Կատալոնցիների ու անդալուզցիների տեղապտույտից առավելագույնս օգտվեց «արքայականը», ՊՍԺ-ին սեփական հարկի տակ չհաջողվեց կոտրել հավակնոտ «Մոնակոյի» դիմադրությունը, «Նիցցան» կրկին երկիշխանություն է հաստատում դիվիզիոնում, բունդեսլիգայում այլևս չկա թիմ, որ պարտություն կրած չլինի, սկուդետեում «Պալերմոն» անսպասելիորեն բարդ խնդրի լուծման առաջ կանգնեցրեց «Նապոլիին», «Սամպդորիան»՝ «Ռոմային»՝ անուղղակիորեն նպաստելով առաջին հորիզոնականում «ծեր սինյորայի» դիրքերի ավելի ամրապնդմանը, «Լիվերպուլի» հետ ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ, իսկ մեր Մխիթարյանը լծվել է «Մանչեստր Յունայթեդի» հաղթանակներն ապահովելու գործին:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Լայպցիգ»-«Հոֆենհայմ» դիմակայությունն ամենասպասվածն էր բունդեսլիգայի հերթական տուրում, ու դա պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ հանդիպում էին մրցաշարային աղյուսակի երկրորդ ու երրորդ հորիզոնականում գտնվող թիմերը: Առավել հետաքրքիրն այլ բան էր՝ արդյո՞ք այս անգամ էլ «Հոֆենհայմը» կշարունակի անպարտ մրցելույթների շարքը: Շտապենք ասել, որ չհաջողվեց, որքան էլ որ խաղի հաշիվը բացողը հյուրերն էին: «Լայպցիգին» հաջողվեց կամային հաղթանակի հասնել՝ 2:1:
«Հոֆենհայմի» վրիպումն առաջատար եռյակ խուժելու ռեալ շանս էր «Մայնցին» հյուր գնացած Դորտմունդի «Բորուսիայի» համար: Սակայն հյուրերը չկարողացան տեր կանգնել իրենց հաղթանակին ու բավարարվեցին մեկ միավորով՝ 1:1:
Դորտմունդցիների փոխարեն երրորդ հորիզոնական բարձրացավ դեռևս երկու օր առաջ արտագնայում նվազագույն հաշվով «Շալկեին» հաղթած Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: Ինչ վերաբերում է «Բավարիային», այն իր հերթական երեք միավորը վաստակեց «Վերդերի» հետ խաղում՝ 2:1:
18 տուրից հետո «Բավարիան» ունի 45, «Լայպցիգը»՝ 42, «Այնտրախտը»՝ 32 միավոր:
ԻՏԱԼԻԱ
«Ռոման» «Սամպդորիայի» հետ շատ լավ սկսեց, սակայն տանտերերը խաղի միջնամասում հասկացրին, որ հավասարությունը լավ բան է: Իտալական «գայլերը» երկրորդում երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ անցան ու սույնով վերջնականապես լցրին «Սամպդորիայի» համբերության բաժակը: Տանտերերը երկու րոպեում երկու գոլ հեղինակեցին՝ հյուրերին հարկադրելով դատարկաձեռն վերադառնալ տուն:
«Նապոլի»-«Պալերմո» դիմակայությունում հյուրերը շատ արագ գոլ հեղինակեցին՝ մնացած խաղաժամանակը լիովին հանձնելով տանտերերի կողմից իրենց պաշտպանության .«քրքրմանը»: «Նապոլիին» դա անելը միայն մեկ անգամ հաջողվեց, ինչը նշանակեց «Ռոմային» հավասարվելու երազանքի հետաձգում:
«Սասուոլո»-«Յուվենտուս» դիմակայությունում սկուդետեի առաջատարը հարցերը լուծեց արդեն իսկ առաջին խաղակեսում (2:0)՝ հանդիպման շարունակությունը վերածելով պարզ ձևականության: Արդյունքում «ծեր սինյորայի» միավորները դարձան 51՝ գումարած հետաձգված հանդիպումից գալիք գումարելիները: «Ռոման» ունի 47, «Նապոլին»՝ 45 միավոր:
ԻՍՊԱՆԻԱ
Ձայն ձայնի տված՝ այստեղ «Բարսելոնն» ու «Սևիլիան» ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ արեցին չեմպիոնական մրցավազքում «Ռեալի» համար իրադարձությունների առավելագույնս ձեռնտու զարգացման համար: «Բետիսի» հետ մրցավեճում կատալոնցիները խաղավարտին մոտ միայն կարողացան խուսափել պարտությունից (1:1), իսկ անդալուզցիների համար այդ մեկ միավորն էլ մնաց երազանք: Հանուն ճշմարտության ասենք, որ «Էսպանիոլի» հետ խաղում նրանք արդեն երկրորդ րոպեից մնացին տասը հոգով: Գրանցվել է 3:1 հաշիվ: Իսկ ահա, ի տարբերություն ընթացիկում ոսկու համար պայքարում իր գլխավոր մրցակիցների, Մադրիդի «Ռեալը» վրիպելու «շքեղություն» իրեն թույլ չտվեց և Սոսիեդադի «Ռեալի» հետ պայքարն ավարտեց 3:0 հաշվով (գոլերից մեկի հեղինակը Ռոնալդուն է)՝ միավորների թիվը հասցնելով 46-ի, ինչը չորսով շատ է երկրորդ ու երրորդ հորիզոնականներում դիրքավորված «Բարսելոնի» ու «Սևիլիայի» ունեցածից՝ չհաշված ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղի բերելիքը:
ՖՐԱՆՍԻԱ
Վերջին շրջանի որոշակի անհաջողություններից հետո սթափվեց «Նիցցան»: Համենայն դեպս «Գենգամի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակն այլ բանի մասին մտածելու տեղիք չի տալիս: Սակայն դիվիզիոնի օրվա մրցակցությունը Փարիզում էր, որտեղ «Պարի Սեն Ժերմենը» ընդունել էր «Մոնակոյին»՝ չեմպիոնական մրցավազքում թերևս իր գլխավոր հակառակորդին: Ամբողջ հանդիպման ընթացքում մեծ էր լարվածությունը, որը շարունակվեց մինչև մրցավարի ավարտական սուլոցը: Հանդիպման հաշիվը բացվեց 81-րդ րոպեին: Կավանին դիպուկ իրացրեց տասնմեկմետրանոցը: Սակայն պարտությունը մոնեգասկների պլանի մեջ, բնականաբար չէր մտնում, և նրանք հավելյալ ժամանակում հավասարեցրին հաշիվը: Սա նշանակեց, որ «Մոնակոն» 49 միավորով շարունակեց իրեն ամրակցված պահել աղյուսակի առաջին հորիզոնականը, սակայն այս անգամ «Նիցցայի» ընկերակցությամբ: «Պարի Սեն Ժերմենի» անվան դիմաց գրանցված է 46 միավոր:
ԱՆԳԼԻԱ
Ֆեդերացիայի գավաթի 1/16-ում «Վուլվերհեմպտոնից» կրած պարտությունը (1:2) «Լիվերպուլի» համար ոչ միայն նշանակեց հրաժեշտ խաղարկությանը, այլև դարձավ երրորդ անընդմեջն առհասարակ, ինչը չի կարող չմտահոգել թիմի երկրպագուներին: Չմոռանանք, որ հաջորդ մրցակիցը (առաջնության շրջանակներում) «Չելսին» է, թիմ, որը պարզապես խենթացնող մրցելույթներ է ունենում: Դրա հերթական վկայություններից մեկն էլ գավաթի խաղարկության այս փուլում «Բրենտֆորդի» նկատմամբ Անտոնիո Կոնտեի սաների 4:0 հաշվով հաղթանակն էր:
Գոլային ագահությամբ առանձնացան նաև Արսեն Վենգերի սաները: «Արսենալը»՝ հինգ անպատասխան գնդակի առավելությամբ գերազանցելով «Սաուտհեմպտոնին», որն օրեր առաջ լիգայի գավաթի կիսաեզրափակչի երկու խաղում էլ հաղթեց «Լիվերպուլին» ու եզրափակչում ճակատելու է «Մանչեստր Յունայթեդի» հետ, որի մրցակիցը ֆեդերացիայի գավաթի 1/16-ում «ՈՒիգանն» էր: Մոուրինյոյի սաները հաղթել են 4:0 հաշվով: Գոլերից մեկի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է: Հաղթական էր նաև մանչեստրյան մյուս թիմի՝ «Սիթիի» մրցակցությունը «Կրիստալ Պալասի» հետ՝ 3:0:
Գոլային կատարյալ հրավառություն էր «Տոտենհեմ»-«ՈՒիկոմբ» դիմակայությունում: Այստեղ հանդիպման 97-րդ րոպեին (այո, այո՝ 97-րդ) միայն «Տոտենհեմը» կարողացավ հաջողությունը բեկել իր կողմը՝ 4:3:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ