ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Վարչապետն էս երկրի թշնամին հո չէ՞»

«Վարչապետն էս երկրի  թշնամին հո չէ՞»
20.03.2014 | 23:54

Ոչիշխանական ուժերին հաջողվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում համաձայնության գալ, մնում է, որ հասցնեն վերջնակետին: Այս հարցում իշխանության ներկայացուցիչները թերահավատ են ու կարծում են, որ քառյակին չի հաջողվի արդյունք արձանագրել: ՀՀԿ անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ոչիշխանական ուժերի այդ քայլը որակեց անվստահություն հայտնելու փորձ. «Սա տեսանելի էր շատ վաղուց, քանի որ այդ ուժերը միավորվել են հենց այդ նպատակով: Յուրաքանչյուրն առանձին-առանձին խոսում էր այդ մասին: Կառավարությունը դեռ իշխանություն չէ: Կան խնդրահարույց հարցեր, կա իսկապես դժգոհ զանգված, որի թիրախը կառավարությունն է»։

-Կարծում եմ, կառավարությանն անվստահություն հայտնելը դեռ խնդիրների լուծում չէ,- ասաց պարոն Ալեքսանյանը:- Եթե նոր կառավարություն պիտի ձևավորվի, դա կրկին, ըստ Սահմանադրության, մեծամասնության իրավունքն է:
-Ի դեպ, ՀԱԿ-ում կարծում են, որ մեծամասնությունից «բեկորներ» կառանձնանան և կմիանան իրենց նախաձեռնությանը:
-Եթե հույս ունեն, որ ՀՀԿ-ից աջակցություն կստանան, սխալվում են: ՀՀԿ-ում նման տրամադրվածություն չկա: Նախ, ամենակարևորը՝ այդ ուժերը պետք է իրենք իրենց մեջ ճշտեն` վերջնանպատակը ո՞րն է: Եթե լոկ կառավարության անվստահության հարցն է, և ոչ թե իշխանափոխության կամ համակարգային, հիմնարար փոփոխությունների, սա հասկանալի կլինի: Այսինքն, ուզում են վարչապետին փոխել այսինչ մարդով: Այլապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, ինձ համար անհասկանալի է, ենթադրենք, վարչապետը կամ նախարարները փոխվեցին, ի՞նչ է փոխվելու: Ենթադրենք, նաև իրենց տեսլականով ՀՀԿ-ից էլ աջակցություն ստացան ու վարչապետին փոխեցին, դա ի՞նչ է տալու: Պարզ է, չէ՞, որ վարչապետը կրկին ՀՀԿ-ից է լինելու: Եթե լուրջ նպատակ ունեն, ոչ թե վարչապետին, այլ իշխանությանն անվստահություն պիտի հայտնեն: Իսկ իշխանություններն էլ ընտրովի մարմիններ են` ՏԻՄ-ը, ԱԺ-ն և նախագահը:
-Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա մեծ գործընթացի առաջին քայլն է, և հասարակական ճնշման արդյունքում հասնելու են վերջնական իշխանափոխության:
-Որտե՞ղ է գրված դա, ո՞ւր է այդ մասին չորս ուժերի հայտարարությունը, որ իրենք իշխանափոխություն են ուզում: Մինչ այդ նախ պիտի հստակեցնեն՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ այլընտրանք: ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն է: Բոլորին էլ ակնհայտ է, որ այդ ուժերի առանցքը ԲՀԿ-ն է, բայց Գագիկ Ծառուկյանը չի շտապում ընդդիմադիր լինել և իշխանափոխության մասին հայտարարել: Նախ իրենց վերջնանպատակը պիտի ճշտեն, նոր առաջին քայլն անեն: Եթե քայլն անում են՝ նոր ճշտեն, դրանում դրական բան չեմ տեսնում: Քաղաքականության մեջ վերջնանպատակը պետք է հստակ լինի, այլապես առաջին քայլը կարող է սխալ լինել:
-Ձեր կարծիքով, իրենց վերջնանպատակն աղո՞տ է:
-Ես չեմ տեսնում դա, քանի որ հայտարարված չէ: Գուցե իրար մեջ նպատակ ունեն, բայց հանրության համար դա անհայտ է, քաղաքական համատեղ հայտարարություն, որպես այդպիսին, քառյակը չի արել:
-Կարծում եք, սա վարչապետի աթոռի համար կռի՞վ է:
-Չեմ կարծում, որ այդ չորս ուժերում և իրենց շրջապատում բոլորը նույն կերպ են մտածում: Գուցե մեկ-երկուսի նպատակը դա է, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք կասկածում են, թե վարչապետի փոփոխությամբ այս երկրում ինչ-որ բան կփոխվի: Այդուհանդերձ, նրանց նպատակը մութ է: Եթե կարողանան վարչապետին անվստահություն հայտնել, կկարողանան նաև իշխանություններին անվստահություն հայտնել: Ես խիստ կասկածում եմ, որ իրենք կկարողանան կառավարությանն անվստահություն հայտնել: ՈՒրիշ բան, որ փորձեն ճնշում գործադրել մեծամասնության վրա:
-Ինչպե՞ս կարող են ճնշել մեծամասնությանը:
-Հասարակական ճնշում գործադրելով և այդ դժգոհությունը օգտագործելով: Եթե խորհրդարանում հարցը բարձրացնեն ու նույնիսկ նպատակին չհասնեն, հարցը հնչեղություն կստանա: Խորհրդարանն այն ամբիոնն է, որը մեծ հրապարակայնություն է ապահովում: Սա էլ է նպատակ: Հասարակության մեջ դժգոհությունը մեծացնել և ուղղորդել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի լուծմանը: Սակայն կան ուժեր, հատկապես քաղաքացիական խմբեր, որոնք շատ լավ տեսնում են, որ քաղաքական ուժերը ցանկանում են իրենց օգտագործել և չեն գնում նրանց գծած սցենարով: Սա վերաբերում է և՛ բնապահպանական, և՛ կենսաթոշակային, և՛ տրանսպորտային հարցերով մտահոգ խմբերին: Այս ուժերի նպատակն էլ հենց վերջիններիս միավորելը, քաղաքականացնելն է և իրենց նպատակին ծառայեցնելը` բոլոր խնդիրների մեղավորը համարելով կառավարությանը:
-Գոնե այս հարցում իրենք հաջողություն չե՞ն արձանագրի:
-Ոչ, որովհետև, երկրորդեմ, նպատակը հստակ չէ: Հասարակական կազմակերպությունները քաջ գիտակցում են, որ եթե ընդամենը կառավարությունն է նպատակը, այդ խնդիրներն այնքան էլ կառավարության հետ կապված չեն: Այսօր համայնքապետը, քաղաքապետը կարող են շատ ավելի խնդիրներ լուծել, քան նախարարը: Ամեն ինչ չէ, որ կախված է նախարարներից: Օրինակ, այսօր ողջունելի է, որ կառավարությունը որոշել է տրանսպորտային տնտեսությունը տալ քաղաքապետարանին: Սա քայլ է, որով ոլորտը մեկ պատասխանատու է ունենալու: Այնպես չէ, ինչպես ներկայացնում են, թե այս կառավարությունն այսօր փորձում է ժողովրդից ամեն ինչ քամել-տանել ու տալ ինչ-որ մասնավոր մեկի: Նույնը կարելի է ասել կուտակայինի, տրանսպորտի հետ կապված բողոքների առնչությամբ: Բոլորի մեջ տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը ժողովրդից այդ գումարները հավաքում է ինչ-որ մեկին հարստացնելու համար:
-Ի դեպ, քառյակը նաև այդ հարցերի շուրջ իր դիրքորոշումը հայտնեց, նրանք մասնակցելու են և «Դեմ եմ»-ի հանրահավաքին, և արտահերթ նախագիծ են ներկայացնելու ԱԺ՝ քաղաքապետարանի գործողությունների առնչությամբ: Այսինքն, ընդդիմությունը հենց այդպես էլ ընկալում է հարցերը, որ շարքային քաղաքացիներից «կոպեկները» խլում է կառավարությունը:
-Ե՛վ ընդդիմությունում, և՛ իշխանությունում կան շատ կարգին, ազնիվ մարդիկ, որոնք հավատացած են, որ այդ բարեփոխումները դրականորեն են ազդելու հանրային կյանքի վրա: Այնպես չէ, որ բոլորը հրեշտակներ են, երկու կողմում էլ կան մարդիկ, որոնք շահարկում են հարցերը` փորձելով ՀԿ-ների դժգոհությունները միավորել և ուղղորդել, բայց դրանք քաղաքական չեն: Նույն կուտակայինը վարչապետն իրենից հո չի հորինել, իսկապես գուցե այդտեղ ռիսկային բաներ կան, որոշ սխալներ, բայց դրանք քաղաքական չեն, ու դրանց նպատակն ազնիվ է: Վարչապետը էս երկրի թշնամին հո չէ՞: ՈՒրիշ բան է, որ սրանով գուցե տնտեսությունը չզարգանա, կանխատեսումները չիրականանան, բայց սա կապել կոռուպցիայի հետ, որ այդ փողերը փորձում են լափել, թալանել, սխալ է: Այդ փողերը բանկային գումարներ են, ի՞նչ լափելու մասին է խոսքը: Իսկ ինչո՞ւ այս իրավիճակում կառավարությունը պիտի ցանկանար հարստացնել ինչ-որ մարդկանց, իսկ աղքատ ժողովրդից այդ գումարները վերցնել: Սրանք քաղաքական շահարկումներ են, ու դա էլ է բնական:
-Չնայած Դուք շահարկումներ եք որակում, բայց ընդդիմադիր հատվածը համոզված է, որ իշխանության ցանկացած որոշում, օրենք ընդունվում է` ելնելով որոշ մարդկանց շահերից:
-Իսկ ի՞նչ է, իրենք դառնալու են վարչապետ, նախարար ու 300-400 հազար դրամով ծառայելու են ժողովրդի՞ն: Եթե այդպիսի մեկին ճանաչեմ, կգնամ նրա կողքին կկանգնեմ: Ամենամեծ ընդդիմախոսները, իշխանության գալով, հօգուտ իշխանության են խոսում, այսինքն, գոյություն ունեն քաղաքական, անձնական շահեր: Բոլորը բոլորին շատ լավ գիտեն, նոր մարդիկ չեն, կուսակցությունների անուններն են փոխվել, բայց մարդիկ չեն փոխվել: Արդյո՞ք այսօր կուտակված խնդիրները միայն այսօրվա իշխանությունների գործելաոճի արդյունք են: Դրանք եկել են 90-ականներից:
-Համակարգային խնդիրնե՞րն եք ակնարկում:
-Այո, և այդ համակարգն այս իշխանությունները չեն ստեղծել:
-Բայց դա արդարացնո՞ւմ է այս իշխանություններին:
-Չի արդարացնում, բայց ստեղծված մեխանիզմը միանգամից ջարդելը հեշտ բան չէ: Այսօր տնտեսությունը մի խումբ անհատների, ընտանիքների ուսերին է: Սա քանդելն էլ է շատ ռիսկային, դա իշխանությունները շատ լավ հասկանում են: Ի՞նչ է, կուլակաթա՞փ են ուզում անել բոլորին, տնտեսությունը քանդե՞լ: Չէ՞ որ նույն ընդդիմադիր դաշտում էլ կան հարուստներ: Կա մի պարզ ճշմարտություն՝ այսօրվա բացասական երևույթները, փողի կուլտը ստեղծվել են 90-ականներին հիմք դրված վայրի լիբերալ քաղաքականության արդյունքում: Բոլոր երկրներում, որտեղ կան գերհարուստներ և ծայրահեղ աղքատներ, այնտեղ չեն կարող դրական տեղաշարժեր լինել, քանի որ փողը գագաթում է գտնվում: Եթե փողը «վերևում» է, և՛ մարդկային հարաբերությունները, և՛ ազգային խնդիրները, և՛ բարոյականությունը երկրորդական պլան են մղվում: Այնպես չէ, որ փողի ձգտում են միայն իշխանությունում, ժողովրդի մեջ էլ այդ մտածելակերպն է. բաժակ են բարձրացնում ու ասում` քեզ շատ փող: Այսօր ծեծուջարդով ընտրություն չի արվում, գումար է բաժանվում ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության կողմից:
-Ասել է թե՝ եթե այս ընդդիմությունն էլ իշխանության գա, դրական փոփոխության ակնկալիք չպե՞տք է ունենալ:
-Նպատակը պետք է ազնիվ ու պարզ լինի: Եթե նպատակն այս ամենը փոխելն է, պետք է ասվի, որ սա, սա փոխվելու է: Այսինքն, թացին պիտի թաց ասել, չորին` չոր, որ թացը չորի հետ չվառվի: Մեր երկրում 180 աստիճանի հակադիր բաներ չեն կարող լինել: Չի կարող այսօրվա նախարարը հրեշ լինել, նախկինը` հրեշտակ: Շատ խնդիրներ օբյեկտիվ են, բայց դրանք պետք է մաքրվեն: Եթե գալու և մաքրելու է այն մարդը, որն ինքն է դա ստեղծել, ես չեմ հավատում այդ մարդուն:
-Այսօրվա իշխանությունը ինչքա՞ն է կարողանում այդ «մաքրումն» իրականացնել:
-Իշխանությունն էլ շատ բազմաշերտ է ու բազմագույն: Այսօրվա իշխանության բարձրագույն օղակը` նախագահը, շատ լավ հասկանում է այս խնդիրները ու փորձում է լուծումների ճանապարհով գնալ: Այսօրվա հասարակական ակտիվությանը, ազատ քննադատությանը, քաղաքացիական նախաձեռնություններին երկրի ղեկավարը մեծ տեղ է տալիս: Չկարծեք, որ եթե սահմանափակումներ իրականացվեին, այսպիսի ակտիվություն կլիներ այս ոլորտում: Սրա արդյունքում էր, որ վարչապետը հայտարարեց, թե հնարավոր է «կուտակային կենսաթոշակայինի» հետ կապված մենք ինչ-որ սխալներ ենք թույլ տվել ու պատրաստ ենք բանակցություններին: Խնդրահարույց հարցերի շուրջ իշխանությունները պատրաստ են գնալու բանակցությունների: Սա պիտի տեսնել: Այսօր լրատվամիջոց, հեռուստատեսություն չի փակվում, ավելին, շատերն ընդդիմադիր կեցվածք ունեն: Եթե սա կա, ուրեմն դա ձեռնտու է նաև իշխանություններին: Եթե մեկը կասի, որ կգա ու այս ամենը միանգամից կվերացնի, սուտ կլինի: Եթե ընդդիմությունը ուժեղ է և առողջ, զգաստացնում է իշխանությանը:
-Մեր ընդդիմությունն այդպիսին չէ՞:
-Ոչ: Իշխանությունը շատ հրապուրիչ բան է, և ընդդիմությունն իր առաջնորդով մշտապես պետք է զգաստացնի իշխանությանը: Իսկ սրա համար նախ պետք է ընդդիմությունն իր առջև ազնիվ նպատակներ դնի: Եթե ուզում են կաշառակերությունը, կոռուպցիան վերանան, առաջինն ընդդիմությունը պետք է իր մեջ այդ խնդիրները լուծի: Այսօր ընդդիմությանը հանրությունը չի հավատում: Դժգոհ մասսան ընդդիմության հետևից չի գնում: Բոլորին չհավատալու պատճառն այն է, որ խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում: Ժողովուրդն իմաստուն է: Մի մարդը կարող է սխալվել, բայց ժողովուրդը` երբեք: Չի հավատում, որովհետև այս մարդը ժամանակին իշխանություն էր, իսկ հիմա ընդդիմություն է ու մեծ-մեծ խոսում է: Այսօր ընդդիմությունն իր դիրքորոշումները հստակեցնելու խնդիր ունի:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ