BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սաուդյան Արաբիան ու Իրանը նավթային պատերա՞զմ են սկսել

Սաուդյան Արաբիան ու Իրանը նավթային պատերա՞զմ են սկսել
17.02.2016 | 22:41

Le Huffington Post-ը գրում է՝ երեք տարի առաջ Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան Նաիմին ասում էր, որ նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար գինը իդեալական է թե սպառողների, թե արտադրողների համար, մատչելի է սպառողների համար, ֆինանսապես շահութաբեր՝ արտադրողների համար, թույլ տալով նոր հանքավայրեր ու արդյունահանման նոր մեթոդներ մշակել: Բայց հիմա բարելի դիմաց 28 դոլար են տալիս, որ մեծ մասամբ Սաուդյան Արաբիայի ու ՕՊԵԿ-ում նրա դաշնակիցների (Քուվեյթ, Կատար, ԱՄԷ) որոշումների հետևանքն է: Նրանք որոշել են չկրճատել արդյունահանումը՝ չնայած շուկայում առաջարկն արդեն զգալիորեն գերազանցում էր պահանջարկը: Ոմանց կարծիքով, սա մասամբ բացատրվում է Իրանի կյանքը բարդացնելու ցանկությամբ: Ի վերջո պատժամիջոցների չեղարկումից հետո իրանցիները ուզում են վերականգնել իրենց օրինական տեղը համաշխարհային էներգետիկայում: Իրանի վերադարձը մրցակցություն է ստեղծում Սաուդյան Արաբիայի ու մյուս խոշոր արտադրողների համար: Առավել ևս հիմա, երբ առաջարկն այդքան գերազանցում է պահանջարկը: Իրանն ասում է, որ պատրաստ է արդեն հիմա օրական 500 հազար բարել մատակարարել, իսկ մի քանի ամսից՝ մեկ միլիոն բարել: Բյուջեի պակասորդը լրացնելու համար Իրանին պետք է, որ նավթի գինը լինի բարելի դիմաց 130 դոլար, ինչը հիմա շատ հեռու է իրականությունից: Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու նույնիսկ Ռուսաստանին կգոհացնեին շատ ավելի ցածր գները: Այս հարցում Իրանի դաշնակիցները շատ չեն, իսկ ցածր գները արգելակում են ներդրումները, որոնց կարիքը իրանական հանքավայրերը շատ են զգում: Թեհրանը Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ֆինանսական ռեսուրսները չունի, որ ցածր գների ժամանակաշրջանն առավելապես ցավալի է դարձնում Իրանի համար: Իրանին պետք է, որ նավթի գինը 130 դոլար լինի, որովհետև Իրանը բնակչության քանակով երկրորդ երկիրն է Մերձավոր արևելքում (79,7 մլն բնակիչ), իսկ մեծ սոցիալական ծախսերը կարևոր դեր են կատարում հասարակական հանգստության ու քաղաքական կայունության ապահովման հարցում: Նավթի ցածր գների պահպանումը ուժեղագույն ճնշում է Իրանի վրա: Սակայն սխալ կլիներ կարծել, թե իրադարձությունները ընդամենը Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայքարի ծայրահեղ դրսևորումն են: Սաուդյան Արաբիայի նպատակն է հաղթել մի քանի խոշոր մրցակիցների՝ նրանց ֆինանսապես հյուծելով: Իրանը նրա համար ընդամենը թիրախներից մեկն է, ոչ գլխավորը: Սաուդցիների նշանակետում նախ և առաջ ամերիկյան թերթաքարային նավթի արդյունաբերությունն է: Շատերն են մոռանում, բայց նավթի գների անսպասելի անկման պատճառը ամենևին էլ սաուդցիները չէին: Նրանք ընդամենը պատասխանել են, միանգամայն տրամաբանորեն, շուկայում ստեղծված դիսբալանսին, որ պայմանավորված էր ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումով: Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջին տեղն է դուրս եկել նավթի ու գազի արդյունահանման ծավալներով, լուրջ մրցակցություն ստեղծելով Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի համար: Նման պայմաններում ՆԱԵԿ-ն 2014 թ նոյեմբերին որոշեց չտրվել ճնշումներին, այսինքն` չզիջել շուկայի մասնաբաժինը: Կազմակերպության նպատակն էր կրճատել ամերիկյան թերթաքարային նավթի ծավալները: Եվ ըստ երևույթին այս ռազմավարությունը (ոմանց համար դժվար, բայց Սաուդյան Արաբիայի համար ընդունելի) սկսել է պտուղներ տալ: Սաուդյան Արաբիայի մյուս նպատակն է պահպանել Չինաստանը, որպես իր խոշոր հաճախորդի: Առայժմ նրան հաջողվում է մնալ Չինաստանի գլխավոր մատակարարը, բայց մրցակցությունը սրվում է: Մոսկվան Էր Ռիադի համար ամենավտանգավոր մրցակիցն է Արևելյան Սիբիր - Խաղաղ օվկիանոս խողովակաշարի պատճառով, որը ուղիղ չինական շուկա է հասնում: Այս խողովակաշարը երաշխիք է Չինաստանի ղեկավարության համար, որը մտավախություններ ունի, որ ճգնաժամի դեպքում ամերիկյան նավատորմը կարող է շրջափակել երկիրը: 30 դոլարից ցածր գներով Սաուդյան Արաբիան բառացիորեն ատրճանակը դեմ է տվել ռուսական տնտեսության քունքին: Սաուդյան Արաբիան ու որոշ այլ երկրներ կարող են շարունակել արդյունահանումը՝ չնայած ցածր գներին: Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրաքի ու այլ պետությունների համար այս իրադրությունն անհամեմատ ավելի ծանր է: Մենք գործ ունենք տնտեսական պատերազմի հետ, որը Սաուդյան Արաբիայից ու Իրանից բացի շատ այլ խաղացողների էլ է ներառում:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ