Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ֆրանց Վերֆելը մեր ցավը դարձրեց համաշխարհային ընթերցողի սեփականությունը»

«Ֆրանց Վերֆելը մեր ցավը  դարձրեց համաշխարհային ընթերցողի սեփականությունը»
24.11.2015 | 11:46

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ ընդհանրապես օտար երկրներում լույս են ընծայվել մեծ թվով շքեղ հրատարակություններ, որոնք հիմնականում ներկայացնում են ցեղասպանության արհավիրքները: Չեն շրջանցվել նաև հերոսական էջերը` Վանի, Սասունի, Շապին Գարահիսարի, Մուսա լեռան ինքնապաշտպանական դյուցազնամարտերը: Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում պետական պատվերով վերահրատարակվել է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հայտնի վեպը` Պարույր Միքայելյանի թարգմանությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ): Ցուցադրվեցին նաև Մուսա լեռան հերոսամարտին նվիրված վավերագրական ֆիլմ և թանգարանի ֆոնդերում պահվող այն նյութերը` փաստաթղթեր, իրեր, լուսանկարներ, հրատարակություններ, ձեռագրեր, որոնք առնչվում են Ֆրանց Վերֆելին և Մուսա լեռան հերոսամարտին:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ «Մուսա լեռան 40 օրը» գրքի 2015-ի հրատարակությունում առանձին նշված է թարգմանչի անունը: Շիրակցի թարգմանիչ, բանաստեղծ Պարույր Միքայելյանի անունը երկար տարիներ մոռացության է մատնվել: Հեղինակ է արժեքավոր բազմաթիվ թարգմանությունների (Շիլլերի բալլադները, Հայնեի երկերը, Գյոթեի «Ֆաուստը», Պուշկինի ու Լերմոնտովի ստեղծագործությունները և այլն): Եղել է գրողների միության քարտուղարներից մեկը: 1977-ին հայ զբոսաշրջիկների խումբ է տարել Հունաստան և այնտեղից որդու` այդ ժամանակ օտար լեզուների ասպիրանտ Վահրամի հետ անհետացել է:


«Մեզ հայտնի է միայն, որ Հունաստանից ինչ-որ կերպ անցել է Կանադա, դրանից հետո կորել են հետքերը: Գոնե այսօր մենք գիտենք, որ շատ շատերը ընդդիմադիր էին, այլախոհ, չէին համակերպվում: Իսկ Պարույր Միքայելյանին վստահված էր նաև գրողների միության քարտուղարի պաշտոնը: Պատկերացրեք այդ տարիներին ստեղծագործական միությունները, մանավանդ գրողների միությունը ինչ մեծ նշանակություն ունեին խորհրդային գաղափարախոսության, քարոզչության առումով: Ազգային անվտանգության ծառայությունն ամեն ինչ արեց, որ այդ մարդը պարզապես ջնջվի մեր տարեգրությունից: Իրենց լեզվով ասած` պարտակեց այդ խայտառակությունը: Եթե թերթեք խորհրդային տարիներին լույս տեսած տեղեկատուները, հանրագիտարանները, ոչ մի տեղ նրա անունը չեք տեսնի: 88-ի երկրաշարժից հետո, մանավանդ, երբ ռեժիմն իր վերջին ամիսներն էր ապրում, ոմանք սպասում էին, որ նա կհայտնվի: Բայց մինչև այժմ էլ հարազատները ոչ մի լուր չունեն»,- ասաց Կարո Վարդանյանը:

Անդրադառնալով «Ինչո՞ւ ենք այսքան ուշ բարձրաձայնում խորհրդային տարիներին մոռացության մատնված մտավորականի անունը» հարցին` ասաց, որ խոսել է մասնագիտական շրջանակներում, վերջին շքեղակազմ հրատարակությունը առիթ դարձավ բարձրաձայնելու թարգմանչի անունը, ինչը, իհարկե, շատ քիչ է: Վաստակավոր մտավորականին, նրա ստեղծագործական գործունեությանը հաջորդիվ անդրադառնալու են առանձին միջոցառումներով:
Ինչ վերաբերում է բուն վեպին, Կարո Վարդանյանը նկատեց, որ ցեղասպանությանն անդրադարձող բազմաթիվ վեպերի մեջ «Մուսա լեռան քառասուն օրը» շարունակում է մնալ աշխարհում ճանաչված ամենաերևելի վեպը, ամենից շատ հրատարակվածը. «Այս վեպն ավելին արեց, քան ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը նվիրված կուսակցական, պետական, քաղաքական տասնյակ ու տասնյակ ձեռնարկները: Այս վեպը աշխարհը սիրեց: Պատահական չէ, որ թուրքերը գերպետական ջանքեր են գործադրել, տասնյակ միլիարդներ են ծախսել` կանխելու համար «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի էկրանավորման բազմաթիվ փորձերը»:
«Մուսա լեռան պաշտպանությունից այնքան ոգևորված էի, որ ցանկանում էի օգնել հայերին` գրելով վեպ և պատմելով այդ իրադարձությունը ամբողջ աշխարհին»,- ասել է Ֆրանց Վերֆելը։


Վեպը 1933-ին լույս է տեսնում գերմաներեն, 1934-ին արժանանում տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին: Երկու տարի անց` 1935-ին թարգմանվում է անգլերեն, տարածվում տասնյակ երկրներում: Նույն թվականին ամերիկյան «Metro-Goldwyn-Mayer» առաջատար կինոստուդիան սկսում է էկրանավորումը, անգամ հրավիրում է մրցակից կինոընկերության ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին: Պատվիրում են տարազները, Սիրիայում Մուսա լեռը հիշեցնող տարածք գտնում, որտեղ պետք է նկարահանվեին հիմնական տեսարանները: Լուրը հասնում է Թուրքիա: Կարո Վարդանյանը նշեց, որ անձամբ Քեմալ Աթաթուրքն է հնարավոր բոլոր միջոցներով կանխել այդ փորձը` կաշառքով, շանտաժով, դիվանագիտական ճանապարհներով (արդեն սկսվել էր թուրք-ամերիկյան մեղրամիսը). «Հետագա տարիներին տասնյակ նախաձեռնություններ են եղել Հոլիվուդի տարբեր կինոստուդիաների կողմից, Հռոմում է փորձ արվել նկարահանելու, 60-ականներին մեր հայրենակից Անրի Վեռնոյն է սկսել նկարահանել, ընդ որում, վեպը սցենարի էր վերածել դարձյալ մեր հայրենակից Անրի Թրուայան, գլխավոր դերը վստահվել էր Էնթոնի Քուինին: Բոլոր այս նախագծերը Թուրքիան մեզ ծանոթ ձեռագրով կանխել է»:
Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ Մել Գիբսոնը նկարահանելու է Վերֆելի վեպը: Բագրատյանի դերում խաղալու է Սիլվեսթր Ստալոնեն: Հետո հերքվեցին այդ տեղեկությունները: Կարո Վարդանյանի կարծիքով` սուտ տեղեկության մասին այդքան չէր գրվի. «Այս վեպը մեծ գլխացավանք է Թուրքիայի համար: Հայ հեղինակների գործերը հիմնականում մնացել են հայկական շրջանակներում, Ֆրանց Վերֆելի անդրադարձը մեր ցավը դարձրեց համաշխարհային ընթերցողի սեփականությունը, որ շատ կարևոր է մեզ համար»:
Հայաստանում վեպը բավական երկար լռության է մատնվել, հայ ընթերցողի սեղանին է դրվել 1964-ին: Պարույր Միքայելյանի անհետանալուց հետո գրքի հետագա հրատարակություններում չի նշվել թարգմանչի անունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Ֆրանց Վերֆելի լուսանկարները` ԳԱԹ-ի ցուցանմուշների ֆոնդից

Դիտվել է՝ 3366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ