Ցեղասպանագետ Իսրայել Չարնին ու պատմաբան Յաիր Օրոնը Haaretz իսրայելական թերթում հոդված են տպագրել, որտեղ նշում են, որ չկա այնպիսի քաղաքական կամ տնտեսական իրավիճակ, որում իսրայելցիները կամ հրեաները որևէ պետության կողմից կընդունեն Հոլոքոստի ժխտումը կամ այդ սպանությունների ու կտտանքների ամբողջական մասշտաբների նվազեցումը։ «Մեզ դա ցավ կպատճառի, կվիրավորի և սարսափի մեջ կգցի։ Մենք այդ ժխտումը կընդունենք որպես Հոլոքոստի ժամանակ մեր ազգի վերապրած ստորացման կրկնություն։ Հայ ազգը մեզնից չի տարբերվում։ Նրանց նույնպես ցավ է պատճառում, վիրավորում և սարսափի մեջ է գցում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը։ Տարիներ շարունակ նրանք Իսրայելին նայել են մեծ հարգանքով և ազգակցական խոր զգացումով, որ այդ ազգը իրենց պես ցեղասպանություն է վերապրել։ Նրանք հիանում էին նոր, կենդանի և զարգացող պետություն կառուցելու մեր զարմանալի կարողությամբ։ Նրանք հիմա նոր-նոր են սկսում իրենց սեփականը կառուցել։ Ինչպե՞ս կարող է Հոլոքոստ վերապրած ազգը չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելն իր սեփական «արդարացումներն» ունի։ Սակայն մենք նման պատճառաբանություններ կընդունեի՞նք որևէ երկրի կառավարությունից, որը ժխտեր, որ Հոլոքոստը ցեղասպանություն է եղել։ Ավելին, մենք՝ որպես հպարտ ազգ, որը չպիտի ենթարկվի ստորացման, ճանապարհներ կփնտրենք, որպեսզի հաստատապես դիմադրենք։ Հայոց ցեղասպանության ժխտման մեր պատմությունը մեզ ներկայացնում է որպես մանիպուլյացիայի տեղի տված, շահամոլ և անբարո ազգ։ Եվ իրավամբ։ Դա մեզ դարձնում է վախկոտներ, որոնք Թուրքիայի հետ երբեմնի հարաբերությունների պահպանման և Ադրբեջանի հետ ներկա հարաբերությունների համար, մուսուլման թուրքախոս պետությունների հետ հարաբերությունների համար, զոհում է հիմնարար սկզբունքներն ու ազնվությունը։ Մենք մեզ նմա՞ն Իսրայել ենք համարում և ցանկանո՞ւմ ենք լինել այդպիսին։ Մեր սիրելի Իսրայելը ամոթալի վախկոտ է, անբարո և էժանագին շահամոլ։ Պատրա՞ստ ենք մենք հիմա փրկել մեր արժանապատվության մասը և լիակատար համերաշխություն հայտնել զոհերին այն ցեղասպանության, որը նախորդեց մեր ցեղասպանությանը, և որը, ինչպես հայտնի է, նպաստեց դրան հաջորդած Հոլոքոստին»։