Հայաստանի հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ պարբերաբար հետազոտվելու ավանդույթը: Այս մասին այսօր հայտարարել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետ Պետրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 1988-ից մինչև 2014-ը Հայաստանում ՄԻԱՎ վարակի 1730 դեպք է գրանցվել: Նրանցից 1206-ը տղամարդիկ են, իսկ 524-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: ՄԻԱՎ-ով վարակվածների մեջ կան նաև երեխաներ` 36 դեպք: Ժանետ Պետրոսյանն ասել է, թե մեր երկրում ՄԻԱՎ վարակի ախտորոշումը կատարվում է վարակի բավականին ուշ շրջանում, որն էլ անհնար է դարձնում հիվանդի փրկությունը: Արդյունավետ բուժում ստանալու համար հարկ է, որ մարդիկ ժամանակին դիմեն բժշկի, որի շնորհիվ ոչ միայն հիվանդները կբուժվեն, այլև հնարավոր կլինի կանխել նրանց կողմից վարակի տարածումը:
Ասուլիսին ներկա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միության ջատագովության մասնագետ Օլյա Ալեքսանդրովան էլ ասել է, թե Հայաստանի իշխանությունները պետք է պետբյուջեից որոշակի գումար հատկացնեն վարակի դեմ պայքարին: Մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարն իրականացվում է միջազգային «Գլոբալ ֆոնդ» հիմնադրամի հատկացրած միջոցներով: Ալեքսանդրովայի խոսքով` եթե «Գլոբալ ֆոնդը» դադարեցնի ֆինանսավորումը, Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա: Նշենք, որ երեկ` մայիսի 18-ին, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրն էր: