Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. «Կարևոր է, որ դժվարությունների պահերին չսկսենք մեղավորներ փնտրել»

Սերժ Սարգսյան. «Կարևոր է, որ դժվարությունների պահերին չսկսենք մեղավորներ փնտրել»
23.12.2014 | 11:46

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահի անունից նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ և անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն նրանց անձնական կամ կորպորատիվ հաջողությունները, այլև՝ մեր երկրի և տնտեսության: Հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների բարեկեցության աստիճանը, ըստ նախագահի, պայմանավորված է լինելու նաև գործարար համայնքի գործունեությամբ ու ձեռքբերումներով:
ՀՀ նախագահն անդրադարձել է դժվարություններով լի 2014 թվականին, նշելով, որ օբյեկտիվ պատճառներ ունեցող այդ դժվարությունների և անորոշությունների մի մասն ամենայն հավանականությամբ կարող է շարունակվել նաև գալիք տարում՝ մեզնից անկախ պատճառներով, սակայն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից և գործարարներից, նախագահի համոզմամբ, պետք է անել համատեղ, եռանդով և որքան հնարավոր է՝ անթերի:
«Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք ԱՄՆ-ի տնտեսությունն է, ԵՄ միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ: Մեր երկրների պես երկրներում այդ բարդություններն ու դժվարություններն առավել ևս ավելի հաճախ կարող են լինել: Չափազանց կարևոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, և եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարևորն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի և կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում»,- ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադարձել է նաև անցնող տարվա տնտեսական իրողություններին. «Այնուամենայնիվ պետք է հատուկ շեշտեմ, որ իմ տպավորությամբ, Հայաստանի բիզնես հանրությունը 2014-ին վատ չի աշխատել և հիմնական մասով հաղթահարել է առկա դժվարությունները: Նկատի ունենալով այն համատեքստը, որտեղ աշխատել եք դուք՝ հարգելի գործարարներ, նկատի ունենալով տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, Ռուսաստանում և մեր տարածաշրջանում, տարին պետք է համարել արդյունավետ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում ՀՀ նախագահը խոսել է նաև Հայաստանի տնտեսության հեռանկարի մասին. «Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու իրողության հետ: Բայց նաև գիտենք, որ նոր հնարավորությունները նաև նոր մարտահրավերներ են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն և այդ ասելիքն ասելու են նաև նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով և նոր գաղափարներով»,- ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հավատում է, որ մյուս տարի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նման տոնական սեղանների շուրջ հավաքի ժամանակ նախանշված ծրագրերի մի զգալի մասն արդեն իրականություն է լինելու։
«Ցանկանում եմ, որպեսզի այդ իրականացված երազանքները բարօրություն բերեն մեր ժողովրդին ու պետությանը»,-շնորհավորական խոսքի ավարտին ասել է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ