Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայ ժողովուրդն այսօր շատ ավելի զգոն է թուրք ժողովրդի հետ շփվելիս»

«Հայ ժողովուրդն այսօր շատ ավելի զգոն է թուրք ժողովրդի հետ շփվելիս»
20.12.2013 | 11:34

Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ ընթերցողների շրջանում: Առաջին անգամ «Ստամբուլի բիճը» լույս է տեսել անգլերեն: Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն: Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: «Անտարես» հրատարակչությունը գիրքը թարգմանել է թուրքերենից: Թարգմանությունը կատարել է երիտասարդ թարգմանչուհի ԱՐՓԻ ԱԹԱԲԵԿՅԱՆԸ:

-Թուրքագետները վստահեցնում են, որ եթե թուրք մտավորականները բարձրաձայնում են ցեղասպանության մասին, չի նշանակում, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և եթե, օրինակ, մեր պատմական հողերը վերադարձնելու խնդիր լինի, կողմ կլինեն:
-Կարծում եմ՝ գիրքը ոչ միայն ցեղասպանությանը, այլև մերօրյա Թուրքիայի շատ այլ կարևոր հարցերին է անդրադառնում, օրինակ` հասարակության մեջ կնոջ և տղամարդու դերերի կարևորությունը, սերունդների բախումը, ընտանիքում առկա խտրականությունը տղա և աղջիկ երեխաների միջև, ի վերջո, ինցեստի առկայությունը թուրք հասարակության մեջ, որի մասին բոլորը, ներառյալ ընտանիքի անդամները, շատ հաճախ լռում են: Անդրադառնալով հարցի երկրորդ մասին, իհարկե, միայն այն, որ թուրք մտավորականը հայասեր է, չի նշանակում, որ կարող է հանդուրժողականություն ցուցաբերել, երբ հարց բարձրացվի հողերի վերադարձի մասին: Հետաքրքիր է նաև այն, որ շատ մտավորականներ ցեղասպանության մասին, հատկապես վերջին տարիներին, շատ են խոսում, բայց լուծումը համարում են միայն Թուրքիայի Հանրապետության` ներողություն խնդրելը:
-Ինչո՞վ է տարբերվում «Ստամբուլի բիճը» ցեղասպանությանն այս կամ այն կերպ առնչվող թուրք հեղինակների այլ գրքերից: Օրինակ, շատերն են պնդում, որ Թուրքիայում Փամուկի չբնակվելը, հալածանքները սարքովի են:
-Փամուկն ընդամենը մեկ հարցազրույցում նշել էր, որ Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն հայ է սպանվել, մինչդեռ նա երբեք ցեղասպանության մասին ոչինչ չի գրել: Էլիֆ Շաֆաքի գիրքը հետաքրքիր եմ համարում նրանով, որ այն ավելի շատ արտահայտում է հայացք` ուղղված ապագային: Հավանաբար նա երկխոսության ճանապարհը տեսնում է երկու ազգերի երիտասարդ ներկայացուցիչների` միմյանց ճանաչելու և հասկանալու միջոցով: Ցեղասպանության մասին կարդացածս թուրք հեղինակների մյուս գրքերը քննարկում են Ցեղասպանության հարցը, խեղաթյուրելով պատմական փաստերը, փորձելով արդարացնել տեղի ունեցածը, ոմանք էլ անդրադառնում են միայն կրոնափոխ եղած հայ կանանց պատմություններին: Վերջիններս հետաքրքիր են հուզիչ փաստերի առումով, բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ ստիպում են ընթերցողին մտածել նրանց կազմած ընտանիքների, կորած սերունդների, ջնջված հայկականության մասին:
-Ընթերցողի մեջ հարց է առաջանում` Շաֆաքը իրապե՞ս թուրք է:
-Գիտեմ, որ Շաֆաքի ծնողները թուրք են: Շատերի մեջ հարց է առաջանում` արդյոք նա հա՞յ է, թե՞ ոչ: Չգիտեմ, բայց կարծում եմ, որ վաղուց արդեն դժվար է ասել, թե ով է Թուրքիայում թուրք, ով չէ: Խառնամուսնությունները ոչ միայն հայերի, քրդերի, ասորիների, այլև բալկանյան երկրների ժողովուրդների, Բալկաններից գաղթած թուրքերի և հույների միջև բավական տարածված են եղել: Ի վերջո, Օսմանյան կայսրությունը տարբեր ազգերի մեծ խառնարան է եղել, և այդ ազգերի միջև շփումը ազգագրական առումով իր հետքն է թողել թուրքերի վրա:
-Ի՞նչ արձագանք է առաջացրել գիրքը Թուրքիայում:
-Թուրքիայում գիրքը բացասական արձագանք է ունեցել սկզբում, որոշ ժամանակ արգելվել է, այնուհետև դատավարություն է տեղի ունեցել գրողի դեմ՝ թյուրքականությունը վիրավորող 301-րդ հոդվածի համաձայն: Գիրքը հիմա Թուրքիայում կա, վաճառվում է:
-Հեղինակի կողմից թուրքերեն թարգմանված տարբերակում գրքի վերնագիրը փոխված է` «Հայրը և ընկեցիկը»: Ինչո՞ւ, հարցադրո՞ւմն է ուրիշ, երբ սեփական ժողովրդին է ուղղված խոսքը, թե՞ զգուշավորություն է:
-Անգլերեն տարբերակում «bastard» բառն է օգտագործվել, իսկ թուրքերեն տարբերակում «pij», այսինքն` «բիճ»: Այս բառն էլ է դարձել տարաձայնությունների և վեճերի պատճառ, քանի որ այն Թուրքիայում ծանր հայհոյանք է համարվում:
-«Ստամբուլի բիճը» թարգմանվել է նաև «Ստամբուլի ընկեցիկը» վերնագրով, ինչո՞ւ ընտրեցիք առաջին տարբերակը:
-Լսել եմ նաև այլ տարբերակներ, որ առաջարկվել են այդ բառը փոխարինելու համար, բայց ես որոշեցի մնալ բնագրին ավելի հավատարիմ, բացի այդ, այդ բառն իր ուժը և նշանակությունն ունի գրքում` ոչ թե որպես հայհոյանք, այլ որպես Ասյայի կամ որպես նոր սերնդի հոգեվիճակ:
-Ո՞վ է Ասյան:
-Գրքում Ասյան թուրք երիտասարդ սերնդի ներկայացուցիչն է: Իրականում նա ներկայացնում է թուրք հասարակության մի ամբողջ նոր սերնդի մտածելակերպը, ապրելակերպը, ցեղասպանության հարցում որոշակիորեն ձևավորված, գուցեև մի քիչ քարացած նախապաշարմունքները: Բացի այդ, այս կերպարի և տան մյուս կանանց համեմատության միջոցով հեղինակը նաև փորձել է ցույց տալ սերունդների բախումը, տարբեր հավատ, տարբեր գաղափարախոսություն ունեցող կանանց գոյությունը և հակասությունները հասարակության մեջ:
-Գիրքը փակելուց հետո մտածում ես, որ, այնուամենայնիվ, բռնաբարված, ցեղասպանված լինելու փաստը այնքան էլ պատվաբեր չէ: Ի դեպ, հեղինակը նկատում է, որ հայերը հաճախ են խղճում իրենք իրենց: Համամի՞տ եք նրա հետ:
-Գուցե պատվաբեր չէ, բայց, ցավոք, փաստ է: Հեղինակի հետ այդ թեմայի շուրջ, այո՛, համաձայն եմ: Ցեղասպանության փաստն ինձ համար անվիճելի է, բայց այս հարցում հեղինակը ճիշտ է: Մենք սիրում ենք մեզ խղճալ, գուցե մի քիչ էլ ողբալ և դա անում ենք ոչ միայն Ցեղասպանության հարցը քննարկելիս:
-Գիրքն ընթերցելիս մի կողմից՝ համակրում ես թուրք ընտանիքին, մյուս կողմից՝ կա զգուշացում` «այն ժամանակ էլ թվացել է, որ ամեն ինչ լավ է»: Սա արդյո՞ք սպառնալիքի պես չի հնչում նաև այսօրվա համար:
-Ես կարծում եմ, որ բոլորս մարդ ենք: Թուրք ընտանիքների մեծ մասը հայ ընտանիքներից շատ չի տարբերվում հյուրընկալության, ջերմության, ընկերասիրության առումով: Այո՛, այն ժամանակ էլ կային լավ ու վատ ընտանիքներ, և շատ ընտանիքներ հայ ընտանիքների երեխաների են փրկել: Կցանկանայի նշել, որ, լավ, թե վատ, հայ ժողովուրդն այսօր շատ ավելի զգոն է թուրք ժողովրդի հետ շփվելիս: Շատերն ունեն ընկերներ, ծանոթներ, ի վերջո, Թուրքիայի հայերը նրանց հետ են ապրում, համենայն դեպս, ես միշտ նկատել եմ, որ հայ ընտանիքները միշտ որոշակի սահմաններ են պահպանում թուրքերի հետ: Ըստ իս, զգուշությունը երբեք չի խանգարի:
-«Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը` կիսում էին: Խնդիրն այն է, որ իրենց և անցյալում մեղք գործածների միջև ոչ մի կապ չկար»: Այս բառերի ենթատեքստում արդյո՞ք ժխտողականություն չկա, արդարացում:
-Իհարկե, կա, ի դեպ, դա այն արդարացումն է, որը հենց Թուրքիան է օգտագործում. առաջ են քաշում այն փաստը, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, և որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդը չէ:
-«Ոմանք ասում են, որ երկու միլիոն հայ է սպանվել: Խելքը գլխին ոչ մի պատմաբան սա լուրջ չի ընդունի: Ըստ իս` մի հոգի էլ սպանվի, արդեն շատ է»: Սա շատ նուրբ դիտարկում է, այն էլ թուրք հեղինակի կողմից, չե՞ք կարծում:
-Համամիտ եմ, բայց այս հատվածը, եթե չեմ սխալվում, վերցված է Արմանուշի և Ասյայի թուրք ընկերների հանդիպման ժամանակ Ցեղասպանության մասին նրանց ունեցած զրույցից: Այսինքն` հեղինակը, կարծում եմ, փորձել է ցույց տալ կարծիքների բախում` առաջ քաշելով Ցեղասպանությունը ժխտողների մեծ մասի պնդումները:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գիրքը թարգմանելիս:
-Դա իմ առաջին թարգմանությունն էր, թերևս մի փոքր անվստահ էի: Շատ մեծ խնդիրների չեմ հանդիպել: Մեծ պատասխանատվություն էի զգում:
-Ծանո՞թ եք Շաֆաքի այլ աշխատանքներին: Ինչի՞ մասին է գրում թուրք գրողը:
-Այո, նրա գրեթե բոլոր աշխատանքներն եմ կարդացել: Գրում է տարբեր թեմաներով, օրինակ, նրա «Սեր» կամ անգլերեն տարբերակով` «Սիրո քառասուն օրենքները» գիրքը սուֆիզմի, Ջելալեդդին Ռումիի և նրա ուսուցիչ Շեմս Թավրիզեցու և դրան զուգահեռ ժամանակակից Ամերիկայում կնոջ թառամող սիրո պատմություն է: Ամենահայտնի մյուս գրքերից է «Իսքենդեր» կամ «Պատիվ» վեպը, որը կրկին թուրք հասարակության մեջ կնոջ, տղամարդու դերերի, ընտանիքում եղած խտրականությունների, պատվի հողի վրա իրականացված սպանության մասին է:
-Մի փոքր էլ Ձեր ծրագրերի մասին:
-Հիմա սովորում եմ Բեռլինում, ավարտական թեզ եմ գրում: Հետագայում էլ ունեմ ուսման, ինչպես նաև նոր թարգմանության ծրագրեր:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ