Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սուպերնախարարների կառավարություն

Սուպերնախարարների կառավարություն
02.12.2014 | 12:29

Ես չգիտեմ՝ քաղաքական ինչ դիմագծով կամ տնտեսական ինչպիսի ցուցանիշներով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կմնա պատմության մեջ: Թերևս առանձնապես հիշատակելի բան չլինի, որ ասոցացվի այս կառավարության հետ: Բայց մի հարցում այս կառավարությունը նախորդներից տարբերվում է. նրանում սուպերնախարարների պակաս չի զգացվում: Երեկ Արմեն Երիցյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարար՝ համալրելով կառավարության սուպերնախարարների շարքը: Երիցյանը համարվում է նախագահ Սերժ Սարգսյանին հավատարիմ կադր ու բոլոր կարգավիճակներում հավատարիմ է եղել նրա քաղաքականությանը: Նույնիսկ տարիներ առաջ նա «գործուղվեց» ՕԵԿ՝ բացառապես նախագահի հանձնարարությամբ ու գիտությամբ, ու այդ կուսակցությունից դուրս եկավ նրա` կոալիցիայից հեռանալուց հետո: Երիցյանին հետ չպահեց նույնիսկ այն հանգամանքը, որ նա տարիներ շարունակ եղել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընկերը: Երիցյանի նշանակումից օրեր առաջ կառավարությունում հայտնվել է նոր սուպերնախարար՝ Վաչե Գաբրիելյանը, ով միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար է, համատեղության կարգով՝ փոխվարչապետ: Այս նշանակումն ընդհանրապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության քաղաքականության ֆիասկոյի հրապարակային ամրագրումն էր, որովհետև Գաբրիելյանը համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ: Աբրահամյանի կառավարության ձևավորման հենց առաջին օրից՝ «այլընտրանքային վարչապետի»՝ հարկային ու մաքսային լիազորություններով օժտված ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Խաչատրյանը, ով, ըստ հավաստի աղբյուրների, լարված հարաբերությունների մեջ է գործող վարչապետի հետ և ուղղակի հաշվետու է հանրապետության նախագահին: Էլ չենք խոսում ուժային բլոկի պատասխանատուների՝ պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի մասին, ովքեր նույնիսկ սահմանադրության ուժով ենթակա են հանրապետության նախագահին: Ավելին, մամուլում ամիսներ առաջ տեղեկություն հայտնվեց, որ վարչապետության արշալույսին Աբրահամյանն անհաջող փորձ է արել՝ Վլադիմիր Գասպարյանին պաշտոնից ազատելու ուղղությամբ: Այնքան էլ հստակ չէ՝ կառավարության գործունեության որ ուղղության հարցում է վարչապետը լիակատար ազատ, սակայն նա պատասխանատվություն է կրում ամբողջ կաբինետի գործունեության համար: Աբրահամյանի վարչապետությունը մի տեսակ ինքնանպատակության է վերածվում, թեև Հայաստանում դա օրիգինալ երևույթ չէ, որովհետև վարչապետները հաճախ են հայտնվել «քավության նոխազի» դերում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ