Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լրջագույն խնդիրներ են դրված կառավարության առջև»

«Լրջագույն խնդիրներ են դրված կառավարության առջև»
23.12.2016 | 02:08

2016-ի չորրորդ եռամսյակի համար ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսել է տնտեսության նվազեցում բոլոր ոլորտներում։ Ինչ խոսք, սա տարեվերջյան ամենալավ լուրը չէ, սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ Ինչպե՞ս սրան կարձագանքի ֆինանսական շուկան՝ առևտրային բանկերը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։


-ՀՀ Կենտրոնական բանկը ոչ թե կանխատեսել է տնտեսության նվազեցում բոլոր ոլորտներում, այլ վերանայել է 2016-ի Հայաստանի տնտեսական աճի իր սպասելիքները՝ նախկին 2,8-3,4 % աճի փոխարեն կանխատեսելով 1,3-1,8 % աճ: Այս կանխատեսումների հետ ֆինանսական շուկայի մասնակիցները, իհարկե, համաձայն են, քանի որ առևտրի շրջանառության ծավալները և հատկապես գյուղատնտեսության ոլորտի արտադրանքը դանդաղ են աճում, դրամական փոխանցումների ծավալները ևս սպասված չափով չեն ավելացել, ներքին պահանջարկը պահպանվում է ցածր մակարդակի վրա և այլն: Ամեն դեպքում, փոքր, սակայն տնտեսական աճ արձանագրելու ենք, հետևաբար բանկերն ակտիվ շարունակում են տնտեսության և բնակչության վարկավորում իրականացնել: Տնտեսական բավականին բարդ պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպես և Հայաստանի ամբողջ բանկային համակարգը, փորձում են դրական լիցքեր հաղորդել տնտեսությանը։
-Բազմիցս Ձեզ հետ խոսել ենք բանկ-տնտեսություն կարևոր փոխհարաբերության մասին, այսօր որքանո՞վ է ԿԲ-ի վարած քաղաքականությունը նպաստում տնտեսության աշխուժացմանը։
-Իմ գնահատականով, ՀՀ Կենտրոնական բանկը վարում է մեղմացնող դրամավարկային քաղաքականություն, ինչը նպաստում է շուկայում հիմնական տոկոսադրույքների անկմանն ու բանկային վարկավորման ծավալների աճին. դա նշում են նաև միջազգային կազմակերպությունների մասնագետները: Այսպես, վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի գործառնական տնօրենի առաջին տեղակալ Դեյվիդ Լիփթոնը դրական է գնահատել ՀՀ Կենտրոնական բանկի մեղմացնող դրամավարկային քաղաքականությունը, որը, նրա բնորոշմամբ, նպաստել է շուկայում հիմնական տոկոսադրույքների անկմանն ու բանկային վարկավորման ծավալների վերականգնմանը: Նրա խոսքով` բանկերի նորմատիվային կապիտալի չափը բարձրացնելու վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի որոշումը կօգնի ամրապնդելու երկրի ֆինանսական կայունությունը: Նորմատիվային կապիտալի չափը 30 մլրդ դրամի հասցնելու վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի որոշումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, որը, գաղտնիք չէ, այժմ գտնվում է, եթե այդպես կարելի է ասել, ոչ լավագույն «մարզավիճակում»: Բանկերում կհայտնվեն և արդեն հայտնվել են լրացուցիչ ազատ միջոցներ, որոնք կուղղվեն տնտեսության բոլոր ճյուղերի վարկավորմանը: Այդ միջոցները Հայաստանի համար բավականին զգալի են, բանկերի միջև կաշխուժանա մրցակցությունը դրանք տեղաբաշխելու համար, ինչի արդյունքում վարկային տոկոսադրույքները կիջնեն: Տնտեսությունն աշխուժացնելու ուղղությամբ ՀՀ ԿԲ-ն շարունակական ձևով իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մեղմացնում այլ նորմատիվներ, որպեսզի նվազեն վարկային տոկոսադրույքները և աճեն բանկային վարկավորման ծավալները: Հիմա արդեն ստեղծվել են բոլոր նախադրյալները բանկային գործունեության իրավական բազայի և, ընդհանրապես, դրամավարկային քաղաքականության մեղմացման համար: ՈՒշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ այդ ֆինանսական քաղաքականությունը զուգակցվում է նաև տնտեսության վերելքի նախադրյալներ ստեղծելու կառավարության ջանքերի հետ:
-Շինարարության ոլորտն անընդհատ անկում է ապրում, սակայն առևտրային բանկերը էականորեն չեն նվազեցնում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները և միանվագ 30 %-ի վճարի չափը, ինչո՞ւ։ Չէ՞ որ այդ դեպքում վարկառուների քանակը զգալիորեն կմեծանա, ինչից կշահեն բոլոր կողմերը։
-Եթե տնտեսության որևէ ոլորտ անկում է ապրում, դա չի նշանակում, որ այդ ոլորտը չպետք է վարկավորվի: Այո, Դուք ճիշտ եք նկատել, բանկերը շարունակում են վարկավորել շինարարական ոլորտը և տրամադրել հիփոթեքային վարկեր: Ավելին, առկա են բավականաչափ ծրագրեր բնակչությանը հիփոթեք տրամադրելու համար (Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով, «Բնակարան երիտասարդներին», կառավարության կողմից իրականացվող եկամտահարկի չափով հիփոթեքային տոկոսադրույքների վերադարձի վերաբերյալ ծրագիրը և այլն), սակայն բնակարանային պահանջարկն ամբողջությամբ չի բավարարվում, որովհետև առկա է բնակչության եկամուտների և անշարժ գույքի գների անհամապատասխանություն: Ինչ վերաբերում է կանխավճարներ կատարելուն և տոկոսադրույքներին, պետք է ասել, որ տոկոսադրույքները հիմնավորված են, ավելին՝ նշածս ծրագրերով հիփոթեքային տոկոսադրույքներն էականորեն ցածր են, քան շուկայական տոկոսադրույքները: Կանխավճարի դեպքում հաճախորդի ամսական վճարները ցածր են, և դա նշանակում է, որ հաճախորդը կուտակելու հնարավորություն և հմտություններ ունի, սակայն շուկայում առկա են պրոդուկտներ, որոնց դեպքում կարելի է հիփոթեք ստանալ առանց կանխավճարի: Հիփոթեքային վարկերի հասանելիությունը կարելի է բարձրացնել նաև այլ միջոցներով: Օրինակ, վերջերս ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման» և մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնելու հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:
-Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում տնտեսությունն անկում է ապրում, իսկ առևտրային բանկերը զարգանում են: Սա պարադոքս չէ՞։
-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ բանկերը զարգանում են: Եթե նկատի ունեք, որ կապիտալի ավելացմամբ հզորանում են՝ այո, եթե նկատի ունեք, որ վարկավորման հաշվին ակտիվները մեծանում են՝ այո, եթե նկատի ունեք, որ մասնաճյուղերի և ինքնասպասարկող ցանցը մեծանում է՝ այո: Բայց եթե նկատի ունեք, որ շահութաբերությունը բարձր է, ապա ոչ, քանի որ մի քանի բանկեր այս տարվա 3-րդ եռամսյակը վնասով են փակել, տարեկան եկամտաբերությունը բանկային համակարգում էականորեն նվազել է և շատ ցածր մակարդակի վրա է (5,5 %): Պարզ է, որ տնտեսությունը միաձուլված է բանկերի զարգացման հետ: Ընդհանուր առմամբ, մեր բանկերին հաջողվել է դժվար տնտեսական վիճակում զսպել ակտիվների որակի վատացումը և ժամկետանց վարկերի մասնաբաժնի աճը վարկային պորտֆելներում: Սակայն, եթե այսօր խոսում ենք բանկերի զարգացման մասին, մեծ մասամբ գործ ունենք ոչ երկնիշ ցուցանիշների հետ, ինչպես դա եղել է տարիներ առաջ: Ընդհանուր տնտեսությունն էլ ցուցադրում է համեստ աճ, և խոսքն ընդամենը աճի տեմպերի թուլացման մասին է, ոչ թե անկման: Ասածս այն է, որ տնտեսությունում և բանկային համակարգում նկատվում են համահունչ տենդենցներ:
-Եթե առևտրային բանկերը ևս խնդիրներ ունեն, ի՞նչ պետք է արվի դրանք կարգավորելու համար։
-Բանկային համակարգում խնդիրները շատ են, սակայն դրանք է՛լ ավելի են օրենսդրական, դատական, հարկային և այլ դաշտերում, բայց տնտեսության աշխուժացման և արժույթի կայունության պարագայում մեր հիմնական խնդիրները հնարավոր կլինի հաղթահարել: Ի դեպ, կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ առկա իրավիճակում լավ է, որ մեր բանկային համակարգը անկում չի ապրում:
-Պարոն Ճզմաչյան, ըստ Ձեզ, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը կկարողանա՞ կարգավորել այն խնդիրները, որոնք դրական ազդեցություն կթողնեն տնտեսության և բանկային համակարգի վրա։
-Ակնհայտ է, և դա բոլորս ենք զգացել, որ թարմ լիցք է հաղորդվել կառավարության աշխատանքին, սկսած կաբինետի կազմում նոր ֆիզիկական անձանց ներգրավումից: Միանշանակ է նաև, որ բնակչության գերակշիռ մասը բավականին պոզիտիվ ձևով է տրամադրված նոր կառավարության գործունեության հանդեպ: Ես անձամբ մեծ հավատով եմ լցված կառավարության նոր մոտեցումների հանդեպ: Բնական է, որ այդ լրջագույն խնդիրները, որոնք դրված են ՀՀ կառավարության առջև, պահանջում են շուտափույթ լուծումներ, սակայն ժամանակը շատ քիչ է: ՀՀ կառավարության գլխավոր խնդիրներն են՝ տնտեսության զարգացմանը նոր լիցք հաղորդելը, բնակչության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ անզիջում պայքարը և այլն: Դրան հասնելու համար մենք բոլորս պետք է համբերությամբ լցվենք և մեր տեղերում աշխատենք, անենք ամեն ինչ կառավարությանն օգնելու համար, ոչ թե ամեն քայլափոխի փորձենք միայն թերություններ գտնել և քննադատել կառավարությանը:


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ