Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թռիչքաձև զարգացման, ոչ թե «յոլա գնալու» ծրագիր

Թռիչքաձև զարգացման, ոչ թե «յոլա գնալու» ծրագիր
07.10.2016 | 00:12

Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության 14-րդ կառավարությունը: Մինչ կներկայացվի կառավարության ծրագիրը, և հնարավորություն կունենանք գնահատական տալու ապագա Հայաստանի վերաբերյալ կառավարության տեսլականին ու կանխատեսելու ՀՀ նախագահի բարձրաձայնած «Մեծ վերելք» սկսելու հնարավորությունները, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ձևավորված կառավարության կազմին:


Այսպիսով, 14-րդ կառավարությունը կազմված է վարչապետից և 19 նախարարներից, այսինքն՝ 20 անդամից, որոնցից 6-ը հանրապետական կուսակցության, 3-ը` Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ են, իսկ մնացած 11-ը՝ անկուսակցական: Կառավարության անդամներից 8-ը գիտությունների թեկնածու, 5-ը՝ գիտությունների դոկտոր, 8-ը բարձրագույն կրթություն են ստացել միջազգային առաջատար համալսարաններում, ընդ որում՝ վարչապետը նույնպես գիտությունների դոկտոր է: Ինչո՞ւ եմ ներկայացնում այս ամենը: Ցանկանում եմ հանրությանն իրազեկել, որ «Մեծ վերելքի» համար նախադրյալներն արդեն առկա են, և պնդել, որ հանրապետության նախագահի հայտնի ելույթում արծարծված մտքերը ոչ թե ականջահաճո արտահայտություններ էին, այլ ժամանակի ընթացքում դրանք իրականություն դարձնելու համոզմունք:


Նշեմ նաև, որ կառավարության անդամներից 11-ի անկուսակցական լինելու հանգամանքը հուշում է նախագահի մեկ այլ ելույթում տեղ գտած, «Ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու իրողության մասին:


Ամենևին չթերագնահատելով նախորդների որակները և կատարած աշխատանքը` ցանկանում եմ բարձրաձայնել, որ նոր կառավարությունը, ձևավորված լինելով առանձին ոլորտների լավագույն մասնագետներով, կարող է թիմային աշխատանքով ապահովել տնտեսական վերելք: Իհարկե, այդ աշխատանքը պետք է հիմնված լինի նվիրումի, անկաշառության, անաչառության և, բառիս բուն իմաստով, ժողովրդին ծառայելու պատրաստակամության վրա:


Գովեստի է արժանի այն մոտեցումը, որ հանրապետական կուսակցությունը, ի դեմս երկրի նախագահի, խորությամբ գիտակցում է երկրի առաջ ծառացած մարտահրավերները, և դրանց հաղթահարման ճանապարհին առաջնորդվում է ոչ թե նեղ կուսակցական շահերով, այլ պետության համընդհանուր շահից ելնելով կառավարման համակարգ է ներգրավում նաև հանրության պրոֆեսիոնալ, թեկուզ և անկուսակցական հատվածը:


Պետք է նշել, որ կառավարության նոր կազմը, վարչապետի գլխավորությամբ, բնակչության շրջանում առաջացրել է դրական սպասումներ: Այդ դրական սպասումներն ունեմ նաև ես, և ես ու իմ գործընկերները բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու ենք կառավարությանը՝ այդ սպասումներն իրականություն դարձնելու համար:


Վստահ եմ, որ կառավարությունն իր ծրագրում կներառի երկրի թռիչքաձև զարգացումն ապահովող առաջնահերթ ծրագրեր և կիրագործի դրանք: Այո՛, հենց թռիչքաձև զարգացման, ոչ թե «յոլա գնալու» կամ փոքր քայլերով առաջ շարժվելու ծրագիր:


Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ