Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեղական նշանակության սենսացիա

Տեղական  նշանակության  սենսացիա
22.11.2016 | 00:56

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ հերթական համագումարն է: Իհարկե, դա կարևոր իրադարձություն է նրանց կյանքում, ովքեր ՀՀԿ անդամ են, բայց իշխող կուսակցության համագումարը ընտրություններից առաջ դառնում է իրադարձություն նվազագույնը քաղաքական դաշտի մյուս կուսակցությունների համար, որ սպասում են, թե ինչ կասի պարահանդեսի կարգադրիչը: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը շաբաթ օրը բացել է որոշ փակագծեր: Օրինակ, որ ՀՀԿ համագումարն ունենալու է 1790 պատվիրակ և հյուրեր՝ ԵԺԿ-ից ու «Միասնական Ռուսաստանից», Չինաստանի կոմունիստական կուսակցությունից: Ինչպե՞ս են իրար հետ հարաբերվելու եվրոպացիներն ու ռուսները, երևի միայն չինացիները գիտեն, ընդունեք, որ հետաքրքիր հարթակ է ստացվելու՝ չեզոք գոտում… Թրամփի նախագահությունը ու հնարավոր հետևանքները քննարկելու: Բայց դա չէ հետաքրքիրը: Երբ Ռուբեն Թադևոսյանին հարցրել են՝ տեղի կուսակցություններին հրավիրելո՞ւ եք, նա պատասխանել է. «Նախատեսված է հրավիրել 13 կուսակցություն: ՀԱԿ, «Ժառանգություն»: Դեռ ճշտում ենք»:

Իսկ «Հրավիրյալ լինելու սկզբունքը ո՞րն է. իրենց ժողովրդականությո՞ւնը, վերաբերմո՞ւնքը ՀՀԿ-ի նկատմամբ» հարցին ի պատասխան Ռուբեն Թադևոսյանն ասել է. «Մենք նախատեսում ենք հրավիրել մեզ հետ համագործակցող կուսակցությունների»: Իսկ հիմա նորից կարդացեք՝ ո՞ր կուսակցություններն են հրավիրվելու՝ ՀԱԿ, «Ժառանգություն», ի՞նչ սկզբունքով՝ ՀՀԿ-ի հետ համագործակցության: Սրան ասում են՝ սկանդալ հարթ տեղում, փաստացի ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն ասել է, որ ՀՀԿ-ն համագործակցում է ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ: Առավել ևս, որ հետո հնչած «Արմատական ընդդիմությանը չե՞ք հրավիրելու» հարցն անպատասխան է թողել, ծիծաղելով. «Դուք Ձեր հարցին արդեն իսկ պատասխանեցիք»: Որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» արմատական ընդդիմություն չեն, մեծ բացահայտում չէ, բայց որ նրանք համագործակցում են ՀՀԿ-ի հետ, ու ՀՀԿ-ն բարձրաձայնում է այդ թեման, իսկապես նորություն է, որ ընտրություններից կես տարի առաջ հնչում է նվազ գրավիչ, քան «համագործակցություն» բառն է, չասեմ՝ ինչպես: Բոլորդ էլ գիտեք՝ ինչ անուն են տալիս իշխանության հետ համագործակցող կուսակցություններին հետխորհրդային տարածքում: Եթե, իհարկե, գործերի մեջ խառնված Ռուբեն Թադևոսյանը կուսակցությունների անունները չի շփոթել: Իսկ եթե չի շփոթել, պատկերացնո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքագիտական վերլուծություն անելիս, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ աղոթելիս ՀՀԿ համագումարում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Համագումարի օրակարգում ՀՀԿ նախագահի, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն է, ՀՀԿ կանոնադրության և ծրագրում փոփոխություններ, լրացումներ կատարելու հարցը, կուսակցության նախագահի, գործադիր մարմնի անդամների, վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները և բանաձևի ընդունումը:
Արդեն իսկ հայտնի է մեկ ընտրության արդյունքը՝ ՀՀԿ նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի 19 անդամներից նվազագույնը 7-ը չեն վերընտրվի: Բայց համագումարի ինտրիգը նրանք չեն, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցել-չանդամակցելու հարցը: Նաև՝ անկուսակցական նախարարների: Մտածելու համար նրանք ունեն չորս օր, եթե, իհարկե, իրենք են որոշում:

Դիտվել է՝ 2652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ