Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շաբաթօրյակ` հանրահավաքին չմասնակցելու համար

Շաբաթօրյակ` հանրահավաքին չմասնակցելու համար
01.03.2014 | 11:42

Վեց տարի առաջ այս օրը Հայաստանում գարնան առաջին օրն իր իմաստը կորցրեց ու մարդկանց գիտակցության մեջ դաջվեց, որպես «սև» օր: Այս խարանը հայոց պատմության արյունալի էջերը հարստացրեց ևս մեկով: Սակայն մեզանում երբեք նման դեպքերից հետո կարծես դասեր չեն քաղում «վերևներում» նստածներն ու նրանց ընդդիմախոսները, որովհետև պատեհ-անպատեհ առիթներով քաղաքական շահարկման թեմա են դարձնում Մարտի 1-ը: Սրա լավագույն օրինակը ԱԺ վերջին քառօրյան էր, որտեղ մեծ հաշվով ոչ մեկը մյուսից դրական լույսով չառանձնացավ: Միմյանց վրա բարդեցին, միմյանց մեղադրեցին, անհասցե մեղավորներ ու կազմակերպիչներ գտան ու որ ամենասարսափելին էր, սպանդը օգտագործեցին միմյանց քաղաքական որակումներ տալու, ինչ-որ բաներ ենթատեքստերով հասկացնելու, ու այլ ճղճիմ նպատակներով:

Իրականում ոչ մեկն էլ ի վիճակի չեղավ հասկանալու, որ այդ զոհերի հարազատներին ամենևին չի հետաքրքրում, թե նրանցից ով ավելի սրտաճմլիկ կխոսի, ով կուրծք կծեծի ամբիոնից և ով սպանությունները բացահայտելու մշտական խոստում կտա:
Եթե ընդդիմությունը ցանկանում է, որ այսօրվա կազմակերպվելիք հանրահավաքին որքան հնարավոր է շատ մարդ հավաքվի, ապա իշխանությունը` որքան հնարավոր է խոչընդոտի մարդկանց հոսքը դեպի Ազատության հրապարակ: ՈՒշագրավ է, որ այս նպատակի համար իշխանությունը շատ «անմեղ» պատճառ է հորինել: Մեր տեղեկություններով, բավականին շատ պետական և ոչ միայն պետական հիմնարկներում այսօր հայտարարված է շաբաթօրյակի օր: Ավելին, կա խիստ հրահանգ` չմասնակցելու դեպքում նկատողություն: Թե ինչու է իշխանությունը մարդաշատ հանրահավաքից վախենում, դժվար չէ կռահել, հատկապես ուկրաինական վերջին զարգացումներից հետո: Սակայն ոչ թե անհեթեթ պատճառներով, վախեցնելով պիտի մարդկանց հանրահավաք գնալը արգելել (ի վերջո, դա մի օր կարող է այլևս «չաշխատել»), այլ իրական, շոշափելի քայլեր իրականացնելով, մարդկանց չնչին եկամուտները տարբեր «բարեփոխումների» անվան տակ չկորզելով: Կգիտակիցի՞ սա իշխանությունը, ուրեմն մենք Մարտի 1-ի կրկնություն չենք ունենա, չի՞ գիտակցի, պատմությունը, որքան էլ ցավալի է, կրկնվելու հատկություն ունի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ