Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եկեղեցու վերականգնումը նման է փաստավավերագրական ֆիլմ նկարելու»

«Եկեղեցու վերականգնումը նման է  փաստավավերագրական ֆիլմ նկարելու»
24.12.2013 | 02:29

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հովհաննես Օձնեցի կաթողիկոս Իմաստասեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ:

-Ե՞րբ և ինչո՞ւեք «Հովհաննես Օձնեցի կաթողիկոս Իմաստասեր» բարեգործական հիմնադրամը ստեղծել:
-Հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2011 թ. ապրիլի 26-ին, նպատակն է Հայաստանի տարածքում պատմամշակութային արժեքների վերականգնումն ու վերանորոգումը: Հիմնադիրը և ֆինանսավորողը արմատներով օձնեցի, ռուսաստանաբնակ Մովսես Զավարյանն է: Ընտրվել է հիմնադիրների խորհուրդ մեր ազգի խիղճը կազմող մարդկանցից: Սկսել ենք Օձունից. մշակույթի նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կնքվել է եռակողմ պայմանագիր, նախարարությունը մեզ տրամադրել է նախագիծը, Մայր Աթոռը համաձայնությունն ու օրհնանքն է տվել, և հիմնադրամը սկսել է 4-6-րդ դարերում Օձունում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Հիմնադրամը հայտարարեց մրցույթ, որին հայտ ներկայացրին շինարարական 10 կազմակերպություններ, երկուսը լիցենզիա չունեին, ութը մասնակցեցին մրցույթին: Մինչև մրցույթը հարցնում էին` ձևակա՞ն է, հաղթողին արդեն գիտե՞ք, թե՞ իսկապես մրցակցելու ենք: Անձամբ ես եմ ընդունել փաստաթղթերն ու ասել եմ, որ ձևական չէ, մենք իրավունք ունենք ընտրելու շինարարին ու աշխատանքը սկսելու, բայց որովհետև այդ բնագավառում նորեկ ենք, ուզում ենք ընտրել լավագույն տարբերակը: Մրցույթում հաղթեց «Լեդբուք» ՓԲԸ-ն, և 2012-ի հուլիսի 23-ին մտավ շինհրապարակ:
-Ամեն ինչ այդքան հեշտ ու հանգի՞ստ էր:
-Խանգարող հանգամանքներ կային, ինչպես լինում են բոլոր բնագավառներում: Ի սկզբանե նախագիծը թերի էր, երբ ստորագրեցինք եռակողմ պայմանագիրը, մասնագետներն ասացին, որ նախագիծը փորձաքննություն անցել է, բայց թերի է: Մեղքը նաև հիմնադրամինն էր` ուզում էինք սկսել աշխատանքներն ու ընթացքում նախագիծն ամբողջացնել, ճարտարապետի հետ էլ համաձայնեցրինք, որ ընթացքում թերին կլրացվի, բայց ոչինչ էլ չարվեց: Հընթացս, թերի նախագծից ելնելով` և իրավիճակը շինհրապարակում, և հարաբերությունները մարդկանց հետ սրվեցին, և մի պահ արդեն պատային իրավիճակ էր ստեղծվել:
-Վերականգնումը դադարեցնելո՞ւ խնդիր էր ծագել:
-Կամ առանց նախագծի աշխատելու, կամ աշխատանքները դադարեցնելու: Ես դիմեցի մշակույթի նախարարություն` վերականգնման աշխատանքները կասեցնելու համար: Պատմամշակութային արժեքների վերականգնման գործակալությունը իր մասնագետներին ուղարկեց, և մենք չկասեցրինք աշխատանքները: Հին նախագծի սահմաններում հնարավորն արվեց, բայց հարցն արդեն հասունացել էր, և շինկազմակերպության հետ աշխատանքները չէինք կարող շարունակել: Նրանք անընդհատ պատրվակներ ունեին չաշխատելու` օգոստոսին, սեպտեմբերին ընդհանրապես չեկան, իսկ առանց նրանց շինարարներն իրավունք չունեն փոփոխություններ կատարելու:
-Նախագծի թերությունը ո՞րն էր:
-Նախագիծը կազմվել էր 1986 թ., չորս հեղինակներն էլ այսօր արդեն չկան, ղեկավարի` Միշա Հակոբյանի անունից տրվել է նախարարություն, նրանք վերցրել են ու փորձաքննություն անցկացրել: Բայց նախագիծը չի ներառում 1988-ի երկրաշարժից հետո առաջացած փոփոխությունները, մասնավորապես եկեղեցու գմբեթի չորս ճաքերը, որոնք շատ վտանգավոր էր համարում հենց վերականգնող ճարտարապետը: Միլանի համալսարանի մասնագետներն անցյալ տարի Երևանում էին և օգնեցին նոր եղանակով գմբեթը վերականգնել: Մեզ մոտ ընդունված է ճաքերն ամրաններով ամրացնել, իտալացիներն առաջարկեցին ապակե կտորով անել, որը և ամուր է, և ճկուն: Գործակալության մասնագետները հաստատեցին առաջարկը և այժմ շնորհիվ իտալացիների` Օձունի եկեղեցու գմբեթը փրկված է: Վերջապես պետք է հասկանալ, որ այսօր արդեն սովետական ժամանակները չեն, սովետական ժամանակներում գիտեին, որ ինչքան շատ քանդել-վերաշարելու տարածք լինի, այնքան շատ փող կաշխատեն, բայց այսօր եկեղեցի վերականգնելով չի կարելի փող աշխատել: Հոգևոր մարդը պիտի այդ գործով զբաղվի, եթե ոչ հոգևոր, աստվածավախ, եթե ոչ աստվածավախ, գոնե սրտացավ: Բայց եթե այդ գործն ընկալվում է կերակրափողը լցնելու միջոց, ստացվում է այն, ինչ եղավ Քոբայրում, ու հիմա նախարարության մասնագետներն ու շինարարները փորձում են մեղմել այն անարգանքը, որ հասցվեց եկեղեցուն:
-Ի՞նչ վիճակ է հիմա և ի վերջո` ո՞րն է կոնֆլիկտի էությունը:
-Փաստորեն, պարզվեց, որ մրցույթում հաղթած կազմակերպությունը բազմազբաղ է և ամիսը գոնե երեք անգամ շինհրապարակ չի ուղարկում իր մասնագետներին: Հիմա վերականգնումը դադարեցված է եղանակային պատճառներով. վերականգնում կատարվում է ապրիլի 10-ից մինչև հոկտեմբերի 25-ը, +8 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում շինաշխատանքներ չեն կատարվում, որովհետև կրաշաղախը սառչում է:
-2014-ի ապրիլի 11-ին աշխատանքները վերսկսվելո՞ւ են:
-Հուսամ, որ այո: Իրավիճակից ելնելով՝ ես դիմել էի և Ամենայն հայոց կաթողիկոսին և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Արդեն նոր ճարտարապետ ունենք` երիտասարդ մի տղա, որ հենց Օձունի եկեղեցուն նվիրված դիպլոմային թեզ է պաշտպանում: Մշակույթի նախարարը ավելի փորձառուներին հանձնարարեց իրենց հսկողության տակ պահել աշխատանքները:
-Ձեր տագնապները պակասեցի՞ն ճարտարապետի փոփոխությամբ:
-Տագնապներս կվերանան վերականգնումն ավարտելուց հետո, երբ ամեն ինչ տեղը տեղին լինի, ու մասնագետներն էլ դա հաստատեն: Ծագել են նաև ֆինանսական հարցեր:
-Իսկ հիմնադրամի հիմնադիրն ու ֆինանսավորո՞ղը:
-Վախենամ, որ հիմնադիրը չշարունակի ֆինանսավորել: Պատճառը եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններն են, մասնավորապես` Օձունի եկեղեցու քահանայի «նախաձեռնությունները»: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց գլխավորն ու երկրորդականը տարբերելը ոչ բոլորին է տրված: Փոքր կսմիթներից, ցավոք, ձևավորվում է մեծ հիասթափություն, և վեհ նպատակներով հայրենիք եկած մարդիկ ուղղակի հոգնում են բանավեճերից, ասեկոսեներից, մեծապատիվ մուրացկանությունից, որ 19-21-րդ դարերի ընթացքում մենք կատարելագործել ենք:
-Ձեր նախնական հաշվարկներով` ե՞րբ կավարտվի Օձունի եկեղեցու վերակառուցումը:
-Շինարարական կազմակերպության հետ մեր պայմանագրի համաձայն` 2014 թ. հոկտեմբերի 25-ին վերականգնումը պետք է ավարտված լինի: Բայց որովհետև նախագիծն անընդհատ փոփոխվել է, նախագծում ընդգրկված չեն կամարաշարերի ամրացումը, հյուսիս-արևմտյան կողմում գտնվող մահարձան կոթողի վերականգնումը, նոր ճարտարապետի խնդիրը այդ ամբողջը վերանայելն է: Եկեղեցու վերականգնումը նման է փաստավավերագրական ֆիլմ նկարելու. կա նախագիծ, որի հիման վրա վերականգնում ես ու գրում սցենարը: Հայ ճարտարապետության գոհարներից է Օձունի եկեղեցին, և նրա վերականգնումը պահանջում է ճարտարապետի ամենօրյա ներկայություն, որպեսզի աշխատանքներն ավարտվեն ժամանակացույցից չշեղվելով: Միայն ճարտարապետի ներկայությամբ հին քարի փոխարեն նոր քար կարող է դրվել: Եկեղեցու առաջին ճարտարապետը հայտնի չէ, հայտնի է, որ կառուցվել է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ ճարտարապետի անմիջական ներկայությամբ: Ամենայն հավանականությամբ եկեղեցու տեղում հեթանոսական տաճար է եղել: 4-րդ դարում կառուցված եկեղեցին 6-րդ դարում երկրաշարժից տուժել է, նորից է կառուցվել, կամարաշարը 7-րդ դարում կառուցել է Հովհաննես Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսը: Նա հուղարկավորված է եկեղեցուց մի քիչ հեռու մատուռում, որը նույնպես վերականգնման կարիք ունի: Պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումն ընդհանրապես ոսկերչական հմտություն է պահանջում, միայն մասնագետները կարող են չվնասելով պահպանել:
-Հայաստանում կա՞ն այդքան բարձրորակ մասնագետներ, թե՞ ամեն ինչ շինարարների հույսին է:
-Փառք Աստծո, կան: Լավ ու սրտացավ մասնագետներ կան, որ հասկանում են իրենց գործը: Անկախ ամեն ինչից` մեր առաջին խնդիրը եկեղեցու վերականգնումը ավարտելն է: Մոսկվայի ամենալավ հուշարձանը Պուշկինի արձանն է համարվում, որովհետև կառուցվել է ժողովրդական հանգանակությամբ: Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, հոգևոր մարդիկ անպայման պետք է մասնակցեն այս գործին, և եկեղեցին կվերականգնի իր նախկին հզորությունը: Իմ նկարիչ ընկերները իրենց նախաձեռնությամբ կտավներ են նվիրաբերել, որոնք կվաճառվեն, և հասույթը կփոխանցվի վերականգնման համար: Ես կարծում եմ, որ անպայման հանգանակություն պիտի արվի, ու հետո էլ եկեղեցու մոտ ցուցատախտակ կլինի բոլոր հովանավորների անուններով: Ոչ միայն Օձունը, այլև բոլոր այն տները, որ մեր նախնիները Աստծո ու հավատի տուն են համարել, պետք է վերականգնվեն: Երջանկահիշատակ Սոս Սարգսյանն ասում էր. «Եթե մենք ուզում ենք, որ լավ ապրեն մեր երեխաները, պիտի մեր Հոր տունը վերականգնենք, Տիրոջ տունը պիտի վերականգնենք»: Այդ ճանապարհները մեզ մոտեցնում են Աստծուն: 1700 և ավելի տարիներ ասում ենք, որ քրիստոնյա ենք, բայց 1700 և ավելի տարիներ փախչում ենք այս տնից: Կամ, եթե մեր մեջ հավատ չկա, միանգամից քարկոծում ենք Էջմիածինը, այդպես չէ, մեղքը մեր մեջ պիտի փնտրենք: Մեզ միայն հոգևոր վերածնունդը կարող է փրկել, բայց ոչ իր հռետորական ընկալումով, այլ անհատական: Այսօր հոգևոր սով է, այդ սոված մարդկանց պետք է կերակրել: Իհարկե, մեծ են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պարտականությունները, բայց միայն իրենց ուսերին թողնել այդ բեռը սխալ է: Ձեր թերթը այդ բնագավառի այսօրվա առաջատարն է, հոգևոր հացի կարոտ մարդիկ թերթից ստանում են իրենց որոնածը, բայց նման թերթի հետ հեռուստաընկերություն պետք է լիներ:
-Օձունի եկեղեցու վերականգնումով հիմնադրամն ավարտո՞ւմ է առաքելությունը, թե՞ անցնելու եք այլ հուշարձանի:
-Դա ոչ միայն մեզնից է կախված: Պահանջարկ պետք է լինի, ֆինանսներ: Իմ ընկերներից Արտակ Ոսկանյանը, երբ նոր էինք սկսում աշխատանքները, ասաց. «ՈՒշադիր եղիր, աստվածահաճո գործ եք սկսում, իսկ սատանան արթուն է: Նա ձեզ խանգարելու է, բայց կոտոշները տնկած չի գալու, ասի` ես խանգարում եմ, խանգարելու է ձեր յուրայինների միջոցով»: Տարբեր չինովնիկներ ասում էին` նախարարության վերևներում են ձեզ խանգարում, վերջին խորհրդակցության ժամանակ ես համոզվեցի, որ բոլորովին այդպես չէ. նախարարը իմ ներկայությամբ ասաց` ես մեկ տարի առաջ եմ հանձնարարել ազատվել այս չաշխատող ու ալարկոտ մարդկանցից, որ ոչինչ չեն անում, բայց խանգարում են: Օձունի նախագծով ես շփվել եմ և Մայր Աթոռի, և նախարարության հետ, վերևներում խանգարող չկա, խանգարողները ներքևում են, բամբասանքներ տարածողները ներքևում են: Ես չեմ ասում` մեր երկրում ամեն ինչ իդեալական է, բայց բամբասելով չես ստեղծի, բամբասելով քանդում ես:

Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ