Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե Ղարաբաղից մեկն արտագաղթում է, ուրեմն խրամատը լքում է մեկ զինվոր»

«Եթե Ղարաբաղից մեկն արտագաղթում է, ուրեմն խրամատը լքում է մեկ զինվոր»
19.07.2016 | 00:37

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում կրկին ակտիվություն է նկատվում: Ռուսաստանի դիրիժորությամբ սկսված հերթական փուլը ինչ ավարտ կունենա, դժվար է ասել, բայց ռուս և ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն այնքան էլ հուսադրող չեն: Տարածքների հանձնման թեման վերստին քննարկման տիրույթում է: Արցախցի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով արձակուրդները միշտ հայրենիքում է անցկացնում, ապրիլյան պատերազմից հետո նկատել է, որ ղարաբաղցիների հոգեբանության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել: Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս զարգացումների շուրջ «Իրատեսը» զրուցեց պատգամավորի հետ:

-Որպես արցախցի, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը տարածքների հանձնման գաղափարի նկատմամբ:
-Ցանկացած գործընթաց ենթադրում է փոխզիջում: Միայն կապիտուլյացիայի ժամանակ փոխզիջում չի լինում: Այս դեպքում, բնականաբար, կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող, կողմերը հավասար իրավունքներով բանակցում են և պետք է փոխզիջման որևէ տարբերակ գտնեն:
-Այսօր շատերը կարծում են, թե «տարածքներ` կարգավիճակի դիմաց» մոտեցումն անընդունելի է, մյուսներն էլ դրանում են տեսնում լուծման բանալին: Դուք ի՞նչ մոտեցում ունեք:
-Փոխզիջման տարբերակներից մեկն էլ կարող է լինել տարածքներ` Արցախի անկախության ճանաչման դիմաց: Բայց վստահ եմ, որ Ադրբեջանը նման փոխզիջման չի գնա, նա ընդհանրապես չի ուզում այդ մասին խոսել, քանի որ իր տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր է տեսնում: Չնայած այսօր մեզանում այդ տարբերակը բավականին ակտիվ քննարկվում է, բայց շատերը մոռանում են, որ Ադրբեջանը նույնիսկ այդ մասին չի ցանկանում լսել: Եթե Ադրբեջանը չգնա զիջման, մենք ոչ մի թիզ հող զիջելու մտադրություն չունենք: Եթե նա ճանաչի Ղարաբաղի դեֆակտո և դեյուրե գոյությունը, այս պարագայում կարելի է քննարկել հիմնախնդրի լուծման տարբերակներ:
-Քննարկումների ծիրում է հինգ տարածքներ հանձնելու թեման:
-Պետք չէ հիմա հինգ, վեց, ութ տարածքների մասին խոսել: Առաջնային են Արցախի ճանաչումը և անվտանգության երաշխիքների ներդրումը: Եթե անգամ ճանաչեն անկախությունը և հետո ռազմական գործողություններ սկսեն, ստացվում է` դա ոչինչ է: Այնպես որ, մեծ դաշնագրի ստորագրման ժամանակ պետք է միջազգային կառույցները հետամուտ լինեն, որ Ադրբեջանը նաև անվտանգության կանոնները պահպանի: Իսկ այս պահին տարածքներ հանձնելու-չհանձնելու թեման լուրջ խոսակցություն չէ, ասեկոսե է: Հայկական կողմը, առանց փոխհատուցման, երբեք տարածքներ չի զիջի: Մենք էլ նրանց մոտ տարածքներ ունենք` Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու մի մասը: Ի՞նչ է, կարծում եք, մենք տարածքներ չունե՞նք Ադրբեջանի կազմում: Հարկավոր է երկկողմ քաղաքական կամքի դրսևորում, ինչը Հայաստանի պարագայում կա, բայց նույնը չի կարելի ասել Ադրբեջանի պարագայում:
-Այս անգամ բանակցությունների «քավորը» Ռուսաստանն է: Արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ մենք լուծման տարբերակին մոտ ենք: Սա ենթադրո՞ւմ է, որ Ադրբեջանը համաձայն է փոխզիջումներին:
-Բանակցային գործընթացը վերջնական փուլ կմտնի այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն ճանաչվի որպես բանակցող կողմ: Հաջորդ քայլն այն է, որ Ադրբեջանը ևս ընդունի դա: Մնացած փուլերին գուցե և Ղարաբաղը համաձայնություն չտա: Ի վերջո, նաև Արցախի ժողովուրդը պետք է համոզվի, որ ռազմական գործողությունները պարբերաբար չեն կրկնվելու: Երբ անընդհատ պատերազմը կախված է ժողովրդի գլխին, նրա հոգեբանությունը փոխվում է: Անցած տարի նույն ժամանակահատվածում ես եղել եմ Ղարաբաղում, այսօր նույն հոգեբանությունը չեմ տեսնում: Որոշակի փոփոխություններ կան: Պատերազմը դամոկլյան սրի նման կախված է մարդկանց գլխին, ու դա ամեն վայրկյան լարվածություն է ստեղծում: Առաջին հերթին արցախցին անվտանգության երաշխիք է ուզում, պետք է վստահ լինի, որ պատերազմը չի վերսկսվելու, որպեսզի կարողանա զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով: Հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում ռազմական իրավիճակում ապրելը: Անցյալ տարի Արցախում լիովին այլ հոգեբանություն էր, այսօր` այլ: Այսօր մեզ համար ամենաէականն ու կարևորն անվտանգության երաշխիքներն են:
-Այդ առումով էլ վիճակը հուսադրող չէ: Ադրբեջանը տապալեց անվտանգության երաշխիքների ներդրման գործընթացը:
-Բանակցային գործընթացում ցանկացած դրական քայլ պատերազմը հեռացնում է, և դա արդեն հաջողություն է: Եթե գերտերություններն իսկապես կամք դրսևորեն, կարծում եմ, պատերազմական գործողությունները կարող են կանխել:
-Այս անգամ թվում է, թե Ռուսաստանը շահագրգիռ է, որ հիմնախնդիրը լուծվի: Ի՞նչ եք կարծում, ՌԴ-ն կարո՞ղ է մեզ համար ցանկալի արդյունք ապահովել:
-Ակտիվ է նաև Ֆրանսիան: Համանախագահող երկրները մշտապես ցանկանում են դոմինանտ լինել տարածաշրջանում, հետևապես ամեն մեկն իր ներդրումն է ուզում ունենալ: Եթե մեծ տերությունները ցանկանան, երկրորդեմ, գոնե պատերազմի վերսկսումը կկանխեն: Ի՞նչ է, Ալիևը նրանց դե՞մ է դուրս գալու: Իսկ մնացած հարցերն ածանցյալներ են, կարող են բանակցությունների ժամանակ լուծվել:
-Համանախագահող երկրները ցանկություն ունե՞ն հասնելու իրական լուծման, թե՞ այս հարցում ամեն մեկն իր շահն է հետապնդում:
-Առայժմ ամեն մեկն իր շահն է հետապնդում, բայց հույս ունեմ, որ դրական տեղաշարժեր կլինեն: Ադրբեջանում հոխորտանքները շարունակվում են, իսկ քառօրյա պատերազմը նրանց ղեկավարության շրջանում զարմանալի բան է առաջացրել: Նրանք կարծում են, որ ցանկացած պահի, եթե ռազմական գործողություններ սկսեն, կարող են հաջողության հասնել: Հետաքրքիր է, որ Արցախի ժողովուրդն էլ դժգոհում է, թե ինչու առաջ չենք գնում: Այդ ոգևորությունը բավականին հուսադրող է:
-Տարածքների հանձնման թեման ինչպե՞ս է ընկալվում Ղարաբաղում:
-Ղարաբաղում տարածքների հանձնման վերաբերյալ ընդհանրապես խոսակցություններ չկան, որևիցե մեկը չի էլ ուզում այդ մասին մտածել, որովհետև այդ տարածքները հեշտ չեն գրավել: Սա բավականին ցավոտ թեմա է, Ղարաբաղում խուսափում են նման թեմա շոշափելուց:
-Այսօր հայկական դիվանագիտությունն արտացոլո՞ւմ է ժողովրդի ցանկությունները, արդարացնո՞ւմ է նրա սպասելիքները:
-Հայկական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը միայն դա է: Սոցիալական, տնտեսական դժվարությունները երկրորդ, երրորդ պլան են մղված։
-Ակնհայտ է, որ բոլորը խաղաղության են ձգտում, բայց երկարատև բանակցություններից հետո մարդիկ ակնկալում են հիմնախնդրի որոշակի լուծում: Ո՞րն է Ղարաբաղի համար լուծման ցանկալի տարբերակը:
-Ադրբեջանը և Ղարաբաղը պետք է բանակցային սեղանի շուրջ նստեն: Ադրբեջանը չունի բանակցային գործընթացի ծրագիր, գործողությունների պլան, միայն ասում է` ինձ տվեք Ղարաբաղը, որը բարձր ինքնավարության կարգավիճակ կունենա Ադրբեջանի կազմում: Այս մոտեցումը վիժեցնում է ցանկացած բանակցային գործընթաց: ՀՀ նախագահը հայտարարել է, որ ողջ ժողովուրդը ևս նույն կարծիքին է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին խոսք անգամ չի կարող լինել:
-Դա չի խանգարում, որ ռուս գործընկերոջ «թելը թելող» Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարի, որ այս պահին բանակցային կոնկրետ կետերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
-Ճիշտն ասած, այս պահին բանակցային գործընթացի գաղտնիքներին տեղյակ չեմ ու նաև խիստ վերապահումով եմ վերաբերվում այդ կարգի հայտարարություններին:
-Մի կողմից՝ ունենալով Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը` «Ղարաբաղն ինձ տվեք և վերջ», մյուս կողմից` հայկական կողմի հաստատուն դիրքորոշումը` այդ մասին խոսք լինել չի կարող, ի՞նչ ելք կարող ենք ակնկալել:
-Առաջնայինը մեր բանակի հանդեպ ուշադրությունն է, վստահության մեծացումը, իսկ արցախցին պետք է պետական հոգածություն զգա: Այս ամենը հաստատապես իր դրական ազդեցությունը կունենա: Իսկ եթե շարունակենք ժողովրդին ծանրաբեռնել հարկային ճնշումներով, տարբեր ձևերով, ապագան աղոտ է: Եթե ժողովրդին թողնենք բախտի քմահաճույքին, շարունակենք նույն պետական քաղաքականությունը, բնականաբար, կթուլացնենք մարտական հոգեբանությունը: Հիմա իմ կողքին այս պահին նստած են կռված տղաներ (Արցախի իր տան մասին է խոսքը- Ռ.Խ) ու ինձ հետ համաձայն են, որ նախ պետական հոգածությունը ժողովրդի հանդեպ պետք է մեծացնել:
-Ձեր խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ հարցը դիվանագիտական լուծում չունի, միակ ճանապարհը տնտեսապես զարգանալն է և բանակը զինելը՝ ցանկացած պահի պատերազմի պատրաստ լինելու համար:
-Առաջին հերթին պետք է տնտեսական հզորացմանը ձգտել, բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր մակարդակի վրա պահել, ժողովուրդը պետք է հավատա իր ղեկավարությանը, զինվորը` իր հրամանատարին: Այս պարագայում, ցանկացած բանակցային գործընթացի խափանման դեպքում, մենք ինքներս կարող ենք մեզ պաշտպանել: Բանակցային գործընթացի հաջողությունը սրի ծայրին է: ՈՒմ սուրը հատու է, նա էլ կհաղթի: Բանակցային գործընթացում հաջողություն կլինի, եթե ունենանք ժողովրդի աջակցությունը, զարգացած տնտեսություն և հզոր բանակ:
-Դուք խոսեցիք ղարաբաղցու հոգեբանության փոփոխության մասին, էլ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Ղարաբաղում, ի՞նչ ակնկալիքներ կան ղարաբաղյան հիմնախնդրի այս փուլից:
-Տարբեր տեղերում եմ եղել, շատ մարդկանց հետ եմ խոսել, մարտական ոգին նույնն է, ժողովուրդը ցանկացած պահի պատրաստ է պատերազմի: Ղարաբաղում յուրաքանչյուրը մարտիկ է, որովհետև սահմանին է, նրանց միակ ցանկությունը, պետական հոգածությունն է, որն ամեն օր, ամեն վայրկյան պետք է լինի: Սահմանի ժողովուրդը չի ասում` աշխատավարձ բարձրացրու, սոված եմ, այս-այս կարիքներն ունեմ, ասում է` պետություն, եղիր իմ թիկունքում: Ղարաբաղում պետք է լինի հատուկ վերաբերմունք ժողովրդի հանդեպ, որ մարդիկ մնան ու հերոսաբար պաշտպանեն հողը: Ապրիլյան պատերազմը պետք է փոխի իշխանության հոգածության աստիճանը: Պիտի հասկանալ, որ եթե Ղարաբաղից մեկն արտագաղթում է, ուրեմն խրամատը լքում է մեկ զինվոր:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հ.Գ. Հարցազրույցն արվել է մինչ Երևանում զինված ապստամբության իրականացումը: Քանի որ «Սասնա ծռեր» խմբավորումն իր քայլը պայմանավորում է նաև Արցախի շուրջ «դավաճանական» զարգացումներով, փորձեցինք պարոն Հարությունյանից այս առնչությամբ ևս մեկնաբանություն լսել: «Սա ամենամեծ հարվածն է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, դավաճանություն հայկական պետականության հանդեպ: Այս քայլով ոչ միայն չեն նպաստի Արցախի հիմնախնդրի լուծմանը, այլև անդառնալի վնասներ կտան: Դուք միայն տեսեք, թե ինչ ցնծություն է ադրբեջանական ԶԼՄ-ներում: Սա՞ է նրանց ուզածը: Արցախում չկա մեկը, որ ոչ միայն հավանության արժանացնի, այլև մի փոքր դրական արտահայտվի այս արարքի առնչությամբ: Սա նաև հարված էր Հայաստանի միջազգային վարկանիշին»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ շատերն են իշխանությունից դժգոհ, բայց երբեք այսպիսի մեթոդներով խնդիրների լուծման չեն գնում, որովհետև դա պետության հիմքերը խարխլող գործելակերպ է:

Դիտվել է՝ 4270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ