Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արսենյան-Մատրոսովը շատ բան չի՞ վերցնում իր վրա

Արսենյան-Մատրոսովը շատ բան չի՞ վերցնում իր վրա
27.02.2014 | 13:51

ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ ՀԱԿ-ի` Մարտի 1 -ի իրադարձություններով նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ասել է, թե բանակը 2008-ի մարտի 1-ի գործողություններին մասնակից չի եղել: «Ես մեծագույն պատասխանատվություն վերցնելով ինձ վրա հայտարարում եմ, որ հայոց բանակը, որի կայացման համար բոլորս ջանք չենք խնայել, մասնակից չի եղել այդ գործողություններին: Եկեք մաքրենք մեր բանակի հեղինակությունը նման մեղադրանքներից»,- հայտարարել է Գուրգեն Արսենյանը:

Արսենյանին հիշեցնենք. 2008-ի մարտի 2-ի իր ասուլիսում այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսելով նախորդ օրը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների և ցուցարարների վրա կրակելու մասին, մեղադրելով վերջիններիս, թե իբր նրանք էին կրակում անզեն ոստիկանների վրա, ասել է. «…Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգուկանոն հաստատելու համար: Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք և, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»: Իսկ 2008-ի նախագահի թեկնածու, ընդդիմության առաջնորդ և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերլուծելով Մարտի 1-ի դեպքերը, մեջբերել է Քոչարյանի ` վերը հիշատակված խոսքերը և ապա իր վերլուծության վերջում եզրահանգել. «Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ Մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների և ոստիկանության միջև, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա: Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ»:
Երեք հայտարարություն և բազմաթիվ հարցեր: Եթե Քոչարյանն ինքն է խոստովանել, որ բանակը մասնակից է եղել մարտի 1-ի գործողություններին, ապա Գուրգեն Արսենյանն ի՞նչ հիմքով է դա հերքում: Սա` մեկ: Երկրորդը` եթե Արսենյանը տեղյակ չի եղել Քոչարյանի հայտարարությանը` իր ասելով այդ ժամանակ Հայաստանում չգտնվելու պատճառով, ապա պետք է որ վերադառնալուց հետո գոնե ծանոթանար փաստերին: ՈՒրե՞մն: Գուրգեն Արսենյանը կամ Քոչարյանի երեսն է լվանում, որի «ականջները» միշտ երևացել են ԲՀԿ-ի հետևից (չէ՞ որ այստեղ նաև ԲՀԿ-ի մասնակցության հարցը կա` դեռ ԲՀԿ-ական, 2008-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին մի կողմ թողած), կամ նա այսօրվա գործող իշխանությանն է հաճոյանում, քանի որ իշխանության մեջ իրականում քիչ չեն նրանք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ իրադարձություններին, կամ էլ նա ընդհանրապես քաղաքական գործիչ չէ` նկատի ունենալով նրա կողմից ակնհայտ փաստերի հերքման հետևողականությունը, որից անլրջության հոտ է գալիս:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ.- Այս պարագայում ՀԱԿ-ը, որը կրկին ու կրկին Մարտի 1-ի հարց է բարձրացնում` միաժամանակ քաղաքական դաշտում համագործակցելով նույն ԲՀԿ-ի հետ, ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա ճանապարհը այս կուսակցության ուղեկցությամբ:

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ