Բժիշկ լինելու համար բարձրագույն կրթության դիպլոմը դեռ բավարար չէ, դա կոչում է, որը պետք է վաստակել: Հիպոկրատի երդում տված բժիշկներից ոմանք իրապես սխալ մասնագիտություն են ընտրել: Դժբախտաբար, սրանում համոզվել են շատուշատ քաղաքացիներ` հանդիպելով անպատասխանատու բժիշկների: Վերջիններիս շարքը հանգիստ կարող է համալրել նաև «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնի բժիշկ Աբգար Պետրոսյանը, ով մանկական քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչն է: Պարզվում է, վերջինիս մոտ նվազագույնը պետք է նախ մեկ շաբաթ առաջ գրանցվել, հետո միայն ընդունելության արժանանալ: Իհարկե, այս մասին տեղեկացանք տեղում, երբ հիվանդ երեխայի հետ այցելեցինք բաժանմունք: Բուժքրոջ այս պնդմանը չցանկացանք հավատալ և սպասեցինք «բժշկի» դռան մոտ: Կարճ ժամանակ անց դուրս եկավ բավականին երիտասարդ բժիշկը: Մոտեցանք: «Բժիշկ, Ձեզ ենք սպասում, երեխան ողջ գիշեր...»,- խոսքս դեռ չէի ավարտել, երբ առանց մեզ նայելու կայծակնային արագությամբ դեպի դուռը սլացավ Աբգար Յուրիևիչը` հետևից նետելով. «Ես շատ զբաղված եմ, ուրիշին մոտեցեք»: «Մենք Ձեզ կսպասենք, ե՞րբ կլինեք հիվանդանոցում»,- հետևից վազելով հարցրի: «Չեմ լինելու»,- շպրտեց ու դուռը շրխկացրեց դեմքիս: Զարմանքից քարացա։ Եվ սա բժիշկ է, այն էլ՝ մանկական բաժանմունքի: Էլ չենք ասում, թե առավոտյան ժամը տասին ուր էր շտապում բաժանմունքի վարիչը, երբ նրա աշխատանքային օրը նոր էր սկսվել: Մենք ոչինչ չենք ասում հիշյալ բժշկի մասնագիտական ունակությունների առնչությամբ, քանի որ լսել էինք, որ այդ առումով լավ համբավ ունի, բայց, ավաղ, նրա մեջ մարդ-բժշկին չտեսանք: Ի վերջո, նրա դիմաց կանգնած էր հիվանդ երեխան, ում վրա մի հայացք անգամ չնետեց: Քիչ հավանական է, որ այս որակներով նա կարողանա հեռուն գնալ: Ավելի ճիշտ, լավ չի լինի, որ այս տեսակն առաջ մղվի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ