Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

«Կանգուն մնալով՝ Երիտասարդության պալատը ավելի լավ կծառայեր այն նպատակին, որի համար ստեղծվել էր»

«Կանգուն մնալով՝ Երիտասարդության պալատը ավելի լավ կծառայեր այն նպատակին, որի համար ստեղծվել էր»
30.09.2014 | 00:05

«Աբովյան» պուրակի վերևում գտնվող տարածքը, որտեղ ընդամենը տասը տարի առաջ վեր էր խոյանում Երիտասարդության պալատը, կամ Երիտասարդության տունը` յուրօրինակ շուք ու գեղեցկություն հաղորդելով մայրաքաղաքին, վերածվել է էկզոտիկ աղբավայրի: Տարածքում այսօր ջարդոտված ու կիսաչոր ծառեր են, այստեղ-այնտեղ թափված քարեր, ավազ, հին շինանյութ և կենցաղային աղբակույտեր, որոնց պարունակությունը երեկոյան ուժգնացած քամին վերևից իր հետ բերում է քաղաք: Չկան և ոչնչացվել են ոչ միայն շենքին hարող կանաչ գոտիները, այլև մերձակա չորս հա տարածքով բլուրը:
Ժամանակի պահանջներին համահունչ և եզակի համարվող կառույցից, որի յուրօրինակ արդիական ոճի մասին գրվել է (Նյու Յորքում 2011-ին հրատարակված) «Սովետական մոդեռնիզմ» գրքում, մնացել է միայն դատարկ հրապարակը` հար և նման արձանից զրկված թափուր պատվանդանի:
Ինչո՞ւ քանդեցին արվեստով հարուստ, ինժեներական բացառիկ լուծումներով (24 հոյակերտ սյուների վրա կանգնած, 14-հարկանի, ինքնատիպ աշտարակով) շինությունը, եթե նշված վայրում ուրիշ ավելի կարևոր բան չէր կառուցվելու: Նպատակին չէ՞ր ծառայում շենքն այլևս, թե՞ քանդելու համար ավելի հիմնավոր պատճառներ կային: Հետաքրքիր է նաև, թե խորհրդային որ տարիներին է ստեղծվել կառույցը և հիմնականում ում գաղափարով: Այդ բոլոր հարցերը պարզաբանելու նպատակով որոշեցինք զրուցել Երիտասարդության պալատի նախագծի համահեղինակ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ինժեներական ակադեմիայի և Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժնի ակադեմիկոս, «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախկին տնօրեն, Հայաստանի ՃՄ վարչության անդամ, պրոֆեսոր ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:


-Շենքի ստեղծման գաղափարը ծնվել է 1970-ականների կեսերին` ԽՍՀՄ իշխանությունների որոշմամբ, -հստակեցրեց Հրաչ Պողոսյանը:- Այդ որոշման համաձայն, բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում նշված ժամանակահատվածում նախատեսվել էր կառուցել երիտասարդական պալատներ, որտեղ փառատոների, միջազգային գիտական համախորհրդակցությունների (սիմպոզիումների) և սպորտային միջոցառումների ժամանակ պետք է հավաքվեին տարբեր երկրներից և հանրապետություններից ժամանած երիտասարդներ:
Այդ նպատակի համար ստեղծվելիք hայաստանյան կառույցի նախագծումը Ստեփան Պողոսյանը (այն ժամանակվա Հայաստանի կոմերիտմիության ղեկավարը) հանձնարարեց մեզ` Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի համահեղինակներիս, ճարտարապետներ Արթուր Թարխանյանին, Սպարտակ Խաչիկյանին և ինձ:
-Ինչքա՞ն ժամանակ ծախսվեց նախագծման աշխատանքների վրա:
-Շուրջ 3 տարի, քանի որ նախագծային բարդ աշխատանքներում ընդգրկված էին ոչ միայն հյուրանոցը, 300-տեղանոց ակումբը, ռեստորանը, հարսանյաց սրահը, լողավազանը, սպորտի, կինոյի և էստրադայինի հազար նստատեղով դահլիճները, այլև իր առանցքի շուրջը պտտվող, մայրաքաղաքի գեղեցկությունը բացահայտող սրճարանը:
Նախատեսվել էր, որ Երիտասարդության պալատը պետք է կառուցվի բարձրադիր, բոլորին երևացող տարածքում, որի տեղը որոշվեց երկար փնտրտուքներից հետո:
-Քանի՞ տարում կառուցվեց շենքը:
-Շուրջ տասը տարում, քանի որ շինարարական նախահաշվարկային գումարը Մոսկվան մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տրամադրում էր մաս-մաս: Շինարարության վրա ծախսվեց 9,5 միլիոն ռուբլի (ներկայիս փոխարժեքով` մոտ նույնքան դոլար), ինչը շատ փոքր գումար էր նման հսկա կառույցի շինարարության համար:
-Ե՞րբ շահագործման հանձնվեց կառույցը:
-1979 թվականին: Շահագործման հանձնվելուց հետո, նախագիծն ստեղծող երեք ճարտարապետներս էլ պարգևատրվեցինք ԽՍՀՄ-ում թվով երրորդ համարվող` Կոմերիտմիության համամիութենական պատվավոր մրցանակով, իսկ համալիրն արժանացավ «Սովետական մոդեռնիզմի» լավագույն գնահատականին:
Այդ թվականից սկսած (մինչև 2005 թվականը, կամ մինչև շինության քանդումը) կառույցում հանգրվանել են ինչպես Խորհրդային Միությունից, այնպես էլ արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր: Ինչպես տեղացի, այնպես էլ դրսից ժամանած երիտասարդներին բովանդակալից հանգիստ և ուրախ ժամանց են պարգևել պալատի առանց ավելորդությունների և ճաշակով կահավորված ռեստորանները, բարերը, սպասասրահը, ճեմասրահը, ցուցասրահը, ազգային-ճարտարապետական արտահայտիչ լուծումներով, խորանի տեսքով և քարե գրասեղանով պսակադրության սրահը:
Հաճախակի անցկացվող հանրապետական ռոք փառատոներին պալատում էին հյուրընկալվում Մոսկվայից, Լենինգրադից, Ռիգայից, արտասահմանյան երկրներից, ինչպես նաև Հայաստանի տարբեր քաղաքներից Երևան ժամանած համույթներ ու մշակութային այլ խմբեր:
Անմոռանալի էր հատկապես 1987 թվականի եռօրյա փառատոնը, որում ընդգրկված էին այդ տարիներին Հայաստանում գործող 50-60 ռոք խմբեր: Միջոցառումը, որն անցկացվեց ապամոնտաժված հեծանվային հրապարակում, դարձավ Երիտասարդական պալատի ռոք ակումբի գործունեության գագաթնակետը: Շնորհիվ դրա Երևանը որոշ ժամանակով անվանվեց «Ռոքի համամիութենական կենտրոն»:
-Ի՞նչ պատճառով փոփոխվեց Երիտասարդական պալատի բնականոն կյանքը:
-Պալատի բնականոն կյանքի և հետագա գոյատևման վրա վճռորոշ դեր ունեցավ 2004 թվականի սեփակաշնորհման գործընթացը: Կառույցի (իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ այն վաճառվել է 700 հազար դոլարով) և հարակից 4 հա հողատարածքի սեփականատեր դարձած «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Ավետիսյանը հենց սկզբից սկսեց դժգոհել հյուրանոցի սենյակների «փոքրությունից», առաստաղի «ցածրությունից», պատճառաբանելով, որ իրեն անհրաժեշտ է բարձրակարգ հյուրանոց, այնինչ շենքն իր ուզած չափանիշներին չի համապատասխանում և վթարային վիճակում է:
(Ասեմ, որ սեփականաշնորհումից վեց ամիս առաջ «Հայպետնախագիծ» ինստիտուտի փորձագիտական խումբն ուսումնասիրել և իր եզրակացության մեջ նշել էր, որ շենքը սեյսմակայունության տեսակետից որևէ վտանգ չի ներկայացնում և բարվոք վիճակում է: Անհրաժեշտ է միայն այն վերանորոգել` ամրապնդելով որոշ հատվածներ):
Ես նույնպես (շենքի կայունացման նկատառումներից ելնելով) սեփականատիրոջը նախագծային մի քանի տարբերակ առաջարկեցի: Դրանցից մեկը, մասնավորապես, շենքի ստորին հատվածում բարձրակարգ հյուրանոցային համարների կառուցման առաջարկն էր, որը հնարավորություն կտար վերին հարկերում պահպանել ցածր գնով վարձակալվող սենյակները:
Բայց թե դրանից հետո ի՞նչ անցավ սեփականատիրոջ մտքով, չգիտես ինչպես և ում «գործարար» աջակցությամբ հայտնվեց այն փաստաթուղթը (այն ժամանակ Երևանի գլխավոր ճարատարապետը Սամվել Դանիելյանն էր), որում նշվել էր, որ Երիտասարդական պալատը վատթար լինելու պատճառով վերականգնման ենթակա չէ և անպայման պետք է քանդվի, ինձ այդպես էլ անհայտ մնաց:
Իմանալով այդ մասին՝ ես սեփականատիրոջն ասացի, որ շենքի պատմաճարտարապետական արժեքը հաստատող փաստաթուղթն արգելում է այն ոչնչացնել, նա ինձ պատասխանեց, որ այդ հարցով արդեն դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով համաձայնություն է տվել ավելի լավը կառուցելու պայմանով քանդել այն:
Մինչդեռ և՛ ճարտարապետական ցանկացած կառույցի, և՛ ժողովրդական համարվող հուշարձանի սեփականատերը (քանդելու կամ վերափոխելու դեպքում) տվյալ շինության հետագա ճակատագրի վերաբերյալ պարտավոր է ներկայացնել ծրագիր-առաջարկ` տալով նաև համապատասխան երաշխիք: Նման բան, սակայն Երիտասարդության պալատի պարագայում տեղի չունեցավ:
- Ի՞նչ ձևով զարգացան հետագա գործողությունները:
-Շենքի քանդման որոշումը, առանց մասնագիտական և հասարակական շրջանակների հետ քննարկելու, Երևանի քաղաքապետարանն ընդունեց 2005 թվականին: Անմիջապես արձագանքեցի` դիմում-բողոք հղելով այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Դիմումում նշել էի, որ Երիտասարդության պալատի քանդումն անթույլատրելի է, քանի որ դեռևս չկա նոր շենքի հաստատված նախագիծ: Իսկ պատասխանն այն էր, որ «շենքի վիճակն անմխիթար է, իսկ պահելն ու վերանորոգելը ավելի ծախսատար, ինչի պատճառով էլ ենթակա է քանդման»:
Ասեմ, որ Հայաստանի ճարտարապետների միությունը (այն ժամանակ ՃՄ նախագահը Արծվին Գրիգորյանն էր) քաղաքապետ Համբարձում Գալստյանին նմանօրինակ դիմում հղեց Լենինի արձանի պատվանդանի և դրան կից Կառավարական բարձրաբեմի (տրիբունայի) քանդումը կասեցնելու նպատակով: Այդ եզակի հուշարձանի վերացման վերաբերյալ նամակի պատասխանը, սակայն, համարյա նույն բառերն էր պարունակում, որ «պատվանդանը վթարային վիճակում է և վտանգ է ներկայացնում շրջակայքում երթևեկող քաղաքացիների համար, այդ պատճառով պետք է հիմնահատակ քանդվի»:
-Ի՞նչ զգացողություն ունեցաք պալատի քանդման որոշումն ընդունելու ժամանակ:
-Կորստի դաժան ցավ, վհատություն, մեծ հիասթափություն: Շենքի ոչնչացումը, իմ կոլեգաների գնահատմամբ, նման էր իսկական բարբարոսական, վանդալական ակտի իրականացման: Ողջ աշխարհն այսօր գնահատում, գուրգուրում և պահպանում է անցած բոլոր տարիների իր մոդեռն ճարտարապետությունը, իսկ մեզ մոտ քաղաքի ամենաարդիական, (վառ) ճարտարապետական նմուշների գնորդները (կամ դրանք սեփականատիրության իրավունքով ձեռք բերողները) տիրաբար ու առանց հաշիվ տալու, քմահաճորեն ձևափոխում են դրանք` դարձնելով իրենց ճաշակին հարիր, կամ էլ քանդում են անտարբեր հայացքի ներքո:
Այդպիսի գործողություն, ի հեճուկս բոլորի, իրականացրեց Երիտասարդության պալատի սեփականատերը, քանդելուց առաջ հայտարարելով, որ տարածքում կառուցելու է հյուրանոցային նոր համալիր, որը «կդառնա աշխարհի 8-րդ հրաշալիքը»: Իսկ կկառուցվի արդյո՞ք, իր խոսքերով ասած (ոչ ավելի, ոչ պակաս) «8-րդ հրաշալիքը», երևի Աստծուն էլ հայտնի չէ:
Շինությունը հիմնահատակ քանդվեց կամ հողին հավասարեցվեց 2006 թվականին` քաղաքը զրկելով իր դեմքին համահունչ (ներդաշնակ), կյանքով լի և կարևորագույն շինություններից մեկից, որը, առաջին հերթին, ինչպես երիտասարդության, այնպես էլ քաղաքի մյուս բնակիչների սեփականությունն էր և նման վայրագությունից պետք է զերծ մնար:
Այն ժամանակ ես մեն-մենակ էի պայքարում, ստեղծագործական խմբի մյուս անդամներն արդեն չկային, մահացել էին, և այս պարագայում, այո, բախտները բերեց, որ այդ վայրագությանը ականատես չեղան:
-Ինձ հայտնի է, որ Երիտասարդության պալատը արվեստով հագեցած շենք էր, ինչպիսի՞ արժեքավոր նմուշներ էին զարդարում այն և քանդելուց հետո ի՞նչ եղան դրանք:
-Շենքի հարստություններից առաջինը Արմինե Կալենցի չորս մետր բարձրությամբ, ութ մետր երկարությամբ, արժեքավոր, եզակի և խորհրդանշական «Հայաստան» որմնանկարն էր, մյուսները` սպասասրահը զարդարող Թոմ Գևորգյանի «Գարուն» արձանը և Մկրտիչ Մազմանյանի ամուսնությունների գրանցման պալատը զարդարող` «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակներն ու հայտնի վիտրաժները:
Թե ինչ ճակատագիր ունեցան այդ արձաններն ու զարդաքանդակները, ինչպես նաև ընդունելությունների սրահում կախված Զորիկ Ստեփանյանի «Հայաստան» փայտե քարտեզն ու Նելլի Ասատրյանի գոբելենը, ցավոք, ինձ անհայտ մնաց:
Նշեմ, որ ապամոնտաժումից հետո Երիտասարդության պալատի կողքին շարունակում էր գործել լողավազանը, որը գնել և անգամ ցուրտ ու մութ տարիներին նույն նպատակով աշխատեցնում էր մեկ ուրիշ սեփականատեր:
Փորձելով ամեն գնով խափանել նշված կառույցի գործունեությունը, Երիտասարդականի սեփականատերը պարբերաբար արգելափակում էր այդ նպատակով տարածք մտնող ինչպես ավտոմեքենաների մուտքերը, այնպես էլ ջրի ու էներգիայի հոսքերը: Չկարողանալով դիմակայել ճնշումներին՝ լողավազանը փակվեց: Դրանից հետո իմացա, որ լողավազանը զարտուղի ճանապարհով գնել և նույնպես քանդել-վերացրել է շենքի սեփականատերը:
-Նշված տարածքում նոր շենք կառուցելու համար հետագայում ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին:
-2010 թվականին հայտարարվեց նախագծային մրցույթ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 60 երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ: Նախագծեր ներկայացնողները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ճապոնիայի ճարտարապետներ էին:
Ներկայացվածներից պրոֆեսիոնալ ճանաչվեց և ընտրվեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արայի (Arai Architects ընկերությունից) աշխատանքը։ Վերջինս «Ինտերկոնտինենտալ-Հայաստան» բարձրահարկ հյուրանոցահամալիրի իր նախագծում հմտորեն օգտագործել էր Մասիսի, իսկ բնակարանային համալիրում` Սիսի գագաթը։ Նշված համալիրների, ինչպես նաև հյուրանոցի միջազգային գործարար կենտրոնի համարյա բոլոր պատուհանները (95 տոկոսը) ուղղված էին լինելու Արարատին։ Այցելուների մուտքը համալիր նախատեսվել էր Տերյան փողոցից, իսկ երեք հիմնական շենքերի միացման հրապարակում նախանշվել երկու հազար ավտոմեքենայի կայանատեղին։
Ճապոնացի ճարտարապետի նախագծային առաջարկը ներկայացվեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդին (այն ժամանակ քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր) և որոշ դիտողություններից հետո հավանություն ստացավ: Սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:
Իմ կարծիքով, Էդուարդ Ավետիսյանը (կամ «Ավանգարդ Մոթորս» ընկերության տնօրենը) այլևս չուներ համապատասխան ֆինանսական միջոցներ և անցկացվող միջոցառում-մրցույթները պարզապես ձևականությունները պահպանելու համար էին:
Հավելեմ, որ մայրաքաղաքի հին կիսակառույցների, կամ դրանք կիսաավերակների վերածած սեփականատերերին, դեռևս 2012 թվականին Նարեկ Սարգսյանը նամակ էր հղել` առաջարկելով քաղաքապետարանի հետ համատեղ նորոգել դրանց հետ կապված պայմանագրերը` երաշխիքներ տալով նաև այդ շինությունների վերակառուցման ժամկետների վերաբերյալ: (Դրանց թվում էին Երիտասարդության պալատի, «Դվին», «Սևան» հյուրանոցների, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում կանգնեցված կիսակառույցի պայմանագրերը): Շինարարական աշխատանքները չշարունակելու, կամ այդ հնարավորությունը չունենալու պարագայում, սեփականատերերին առաջարկվել էր նշված կիսակառույցներն ու դրանց հարակից տարածքները վերավաճառել: Սակայն Էդուարդ Ավետիսյանը դարձյալ ինչ-որ պատրվակ էր գտել և դրանով երկարացրել իր պայմանագրի ժամկետը:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
Հ. Գ.- Չգիտեմ, ես կարողացա՞ արտահայտել այն ամենը, ինչ զգացի հարցազրույցի ընթացքում: Սակայն բոլորն անհնար է ասել: Սրտի անհուն ցավ եմ ապրում Երևանի պատմա-ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների քանդումն ու դրանց հնաբույր քարերի (աղտոտ յուղաներկով համարակալելուց հետո) տեղափոխումը տեսնելով: Իսկ թե հետո որտեղ են հանգրվանում և «նորովի» վերականգնվում արդեն «կեղծ» համարվող այդ կառույցները, արդեն չեմ էլ փորձում որոնել-գտնել` նույն ցավը կրկին չվերապրելու համար:
Այսօր անճանաչելի դարձած Երևանի կենտրոնական փողոցների շենքերի միայն ամենավերին հարկերն են անփոփոխ, իսկ առաջին, երկրորդ հարկերում` մայթերի կեսը բռնազավթած շքեղ խանութ-սրճարաններ են: Դրանք ինձ թվում են հին հագուստով, բայց շքեղ ու անճաշակ նոր կոշիկներ հագած մանեքեններ: Այդ խանութ-վարսավիրանոց-սրճարան-բարերը, որոնք օրվա մեջ այցելուների սակավությունից մեծ մասամբ դատարկ են` ավելի մեծ քանակ ունեն, քան Երևանի ներկա բնակչությունը:
Վերոնշյալ կառույցների տերերը կամ հովանավորները, ովքեր ճոխ սեղանների վրա բաժակ բարձրացնելիս չեն մոռանում ցուցադրաբար խմել նաև «մեր» հայ ժողովրդի կենացը (ուրիշ էլ որտեղ ներկայացնեն իրենց հայրենանվեր կեցվածքն ու հայրենասիրական ճառերը), չեն խնայում անգամ մեծ փողոցների շինությունների ճակատներին տեղակայված նույն ազգի` աշխարհին հայտնի մեծանուն զավակների հուշատախտակներն ու հուշաքարերը` վերացնում են նաև դրանք:
Այդ վայ-հայրենասերներից շատերի ձեռքով այսօր էլ շարունակաբար եղծվում-քանդվում-աղավաղվում են նաև Հին Երևանի փողոցներն ու շինությունները, որոնք, եթե կուզեք իմանալ, մեր ժողովրդի քարե վկաներն են, նրա քարե ծննդականն ու քարե ինքնությունը: Այդ փողոցներից շատերն ու դրանց շինությունները, որոնք նախկինում պարծանքով ներկայացնում էինք օտարներին, այսօր այլևս չկան: Մենք, որ սրտակեղեք բարձրաձայնում ենք օտար հողի վրա գտնվող կամ գերեվարված հայկական կոթողների ոչնչացման փաստերի մասին, հանդուրժում ենք, երբ մեր աչքի առջև, մեր սեփական հողի վրա այդ «հայրենասերների» ձեռքով շարունակաբար հիմնահատակ քանդվում կամ կիսաավերակի են վերածվում տասնամյակների և հարյուրամյա պատմությամբ սրբացած շենքեր ու պատմաճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ:
Համոզված եմ՝ եթե հասարակությունը ունենար պայքարի այն փորձը, որը ձեռք բերեց վերջին տասնամյակում` որոշ հին և արժեքավոր շինությունների փրկման ժամանակ, ապա բոլորիս լուսավոր ու անմոռաց հիշողություններ պարգևած Երիտասարդության պալատը նույնպես չէր քանդվի և կանգուն կմնար:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ