Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 20-ի հանրահավաքին

Կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 20-ի հանրահավաքին
16.02.2015 | 14:16

Ի՞նչ ունենք փետրվարի 12-16-ի իրադարձությունների ամփոփագրում: ՀՀԿ-ն ի լուր բոլորի հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումներ լինելու են՝ քաղաքական բավարար կոնսոլիդացիա ՀՀԿ-ն գտել է՝ անկախ ով է կողմ, ով է դեմ: ՀՀԿ-ն վերջնականապես դեպի ընդդիմություն մղեց ԲՀԿ-ին՝ քաղաքական կամուրջներն այրելով կոալիցիայի տեսքով: Եվ ՀՀԿ-ականները, բացառությամբ մեկ-երկու հավասարակշիռ ու քաղաքական արժեք ունեցող խոսքի՝ հախուռն ու առանց բառապաշարի մեջ ընտրություն անելու սկսեցին քարկոծել ԲՀԿ-ին: Նրանք փորձում են իրենց հավատարմությունն ապացուցել հարազատ կուսակցությանն ու նրա առաջնորդին, բայց այնքան են ոգևորված, որ չեն նկատում՝ իրենց խոսքով ԲՀԿ-ի համակիրների թիվն են ավելացնում, դա փոխաբերաբար կոչվում է արջի ծառայություն: Իսկ որ փոխաբերությունը ՀՀԿ-ում հասկանում են՝ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ապացուցեց՝ հայտարարելով, որ չհասկացողի գլխին բամփում են, այլապես պատկերացնո՞ւմ եք՝ ինչպե՞ս է Հովիկ Աբրահամյանը հասնում ու բամփում Գագիկ Ծառուկյանի գլխին, եթե դա փոխաբերաբար չէ ասված: ՈՒ ընդհանրապես՝ որքա՞ն է բամփելը համապատասխանում քաղաքական բառապաշարին ու քաղաքական նպատակներին: Բայց Հովիկ Աբրահամյանը սուրբ է՝ համեմատած երիտասարդ ՀՀԿ-ականների հետ, որ միայն մի խնդիր են լուծում՝ ակտիվ լինել, խոսել-խոսել-խոսել, ու՝ այդքանը:
ԲՀԿ-ն այս հարթությունում իրեն շատ ավելի քաղաքական ու քաղաքակիրթ է պահում, չի հակադարձում վիրավորանքները ու թեթև կսմիթներից այն կողմ չի անցնում: Բնական է՝ խնդիր ունի լուծելու ու սրամտության ժամանակը չէ: Առավել ևս, որ բացի իր խորհրդաժողովում հայտարարված ձևաչափից՝ եռյակի ձևաչափը առայժմ միայն խորհրդակցությունների ու դատապարտումների մակարդակում է գործում: Մինչև փետրվարի 20-ը վերցված դադարը և եռյակի ներսում եղած տարակարծությունները հարթելու ու միասնական տեսակետ ձևավորելու համար է, և Գագիկ Ծառուկյանի անձնական ունեցվածքի պահպանման հարցերը լուծելու: Այս ընթացքում պետք է ճշտվի, թե ինչ մասնակցություն է ունենալու Ռոբերտ Քոչարյանը պայքարի այս փուլում, մնալո՞ւ է ստվերում, թե՞ առաջին գիծ է գալու ու գուցե մասնակցելու է փետրվարի 20-ի հանրահավաքին, երբ առաջին ու երկրորդ նախագահները նույն հարթակում հավաստելու են համաժողովրդական շարժմանն իրենց հավատարմությունը: Սա անհավանական տարբերակ է թվում, բայց հեռահար ռազմավարական ծրագրերում լիովին տեղավորվող՝ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը չի կարող չընդունել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարը պայքար է իր դեմ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող չընդունել, որ Ռոբերտ Քոչարյանը պակաս ու գուցե ավելի մեծ ֆինանսական աղբյուր չէ: Մարտի 1-ը խոչընդոտ կդառնա՞: Բայց նույն մարտի 1-ը խոչընդոտ չդարձավ Գագիկ Ծառուկյանի պարագայում, Ռոբերտ Քոչարյանին ևս հնարավոր է «ներել» ու հաշտվել՝ հանուն քաղաքական շահի ու հեռանկարների, իսկ լիդերության հարցերը հընթացս կպարզվեն: Համենայն դեպս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ կարող է օգտագործել հասարակական կարծիքի գործոնը Ռոբերտ Քոչարյանի դեմ, եթե դա իրեն պետք լինի:
Փետրվարյան հախուռն իրադարձությունների մեջ ստվերվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ՌԴ և հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՀՀ վարչապետը գնացել էր Մոսկվայից սեպտեմբերի 3-ից առաջ խոստացած ֆինանսները բերելու, բայց ֆինանսատնտեսական ճգնաժամում գտնվող Մոսկվան ռազմավարական դաշնակցին նպատակաուղղեց դեպի ներքին ռեսուրսների օգտագործում: Գագիկ Ծառուկյանն առաջին «զո՞հը» կլինի, թե՞ Հովիկ Աբրահամյանը հարկադրված կլինի հարկատու դառնալ ու դարձնել քրեաօլիգարխիկ համակարգը, որ իշխանության հենարանն է: Ինչ-որ պահի Հովիկ Աբրահամյանը հակասության մեջ չի՞ հայտնվի իր անձնական ու պաշտոնական շահերի հետ: Վտանգավոր չի՞ դառնա այդ հակասությունը հետագա պաշտոնավարման համար: Իհարկե, Հովիկ Աբրահամյանին ևս Գագիկ Ծառուկյանի հետևից ընդդիմադիր դաշտ ուղարկելը բնավ պետք չէ Սերժ Սարգսյանին: Իբրև քաղաքական մրցակից նրա լեգիտիմացումը Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ լավ քայլ է, բայց վտանգավոր, ոչ մի երաշխիք, որ նրանք միմյանց դեմ կլինեն և չեն դաշնակցի՝ երկուսով ավելի անվտանգ դիրքեր պահպանելու համար, իսկ դա կփոխի ուժերի հարաբերակցությունը: ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները կարող են հարթվել, կարող են ավարտվել փողոցում՝ բաց դիմակայությամբ, բայց երկու տարբերակն էլ, փաստորեն, լինելու է ոչ այնքան երկու կուսակցությունների որոշման հետևանք, որքան ներքաղաքական ու ներհամակարգային տասնամյակներով գործող օրինաչափությունների ու նպատակների, որոնք չեն բարձրաձայնվում ու կապ չունեն ժողովրդի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ իշխանությունը պահելու ի՞նչ տարբերակ է Սերժ Սարգսյանը մտածել: Կօգտագործվի՞ «Միասնություն» դաշինքի փորձը: Քաղաքական միտքը Հայաստանում նոր ոչինչ չի գտնում և պտտվում է արդեն հայտնագործվածի շրջանակներում, այդ դեպքում իշխանությանը շտապ պետք է ընդդիմադիր ուժ, ում հետ կարող է դաշինք կնքել՝ օգտագործելով նրա քաղաքական իմիջը՝ մաքրվելու գաղջ մթնոլորտի նստվածքից, նրան առաջարկելով իշխանության մաս դառնալ:
Կա՞ այդպիսի ուժ Հայաստանում: Որքան ասես: Բայց խնդիրը բարդանում է, երբ դրվում է ընտրության լեգիտիմության հարցը. քաղաքական կուսակցությունը, ում հետ դաշնակցելով ՀՀԿ-ն կարող է վարկը վերականգնել ու ժողովրդավարական իմիջում տեղավորվել, պետք է լինի չվարկաբեկված, տարիների ընթացքում կայուն ընդդիմադիր դիրքերում գործող, ժողովրդի մեջ հենարան ունեցող: Իսկ դա նշանակում է, որ այդ կուսակցությունը համագործակցության համար պայմաններ է առաջադրելու, բնականաբար, ոչ ֆինանսական, ոչ էլ նույնիսկ իշխանական հիերարխիայում առավել մեծ ներկայացվածության: Քաղաքական պահանջներ: Քանի՞ կուսակցություն կարող է դա անել: Համենայն դեպս, ԲՀԿ-ն այդ ցանկում այլևս չի լինի:

Դիտվել է՝ 1384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ