Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մահը պիտի զգուշանա տպագիր մամուլին հանդիպելուց»

«Մահը պիտի զգուշանա տպագիր մամուլին հանդիպելուց»
09.01.2014 | 14:05

irates.am-ի հարցերին պատասխանում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե ՄԿՐՏՉՅԱՆԸ:


- Տիկին Մկրտչյան, Ձեր լրագրողական գործունեությունը համընկել է 88-ի Արցախյան շարժման, ժողովրդավարության, բազմակարծության, ազատ մամուլի «առաջին ծիծեռնակների» ի հայտ գալու ժամանակաշրջանի հետ: Ի՞նչ համեմատություններ կարող ենք անցկացնել այն ժամանակվա մամուլի և այսօրվա մամուլի հետ: Ե՞րբ էր մամուլն ավելի ազատ ու պրոֆեսիոնալ:
-Դժվար է համեմատել 20-րդ դարի 88-90-ական թթ. հայաստանյան մամուլը ներկա ժամանակների հետ, այնպես, ինչպես դժվար է համեմատել 90-ականնների Հայաստանը ներկա Հայաստանի հետ: Մամուլը հասարակական երևույթ է և արտացոլում է հասարակական, քաղաքական տուրևառությունները: 88-90-ական թթ. հեղափոխական և հետհեղափոխական ժամանակներ էին, ուստի այդպիսին էր նաև ժամանակի մամուլը: Փլուզվում էր խորհրդային համակարգը, դրա հետ մեկտեղ՝ խորհրդային լրագրությունը, իսկ նոր լրագրային դպրոց չկար: Լրագրողական իմ սերունդը դարձավ ճանապարհ բացող, որի գործը միշտ էլ բարդ է: Հետխրորհրդային նոր լրագրությունը կամ պիտի կայանար կարճ ժամանակահատվածում, կամ չկայանար ընդհանրապես: 1990 թ. մայիսին «Հայք» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանն ինձ առաջարկեց մեկնել Մոսկվա՝ ՀՀ պատվիրակության հետ մասնակցելու ԽՍՀՄ վերջին համագումարին և լուսաբանել այն: Ես «Հայքի» աշխատակիցը չէի, 1-2 հրապարակախոսական բնույթի հոդված էի ընդամենը տպագրել, սակայն լրագրող չէի: Երբ Մոսկվայի համագումարների դահլիճ մտա, ցնցվեցի. շուրջս ժամանակի հայտնի քաղաքական դեմքերն էին: Դա համագումար չէր, այլ իսկական քաղաքական փոթորիկ: Այդ հևքի մեջ հասկացա, որ կամ այդտեղ լրագրող կդառնամ, կամ ընդհանրապես չեմ դառնա: Առաջին օրվա շփոթությունս հաղթահարեցի և սկսեցի հրատապ ու հետաքրքիր նյութեր ուղարկել խմբագրություն: Հիշում եմ, դրանցից մեկը հարցազրույց էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Վեզիրովի հետ: Ղարաբաղյան խնդիրը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր. և ես հարցազրույց էի վարում հենց համագումարի դահլիճում ՝շրջապատված ոչ միայն ադրբեջանական, այլ մյուս հանրապետությունների պատվիրականությունների ներկայացուցիչներով, մոտ 30-40 մարդ իմ հարցազրույցի կենդանի ուղեկցողներն էին: Ինձ թվում է, մոսկովյան այցի այդ մեկ շաբաթը իմ լրագրային կյանքում ճակատագրական եղավ: Մոսկվայից վերադառնալուց հետո Սամվել Գևորգյանն ինձ հրավիրեց աշխատել «Հայքում»: Դա պատիվ և պատասխանատվություն էր: Լրագրողի կայանալու համար կարևորը վստահությունն ու ազատությունն է. «Հայքը» հենց դա ինձ տվեց:
90-ականների լրագրությունը ժամանակի կնիքն էր կրում՝ կտրուկ, համարձակ, չհղկված: Ժամանակները մեծ փոփոխություններ էին բերում, հասարակարգ ու աշխարհակարգ էր փոխվում. և մենք՝ լրագրողներս, առնվազն պիտի հետ չմնայինք ժամանակից, ընկալեինք փոփոխությունների ծավալն ու խորությունը: Հայաստանը մասն էր կազմում աշխարհաքաղաքական փոփոխությունների, և լրագրողների մեր սերունդը կայանում էր շատ արագ: Դրանք տպագիր մամուլի համար մեծ ժամանակներ էին: Յուրաքանչյուր թերթի օրական տպաքանակը 30-40 հազարի էր հասնում, և դրանք արագորեն սպառվում էին: Լրագրության մեջ արդեն տարբերվող անուն-ազգանուններ կային: Ժամանակները մեծ լրջություն էին պահանջում լրագրողներից: Ցավոք, իմ սերնդի լրագրողների մեծ մասը ասպարեզից աստիճանաբար հեռացավ, ինչը մասամբ զրկեց մամուլին լրջությունից: Այսօրվա ԶԼՄ-ներում ինձ ավելի մտահոգում է հենց լրջության պակասը: Հեռուստատեսության մասին չեմ խոսում, հեռուստաարտադրությունը կազմակերպված ազգերի մենաշնորհ է, հայ հասարակությունը նման կազմակերպվածություն չունի:
Ինձ համար տպագիր մամուլը ԶԼՄ-ների շարքում գերակա դիրք է գրավում: Սակայն հայաստանյան թերթերի տպաքանակները տասն անգամ կրճատվել են, հասարակության գնողականությունը՝ կտրուկ ընկել, տպագիր մամուլում գովազդը, որպես ֆինանսավորման աղբյուր, չի կայացել: Պատճառները հայտնի են: Ի բարեբախտություն մեզ, ՀՀ և ոչ մի իշխանության չհաջողվեց ամբողջական վերահսկողություն սահմանել տպագիր մամուլի վրա: Տպագիր մամուլը Հայաստանում ազատ է, սակայն այդ ազատությունը փխրուն է, քանի որ ֆինանսավորման խնդիրները ծանր կշռաքարերի պես կախված են թերթերի պարանոցից: Հայաստանում թերթերը գոյատևման պայքար են մղում՝ զրկված առաջընթացի, զարգացման հնարավորությունից:
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, ապա հետևյալ կորուստներն առանձնացնեմ. 1.թերթերում բազմակարծություն կա, սակայն չկա թեմատիկ բազմազանություն, 2. առկա է լրջության կորուստ, 3.նոր սերնդի լրագրողների մեջ չկան տարբերվող անուն-ազգանուններ, 4. ԶԼՄ-ներում կարծիքների հակադրություն կա, սակայն մտքի, գաղափարի թռիչք չկա, 5.առկա է կենցաղայնություն, նաև՝ բառապաշարի, լեզվական մտածողության առումով:
-Վերջին տարիներին, թերթերին զուգահեռ, սնկի պես աճեցին տարբեր ինտերնետային կայքեր: Եթե թերթերը և՛ ծախսատար են, և՛ կորցրել են իրենց նախկին հետաքրքրությունը, ապա կայքերի տեղեկատվությունն ավելի դյուրին է տարածվում հենց թեկուզ Ֆեյսբուքի միջոցով: Որո՞նք են կայքերի դրական և բացասական կողմերը, որքանո՞վ են դրանք ազատ և պրոֆեսիոնալ:
-Ես բնավ մտահոգված չեմ ինտերնետային կայքերի առատությունից: Իհարկե, դրանց մի մասը դժվար է տեղավորել լրագրային մասնագիտական չափանիշներում, սակայն զանգվածային հաղորդակցության, տեղեկատվության հրատապության ապահովման առումով կայքերի դերն անուրանալի է: Պարզ է, դրանց մի մասը վերահսկվում է, սակայն տեղեկատվական գործառույթը դրանք իրացնում են: Պարզապես խմբագիրները պետք է մեծացնեն լրագրողներից մասնագիտական պահանջները: Այսօրվա լրագրողներն ավելի արագաշարժ են, քան մենք էինք, մենք կարող էինք խորհրդարանում մի նիստը լուսաբանելու համար ողջ օրը մնալ այնտեղ, այսօր լրագրողներից պահանջում են լինել ամեն տեղ, և դրա համար երևի նրանք չեն հասցնում կայանալ: Լրագրողին ասում են՝ վաղը, այս ժամին կլինես, օրինակ, Մամուլի ազգային ակումբում: Լրագրողը գալիս է, անգամ չգիտե, թե ով է հյուրը: Այսինքն՝ հարցեր տալուն պատրատվելու մասին խոսք լինել չի կարող:
Սոցիալական մամուլի խնդիրներն այլ են, յուրաքանչյուրը սոցիալական մամուլից օգտվելու իր պատճառներն ունի: Սոցիալական մամուլի դերը մեծ է, իհարկե, այն չի կարող ստերիլ լինել. վիրտուալ Հայաստանում, ինչպես նաև իրական Հայաստանում, երեսպաշտությունը շատ է:
-Դուք լրագրություն եք դասավանդում նաև բուհում: Բուհական կրթությունն այսօր բավարա՞ր պայման է լրագրողի ձևավորման համար:
-Ինչպես մեր սերունդը կայացավ առանց լրագրային դպրոցի, այդպես էլ այսօրվա սերունդն է ստիպված այդպես կայանալ: Ճիշտ է, հիմա գործող լրագրողների թիվը բուհերի լրագրության ֆակուլտետներում անհամեմատ շատ է, քանի 8-10 տարի առաջ, սակայն, ցավոք, բուհական լրագրային դպրոցը չի կայացել: Անիմաստ է առաջիկայում սպասել բուհական լրագրային դպրոցի կայացմանը, Հայաստանում բուհական կրթական համակարգի խնդիրներն ավելի են խորանում, քան լուծվում:
-Կա տեսակետ, որ մամուլը դանդաղ մեռնում է, մենք ապագայում չենք ունենա թերթեր, քանի որ ինտերնետային կայքերն են զբաղեցրել նրանց տեղը: Եթե այսօր Հայաստանում հրատարակվի գործող մամուլի դաշտում նոր խոսք ասող թերթ, հնարավո՞ր է վերականգնել մամուլի կորսված հեղինակությունը:
-Եթե տպագիր մամուլին գա փոխարինելու ավելի մեծ երևույթ, քան ինքը՝ տպագիր մամուլն է, ապա կարելի է ասել, որ դրա մահվանը հաջորդեց նոր ծնունդ: Սակայն տպագիր մամուլը մեծ երևույթ է, այն շատ երկար ճանապարհ է անցել. մահն ինքը պիտի զգուշանա տպագիր մամուլին հանդիպելուց: Եթե մամուլը զարգացմամբ առաջ է անցնում հասարակությունից, ապա հնարավոր է, որ այն կամ մնա չհասկացված, այիսնքն՝ չընթերցվող, կամ իր հետ առաջ տանի հասարակությանը: Թերթերը վախենում եմ լրջանալու դեպքում ընթերցող կորցնել: Մենք փորձեցինք նման թերթ հրատարակել՝ «Ամբիոնը»՝ 2003 թ. հունիսին: Ես երբեմն հետահայաց նայում եմ «Ամբիոնի» համարները՝ լուրջ, վերլուծական թերթ էր, սակայն համահունչ չէր հասարակության ընկալումներին, ուստիև հանրաճանաչություն չգտավ. 3-4 տարի հրատարակելուց հետո պարզապես դադարեցրեցինք տպագրել:
Հաջորդը: 90-ականնների քաղաքական գործիչների աշխարահայացքային, ինտելեկտուալ, բարոյահոգեբանական մակարդակները այսօրվա գործիչների համեմատ շատ տարբեր են, թեպետ ժամանակները և բարքերը փոխել են նաև այդ գործիչներին: Մենք փորձում էինք հասնել-հավասարվել նրանց, լրջորեն պատրաստվում էինք հարցազրույցների, ասուլիսների: Իսկ այժմ ո՞ր քաղաքական գործչի մակարդակին պիտի փորձի հասնել այսօրվա լրագրողը: Քաղաքական դաշտում ավերակներ են, մամուլն այդ ավերակների հողն ինչպե՞ս հերկի:
-Մամուլում պարբերաբար հանդես եք գալիս հոդվածներով: Փորձե՞լ եք պարզել, թե ով է Ձեր ընթերցողը:
-Ես հիմնականում գրում եմ երկու, առավելագույնը՝ երեք թերթերի համար, և իմ ընթերցողների շրջանակի մի մասը պայմանավորված է նաև տվյալ թերթի ընթերցողներով: Յուրաքանչյուր թերթ ունի ընթերցողների իր շրջանակը: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ խմբագիր-ընկերներին, որոնք համաձայնում եմ հոդվածներս տպագրել՝ իմ ոչ դյուրին պահանջներով և պայմաններով: Դատելով արձագանքներից՝ իմ հոդվածների ընթերցողը հիմնականում մտավորական հատվածն է: Բարեբախտաբար, նաև՝ երիտասարդները, բայց դրա պատճառն այն է, որ ես հոդվածս հանրայանացնում եմ սոցիալական ցանցերով, որտեղ իմ ընկերների որոշակի հատվածը նախկին և ներկա ուսանողներս են: Այս անընթերցող հասարակության մեջ յուրաքանչյուր ընթերցողի պետք է շնորհակալ լինել, արձագանքելու համար՝ առավել ևս, սակայն ես հատկապես կարևորում եմ երիտասարդությանը: Ամենակարևորը նրանց թերթի հետ կապելն է, իսկ դա բարդ աշխատանք է:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ