Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե չկա արտահայտված լիդեր, ով կարող է մարդկանց ոտքի հանել, հասարակության մեղքը ո՞րն է»

«Եթե չկա արտահայտված լիդեր, ով կարող է մարդկանց  ոտքի հանել, հասարակության մեղքը ո՞րն է»
15.07.2016 | 02:08

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
(ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր)


-Այսօր ողջ ընդդիմությունը փնտրտուքի մեջ է՝ ով է իրական ընդդիմությունը, ով՝ կեղծ, և ով պետք է միակ ընդդիմադիրի դափնին կրի: Ձեր կարծիքով՝ ո՞վ է Հայաստանի թիվ մեկ ընդդիմությունը:
-Սխալ է ընդդիմադիր դաշտից պոկել մեկին ու համարել, որ, ա՛յ, հենց նա է միակ ընդդիմությունը: Ես ինձ և իմ կուսակցությունը համարում եմ ընդդիմություն: Շատ շատերն էլ իրենց ընդդիմադիր են համարում և գործում են այդ դաշտում: Դասական ձևակերպմամբ էլ ասած՝ բոլոր նրանք, ովքեր իշխանություն չեն, ընդդիմություն են: Որևէ մեկն իրավունք չունի այնպիսի սահմանում տալու, թե կա մի ընդդիմություն, իսկ մյուսներն իմիտացիոն ընդդիմություն են: Այսօր ընդդիմության միավորման մեծ անհրաժեշտություն կա, սակայն ընդդիմադիր ուժերի միջև եղել են ու դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, ինչը խոչընդոտում է միավորմանը: Հետևաբար, իշխանության համար ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, երբ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ հինգ տոկոսը հաղթահարելու խնդիր ունի:
-Այս ընդդիմադիր «շիլաշփոթի» մեջ հասարակությունն ինչպե՞ս կողմնորոշվի՝ ո՞ւմ վստահել:
-Հասարակությունը շատ լավ կարող է որոշել՝ ով է իրական, և ով՝ վերահսկելի ընդդիմություն: Հնարավոր է՝ վերահսկելի համարվող ընդդիմությանը հասարակությունն ավելի շատ վստահի, քան իրենց միակ, բացառիկ ընդդիմադիր համարողներին: Այնպես որ, «միակի» մասին ձևակերպումներն ինձ համար անհասկանալի են: Մեզնից ամեն մեկն իր վարքագծով ժողովրդին շատ բան է հուշում: Դիրքորոշումների, մոտեցումների մեջ պետք է ազնիվ լինել, ըստ այդմ, հասարակությունը կկողմնորոշվի` ում բերել խորհրդարան:
-Համընդհանուր այս անվստահության ֆոնին մարդիկ հիասթափված են բոլոր քաղաքական ուժերից, իսկ ընդդիմության հանդեպ անվստահությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այսօր իրենց ընդդիմություն են համարում ժամանակին իշխանություն եղած, կոալիցիաների մաս կազմած ուժերը: Հիմա նրանք «ցատկ» են կատարել ընդդիմադիր դաշտ ու խոսում են առկա խնդիրներից այնպիսի պաթոսով, կարծես դրանք մեկ օրում կամ մեկ տարում են առաջացել: Նման մարդկանց ինչպե՞ս լուրջ վերաբերվել, էլ չենք ասում՝ հավատալ նրանց ընդդիմադիր լինելուն:
-Այո, այսօր հասարակության համար ոչ միայն իշխանությունն է անվստահելի, այլև ընդդիմությունը: Այդ անվստահության պատճառը նաև այն է, որ տարիներ շարունակ ընդդիմությունը հասարակության ակնկալիքները չկարողացավ արդարացնել: Ընդդիմության հանդեպ նման հիասթափությունը բազմիցս կրկնվել է: Չեմ ընդունում նաև այն տեսակետը, թե հասարակությունը պասիվ է, գիտակից չէ: Եթե կա քաղաքական լիդեր, ով կարող է պայքար ծավալել, հասարակությունը միշտ կանգնում է նրա կողքին: Եթե չկա արտահայտված լիդեր, ով կարող է մարդկանց ոտքի հանել, հասարակության մեղքը ո՞րն է:
-Ի վերջո, ունենք այն, ինչ ունենք, հնարավո՞ր է այսպիսի ընդդիմադիր դաշտի միավորում կամ հզորացում:
-Այսօր ես այդ հնարավորությունը չեմ տեսնում, որովհետև քաղաքական ուժերի միջև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս միավորվել:
-Վերջերս խորհրդարանում տեղի ունեցած բանավեճն էլ փաստեց, որ ընդդիմությունը ոչ թե իշխանության, այլ միմյանց դեմ է պայքարում: Սա նորմա՞լ է:
-Միանշանակ` ոչ: Ես իմ գործունեության ընթացքում երբևիցե որևէ քաղաքական ուժի նկատմամբ վատ չեմ արտահայտվել: ՈՒրիշներին վարկաբեկելով դու ավելի կարևոր չես դառնում: Պետք է քննադատել իշխանությանը և հանդուրժող լինել մյուս ուժերի հանդեպ: Սակայն այնպես է ստացվել, որ մրցակցությունը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դաշտում է: Իսկ վերջերս խորհրդարանում Փաշինյան-Բիշարյան բանավեճն ինձ համար անընդունելի էր, մասնավորապես տիկին Բիշարյանի պահվածքի առումով: Հասկանալի է, որ տղամարդիկ իրենց կարող են շատ բան թույլ տալ, կանայք կարող են դրանք չընդունել և հակադարձել, բայց այն արտահայտությունները, որոնք իրեն թույլ տվեց Հեղինե Բիշարյանը, պարզապես անընդունելի են: Կինն իրավունք չունի նման վարքագիծ դրսևորելու: Եթե դու մեկին հարվածում ես, պետք է նաև պատրաստ լինես հակադարձման: Պետք է զուսպ լինել, չափի մեջ: Առավել ևս, եթե «Հայկական վերածնունդը» կոչ է անում միավորվելու, չպետք է նման վարքագծով ոչնչացնի ընդդիմադիրներին, դրանով արջի ծառայություն է մատուցում իշխանությանը: Այնպիսի տպավորություն ունեմ, որ նրանք, ովքեր մյուսներին մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ, իրենք են համագործակցում: Սրանով հասարակությանն էլ ապակողմնորոշում են:
-Այսօր կա՞ մի ընդդիմադիր ուժ, որը կարող է միայնակ հաղթահարել անցողիկ շեմը:
-Ոչ, առավել ևս, որ կա ռեյտինգային քվեարկության հնարավորությունը: Սա ընդդիմության պարտությունն է գուժում: Իշխանությունն այսօր առանց կեղծման, ԸՕ-ով կարող է ապահովել մեծամասնություն, և միայն ընդդիմության միասնականությունը կարող է իրավիճակ փոխել:
-Անձամբ Դուք ինչպե՞ս եք տեսնում ձեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, ՀԱԿ կուսակցության հետ համատեղ դաշինք կլինի՞:
-Այս պահի դրությամբ չկան այնպիսի հարաբերություններ, որոնք թույլ կտան ասելու, որ համատեղ հանդես կգանք: Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ