստ էության, նույն գործառույթներն էի իրականացնում, ինչ ղեկավարը: ՈՒստի ոչինչ չի փոխվել:
-ՈՒզում եք ասել` Ռուբիկ Հակոբյանը չէ՞ր աշխատում:
-Չէ, աշխատում էր, ո՞նց չէր աշխատում, ես ուզում եմ ասել, որ ոչինչ չի փոխվել իմ կարգավիճակի մեջ: Իսկ կուսակցության ղեկավարի հարցում այլ է։
-Կարող է այնտեղ էլ «ոչինչ» չփոխվի:
-Դուք, կարծում եմ, սխալ հարցադրում եք անում:
-Եվս մի սխալ հարցադրում. մամուլը գրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվել է Արա Աբրահամյանի մոտ` Մոսկվայում, ու «չար լեզուներն» ասում էին` ինչ-ինչ ֆինանսական խնդիրներ են այդ ժամանակ լուծվել:
-Դա խոր ապատեղեկատվություն է:
-Իսկ նախագահական ընտրությունների նախընտրական գումարներ «Ժառանգությանը» որտեղի՞ց:
-Նախընտրական հիմնադրամից, քաղաքացիների նվիրատվությունից, այդ թվում և` իմ ու բոլոր այն քաղաքացիների, ովքեր մտածում էին պետության ապագայի մասին:
-Հասկացանք: Ի դեպ, տիկին Փոստանջյան, խիստ անձնական ու նրբին մեկ հարց ևս. Դուք պատրաստվում եք որդի՞ ունենալ:
-Այո՛:
-Եթե գաղտնիք չէ` ի՞նչ եք դնելու անունը, Րաֆֆի՞ գուցե։ Հետաքրքիր կլիներ:
-Չէ, չէ, ո՛չ Րաֆֆի:
-Դե, հիմա տեսնում եք, ըստ բլիցային տրամաբանության, ես պետք է Ձեզ հաջորդ հարցն էլ տամ. չունե՜ք, էլի՛, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, չե՜ք սիրում, էլի, իրեն, չե՜ք ուզում, էլի՛, հավերժանա նրա անունը:
-Անունով չեն հավերժանում, այլ գործով:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ