Հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Այս մասին ասվում է ՄԻՊ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Հոգեբուժական հաստատություններում «բավարար չեն» սանիտարահիգիենիկ պայմանները, «անմխիթար ու ոչ բարվոք» վիճակում են հիվանդասենյակները, աշխատասենյակները, խոհանոցներն ու լվացքատները: Պաշտպանի ներկայացուցիչները պարզել են, որ հաստատություններում օգտագործվում է նաև ժամկետանց դեղորայք, բացակայում են նոր սերնդի հոգեմետ դեղերը: «Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ», -նշվում է հաղորդագրության մեջ:
Հոգեբուժական որոշ հաստատություններում հոգեբույժները, սանիտարները «չափազանց քիչ են». «Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված»: ՄԻՊ ներկայացուցիչները պարզել են նաև նման հիմնարկներում հիվանդներին տրվող սննդի որակը: Պարզվել է, որ, օրինակ, «հուլիսի 15-ին «Նորք» հոգեբուժական կլինիկայում առկա չէին ճաշացանկը և նախորդ օրվա սննդի նմուշը»: Այս կլինիկայում վերջին անգամ կաթնամթերք են ստացել «անցյալ տարի, սնունդը միատեսակ է»: Բավարար չեն նաև սանիտարահիգիենիկ պայմանները: Ասվում է, որ դեռևս մայիսի 18-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել է «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ, «տեղում հանձնարարել արագ լուծումներ տալ բուժաշխատողների և բուժվողների մատնանշած խնդիրներին»: Անցել է երկու ամիս, սակայն վիճակը դեռևս նույն է: