Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաստանում պաշտպանվում է միայն ռուսական շահը, հայկական շահի պաշտպանության պատկերացում չկա»

«Հայաստանում պաշտպանվում է  միայն ռուսական շահը, հայկական շահի  պաշտպանության պատկերացում չկա»
20.12.2013 | 00:11

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Հայաստանին ռուսականից էժան գազի վաճառքի վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարությունները ռեա՞լ եք համարում զարգացումների տեսակետից:
-Միանգամայն: Ի սկզբանե համոզված էի և հիմա էլ փաստում եմ, որ Իրանի դեսպանի հայտարարությունը միայն Հայաստանին չէր ուղղված: Հայաստանն իր գնողունակությամբ փոքր շուկա է նման հայտարարության համար: Իրական հասցեատերը Արևմուտքն էր և, վստահ եմ, որ արդեն 2014-ին Իրանից գազի արտահանման ծավալների մեծացումը կհաստատի իմ տեսակետը: Իրանն առաջարկում է ռուսականից էժան գազ, սա ոչ միայն տնտեսական, սա քաղաքական անկախություն ապահովող հնարավորություն է: Ռուսական գազային շանտաժից ազատվելու շանսը Արևմուտքը չի կորցնի: Այս հարթության մեջ Հայաստանը ևս չպետք է իր շանսը կորցնի, որովհետև Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը Եվրոպային կարող է գազով ապահովել` շրջանցելով Ռուսաստանը: Կարծում եմ` ավելորդ է բացատրել, որ գազամուղը նաև ինֆրակառույցների զարգացում է, նոր աշխատատեղեր ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերականգնումն ընդհանրապես կարող է տարածաշրջանում նոր իրավիճակ ու նոր զարգացումներ ստեղծել, որոնցից դուրս մնալը Հայաստանի դեպքում ընդհանրապես մեկուսացում է դառնում:
-Իսկ Ռուսաստա՞նը: Իսկ Մաքսային միությո՞ւնը, իսկ ՄՄ-ի շահերին դեմ քայլեր չձեռնարկելու Հայաստանի հանձնառությո՞ւնը, որ հաստատվեց հուշագրի ստորագրումով:
-Ինչո՞ւ եք հակադրում Ռուսաստանին ու Իրանին: Սա` մեկ, և երկու` սա այն դեպքն է, որ Հայաստանը նախ և առաջ պետք է մտածի սեփական շահերի պաշտպանության մասին, հետո նոր` այլ պետության շահերին չհակադրվելու: Իրանի դեմ խստագույն էմբարգոյի տարիներին Հայաստանն Իրանի հետ առևտրատնտեսական կապերը շարունակում էր Արևմուտքի գիտությամբ, և դա չէր դիտվում պատժելի արարք: Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի հաշվին իր կենսական խնդիրները չի լուծում և գազային ամբողջ պատմությունը եղել ու մնում է քաղաքական խնդիր: Բոլորովին վերջերս Ռուսաստանը Կուբային նվիրեց բազմամիլիարդ պարտքը: Կուբան միակ երկիրը չէ, որ Ռուսաստանին պարտք է եղել, բայց ոչինչ չի վճարել: Մաքսային միությանն անդամակցության որոշումը Հայաստանի գործող իշխանության սխալն է միանշանակ, և եթե այդ որոշումն արդեն իսկ սկսում է հարվածել տնտեսությանը, ևս մեկ փաստարկ է` ՄՄ-ից հրաժարվելու համար: Մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց էր տալիս ու հիմնավորում էր, որ ՄՄ մտնելը Հայաստանի համար բացարձակապես աննպատակահարմար է` մեզ մոտ մաքսատուրքերի արժեքները արդեն համաձայնեցված են եվրոպական չափանիշների հետ և ավելի ցածր են, քան գործում են այսօր Ռուսաստանում: Սննդամթերքի գների մաքսազերծումը Ռուսաստանում 25-30 տոկոսի է հասնում, մինչդեռ Հայաստանում 10 տոկոս է: Հայաստանի ներկրումը ՄՄ երկրներից 10 տոկոս է, իսկ եվրոպական երկրներից` 20-22: Իհարկե, տնտեսական առումով մենք տուժելու ենք, ի՞նչ հայկական շահի մասին է խոսքը: Եվ երրորդ` Ռուսաստանին ձեռնտու չէ, եթե Ռուսաստան ասելով նկատի ունեք իշխանությունը: Իսկ ռուս ժողովրդին հենց Մաքսային միության ստեղծումը ձեռնտու չէ, նրանց պետք է, որ իրենց իշխանություններին իրենք ընտրեն ազատ, արդար ընտրություններով, որ Ռուսաստանում էլ լինի ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն: Ռուս ժողովուրդն ազատություն ու իրավահավասարություն է ուզում, ոչ թե նորից որոշակի պետություններ հավաքել իր շուրջը, առավել ևս, որ մեծ օգուտներ ունենալ հնարավոր էլ չէ: Ի վերջո, փաստ չէ, որ Մաքսային միությունը գործառնելու է. տասնամյակներ առաջ ստեղծվեց ԱՊՀ-ն, և ի՞նչ: Պետությունների այդ միավորումը որևէ քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, պաշտպանական դեր ունի՞ համաշխարհային քաղաքականության մեջ: ԱՊՀ-ն այսօր ընդամենը մի կառույց է, որտեղ աշխատում են ինչ-որ թվով մարդիկ և լուրջ տեսք են ընդունում, թե կարևոր գործ են անում: Եթե ԱՊՀ-ն կայանար, Մաքսային միություն ստեղծելու ոչ գաղափարը, ոչ անհրաժեշտությունը Ռուսաստանը չէր ունենա: Մի մեռելածին կառույցին հաջորդելու է մյուսը, նույնիսկ եթե ՄՄ-ին անդամակցեն ոչ միայն Նազարբաևի առաջարկած Թուրքիան ու Պուտինի առաջարկած Հնդկաստանը, այլև Լուկաշենկոյի չառաջարկած Չինաստանը:
-Այնուամենայնիվ, Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու արագ քայլեր է անում, իսկ 2015-ին դա կդառնա արդեն Եվրասիական միություն` քաղաքական կառույց, որը կբերի անկախության որոշակի կորուստներ:
-Ես անկախությունը համարում եմ բացարձակ արժեք, այնուհանդերձ, ընդունում եմ, որ բացարձակ անկախություն գոյություն չունի ոչ մարդու համար, ոչ պետության: Որևէ պետություն իր քաղաքականությունը չի կառուցել ու չի կառուցում միայն սեփական շահից ելնելով, կա շահերի համադրման անհրաժեշտություն: Այդպես է ստեղծվել Եվրամիությունը, սկզբում իբրև տնտեսական, մաքսային, ապա նաև քաղաքական միավորում: Ամբողջ հարցը հանգում է արժեհամակարգին` ինչ ես զիջում և ինչ ես ձեռք բերելու փոխարենը: Ո՞րն է Մաքսային միության, Եվրասիական միության դավանած արժեհամակարգը: Երբ այս հարցերին հստակ պատասխաններ կտրվեն, հասկանալի կդառնա, թե անկախության կորուստը հանուն ինչի է: Ասեմ ի սկզբանե, որ ես չեմ հավատում քարոզվող տեսակետին, թե Հայաստանին հնարավորություն է տրված իր պայմանները թելադրել, իր շահերը պաշտպանել Մաքսային միությունում: ՌԴ նախագահի Հայաստան 6-ժամանոց այցի ընթացքում ձեռք բերված արդյունքները վկայում են, որ Հայաստանում պաշտպանվում է միայն ռուսական շահը, հայկական շահի պաշտպանության պատկերացում իսկ չկա, ուստի վստահ եմ, որ անկախության կորուստը մեզ համար լինելու է կործանարար ու իբրև փոխհատուցում ստանալու ենք միայն մեր երկրում ռուսական շահի պաշտպանության պարտականությունը: Ինչպես եղել է Գյումրու ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարացնելու, «ՀայՌուսգազարդի» հայկական բաժնետոմսերը վաճառելու ու գազի գնի բանակցությունների ամբողջ ընթացքում:
-Ռուսական ռևերանսների հետ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հավաստում է իր հավատարմությունը եվրաինտեգրմանը և եվրոպական արժեքներին: Ինչո՞վ եք բացատրում այս երկակի ստանդարտը:
-Հայաստանի իշխանությունն արդեն ասել է իր խոսքը` դեպի Ռուսաստան, հետագա բացատրությունները, մեկնաբանությունները, արդարացումները կամ մեղադրանքները չեն կարող հերքել այն իրողությունը, որ Հայաստանն անվստահելի գործընկեր է:
-Ինչո՞ւ է, ուրեմն, Արևմուտքը շարունակում քաղաքական կապերն ու տնտեսական փոխհարաբերությունները Հայաստանի հետ, ինչո՞ւ է վարկեր տրամադրում, օգնում:
-Ձեր հարցի հիմքում տիպիկ ռուսական մտածողությունն է, որ ենթադրում է` խաբել են, պատժել է պետք: Գիտե՞ք` որն է Ռուսաստանի ու Եվրամիության արմատական տարբերությունը: Ռուսաստանը իրեն պարտադրում է և ընտրության տեղ չի թողնում, Եվրամիությունն առաջարկում է և տալիս ընտրության հնարավորություն: Թե Եվրոպան, թե ԱՄՆ-ը շատ լավ հասկանում են Հայաստանի պայմաններն ու հնարավորությունները, նրանց պետք է իրավիճակին տիրապետող գործընկեր, Ռուսաստանին պետք է կատարող ենթակա: Արևելյան հարևանության ծրագիրը շարունակվում է և ԵՄ-ն ոչ առաջվա մակարդակով ու ծավալներով, բայց շարունակելու է փոխհարաբերությունները, որպեսզի Հայաստանը հնարավորություն ստանա պահպանել անկախությունը և ժողովրդավարության ճանապարհը չկորցնի:
-ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից նախ հրաժարվեց Հայաստանը, իսկ Վիլնյուսի նախօրեին` ՈՒկրաինան: Եթե Հայաստանի հրաժարումը ԵՄ-ի համար ընդամենը շոկ էր, ՈՒկրաինայի համար ռեալ պայքարում են, ինչո՞ւ: Նրանք մեծ են ու հզո՞ր, մենք` փոքր ու թո՞ւյլ:
-Ոչ միայն: ՈՒկրաինան Եվրոպայի ամենամեծ պետությունն է, և ՈՒկրաինայի դիրքորոշումը դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան ուղենշելու է երկու միությունների հետագա զարգացումը: Բայց, արտաքին գործոնից բացի, կա ներքինը, որ նաև վճռորոշ է. ՈՒկրաինայի ժողովուրդը ոտքի կանգնեց իր իշխանության ընդունած որոշման դեմ պայքարելու: Մայդանը ոչ Օբաման է հնարել, ոչ Էշթոնը, ոչ Օլանդը, ոչ էլ Մերկելը: Մայդանը կա և իր գոյությամբ ու համառությամբ դարձել է գործոն, որի հետ հաշվի չնստել չեն կարող ոչ Ռուսաստանը, ոչ էլ Արևմուտքը:
-Իսկ Յանուկովիչը Մայդանը թողեց ու թռավ Չինաստան, հետո էլ Ռուսաստան:
-Յանուկովիչը Պեկինում էլ, Մոսկվայում էլ որոնում էր Մայդանին տուն ուղարկելու տարբերակները: Իր իշխանության համար անվտանգ տարբերակները: Եթե նկատել եք, Յանուկովիչը ոչ մի անգամ չի ասել, որ ցուցարարներն իրավունք չունեն իրենց տեսակետները պաշտպանել, նա ընդամենը ասում է` ազատեք քաղաքապետարանը, պետական կառույցներին գործելու հնարավորություն տվեք: Յանուկովիչը վախեցած է, իսկ վախեցած նախագահը չի վերընտրվում: Արտահերթ ընտրություններ կլինեն ՈՒկրաինայում, թե հերթական, ՈՒկրաինան կգնա իր ճանապարհով:
-2014-ին Թուրքիայում էլ ընտրություններ են, մինչև Ցեղասպանության 100-ամյակ համարյա մեկ տարի է մնացել, կարծո՞ւմ եք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան այդ շրջագծում էր:
-Հայաստան գալով Դավութօղլուն ոչինչ չէր կորցնում, որովհետև այցը ՍԾՏՀ շրջանակներում էր, իսկ Անկարան հնարավորություն էր ստանում աշխարհին ցույց տալու, որ Հայաստանի հարցը իր օրակարգից չի հանել և ջանքեր է գործադրում կապերը պահելու կամ խորացնելու ուղղությամբ: Թուրքիան փորձում է գնդակն իր դաշտից դուրս բերել: Հակառակ իր նախկին հայտարարությունների` Հայաստանը հիմա կարող է կանխել Թուրքիայի նախաձեռնությունը` վավերացնելով Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունները և ապացուցելով, որ գոնե մեկ անգամ կարող է մեկ քայլ առաջ անցնել ու պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել` չընդունելով նաև հարևանի նախապայմանները:
-Թուրքիան ակտիվորեն ուզում է ներգրավված լինել Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում և «օկուպացված» շրջանների վերադարձն է նախապայման դիտարկում: Դա ռեա՞լ է:
-Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, լավ է դա, թե վատ, ճիշտ է, թե սխալ, Թուրքիան դեմ է, թե կողմ: Թուրքիան առանց այդ էլ ինքնաներգրավվել է այդ հարցում` դառնալով Ադրբեջանի պաշտպանը բոլոր հարցերում ու հարթակներում: Ես հակված չեմ այդքան բացարձակացնելու Ադրբեջանի դերը Թուրքիայի համար: Համենայն դեպս` հայ-թուրքական հարաբերություններում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր հարցը 1915 թ. ցեղասպանությունն է, Ադրբեջանն իր խնդիրներով կարող է հարմար պատրվակ լինել Անկարայի համար այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան իր համար որոշում չի կայացրել` ընդունել ցեղասպանությունը, թե ոչ: Եթե ընդունել, ինչպե՞ս փոխհատուցել: Այս հարցի պատասխանն ունենալու դեպքում Թուրքիան կարող է և Ադրբեջանի թիկնապահի դերից հրաժարվել:
-Մինչև 2015-ը այդ հարցերի հարցը լուծում կստանա՞:
-Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմի՞ց: Պետք չէ իդեա ֆիքս դարձնել այդ հարցը: Նախ պարզենք, թե մենք ինչ ենք ուզում և ինչպես ենք պատկերացնում ճանաչումը: Հարցերի հարցի լուծումը պետք է որքան մեզ, նույնքան էլ Թուրքիային: Մեր մեկնակետերը ճշտելուց հետո միայն պետք է սպասենք հարևանների արձագանքին:
-2014-ը Կապույտ ձիու տարի է: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ձին համբերատար ու արդար կենդանի է, չի հանդուրժում բռնություն կամ կոպտություն, իսկ ամենից առաջ ձին ազատատենչ ու հավատարիմ է: Մեծ զորավարների անունների հետ պատմության մեջ մտել են և նրանց նժույգների անունները: Կարծում եմ` Կենդանակերպի բոլոր նշաններն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը, կյանքը շարունակվելու է Աստծո կամոք, իսկ մենք ընդամենը փորձելու ենք այս ու այն բացատրությունը գտնել:
-Իսկ ինչպիսի՞ն կլինի 2014-ի քաղաքական տարին:
-Քաղաքական կյանքը Հայաստանում աշխուժանում է ընտրությունների ընթացքում, բայց չեմ կարծում, որ 2014-ը խաղաղ ու հանդարտ տարի է լինելու: ՈՒկրաինական իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչ է սպասում Հայաստանին` մի տարբերությամբ. եթե Ռուսաստանը ՈՒկրաինան փորձում է գնել` ռուսական նավատորմի վերազինման դիմաց, Հայաստանից արդեն տանելիք չունի և, ուրեմն, մենք ոչինչ չենք ստանա ռուսական շահի սպասարկման դիմաց: Ես վստահ եմ, որ Հայաստանի ապագայի ընտրության հարցը դեռ փակված չէ, մենք դեռ կունենանք մեր Մայդանը:

Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ