Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդական աշխարհազորի դիմակայությունը սրվում է, գրում է Politico-ն: Թուրքական Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք Դիարբեքիրի բնակիչները, որ լքել են քաղաքը, չէին կարողանում ճանաչել փողոցները, որոնցում մի ժամանակ ապրել էին. նեղ փողոցները բեկորներով են լցված, այրված տներից ծուխ է բարձրանում երկինք: Եվրոպան գործնականում ուշադրություն չդարձրեց բռնության այդ առկայծումների վրա: Բրյուսելը Սիրիայում և Իրաքում հակամարտությունների և այնտեղից փախչող մարդկանց հետ կապված իր հոգսերն ունի, բայց քաղաքացիական պատերազմը Թուրքիայի որոշ հատվածներ վերածում է Սիրիայի շրջանները հիշեցնող տարածքների: Անկարան խնդիրներ ունի ոչ միայն սիրիացիների, այլև իրենց` թուրք փախստականների հետ. Թուրքիայում ԵՄ-ի ներկայացուցիչների գնահատականների համաձայն, օգոստոսից 400 հազար մարդ փախել է իր բնակության վայրից: Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի համաձայն, օգոստոսից Թուրքիայի հարավ-արևելքում 250 քաղաքացի է սպանվել: Դիարբեքիրից բացի, տուժել է նաև Ջիզրեն, իշխանությունների գնահատականով, քաղաքը լքել է 100-120 հազար մարդ: Եվրամիությունն Անկարային չի քննադատում ՔԲԿ-ի դեմ ռազմական գործողությունների համար, որին Բրյուսելը ևս ահաբեկչական կազմակերպություն է համարում, չնայած եվրոպական շատ երկրներ աջակցում են քրդական կուսակցության ռազմական թևին՝ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն առաջավոր գծում կռվում են ԻՊ-ի դեմ:
Շատերն արդեն փորձել են փախչել: Անցյալ ամիս Թուրքիայի առափնյա պահպանությունը Թուրքիայի 12 քրդի է հայտնաբերել աֆղանների և սիրիացիների խմբում, որը փորձում էր Հունաստան հասնել: Տեղի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նրանք իշխանություններին պատմել են, որ փախել են հարավ-արևելքում ահաբեկչությունից: Ռազմական գործողությունները սրվում են, տեղափոխված անձանց թիվն աճում է: Երբ մարտի սկզբին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց Շիրնակի շրջափակման սկզբի մասին, քաղաքի 63 հազար բնակչից 50 հազարը հեռացավ: