Հայերը երրորդ զանգի ժողովուրդ են՝ փետրվարի 6-16-ին ԿԸՀ-ն ձեռնունայն սպասում էր և միայն ժամը 16-ին առաջինը դուռը թակեց ՀՅԴ-ն: Երկրորդը ԵԼՔ-ն էր, երրորդը` ՀՀԿ-ն: «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացրեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավարը և տեղեկացրեց, որ ցուցակը բաղկացած է 187 հոգուց:
Մինչ այդ ԲՀԿ-ն դաշինք կնքեց «Ալյանսի» հետ, Գագիկ Ծառուկյանն արդարացավ. «Ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, որ բոլորը գան, որովհետև դա մի մարդու բան չէ: Ես պատրաստ եմ համագործակցել, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, դրանում որևէ մեկը մեղավոր չէ»: ՀՎԿ ընտրական ցուցակները 300 թեկնածու ունեն՝ համարյա երեք խորհրդարան, եթե բոլորն ընտրվեն: «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը հրապարակեց ցուցակի տասնյակը և ասաց, որ կարգախոսն է` «Մենք կարող ենք»: ՀՀԿ ցուցակները ԿԸՀ բերած ներկայացուցիչները մանրամասներ չհայտնեցին, միայն ասացին՝ ժողովուրդը կգնահատի: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացավ 148 թեկնածուով: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հրապարակեց առաջին տասնյակը, Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն էր: Վերջինը իր ընտրացուցակները ԿԸՀ ներկայացրեց ՀԱԿ-ը՝ 140 թեկնածուով: Միով բանիվ՝ փաստաթղթեր ԿԸՀ ներկայացրեց 9 քաղաքական ուժ՝ ՀՅԴ, «Ելք» դաշինքը, ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինքը, կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀՎԿ-ն, ՕՐՕ դաշինքը և ՀԱԿ-ը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ոչ մի ընտրություն առանց անակնկալի չի լինում՝ երեկ ԿԸՀ եկան կոմունիստները: ԱԺ ընտրություններին մասնակցության նրանց մտադրության մասին քննարկումների բացակայությունը ԿԸՀ-ում հայտնվելը դարձնում է առաջին սենսացիան: Նրանց համամասնական ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, երկրորդը և վարչապետի թեկնածուն Վազգեն Սաֆարյանն է, հաջորդում են Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը: Կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բոլոր կոմունիստները միավորվել են մայր կուսակցությանը՝ մեկ միասնական ցուցակով հանդես գալու համար: Կոմկուսի ցուցակում 173 թեկնածու կա: Նրանք տրամադրված էին շատ խրոխտ ու միանգամից հայտարարեցին, որ եկել են հաղթելու: «Մենք երկիր ենք կառուցել, աղքատ երկիրը սարքեցինք ծաղկուն, հրամցրինք Լևոն Տեր-Պետրոսյանին իր արհեստավարժ տղաներով, որոնք հետո դարձան Ալի Բաբան ու 40 ավազակները»։ Լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելո՞ւ եք, կոմկուսի ներկայացուցիչը բարկացած պատասխանեց. «Ոչ, մենք պիտի օգնենք Սերժ Սարգսյանին ու կառավարության ընկերներին»: Ինչո՞ւ նրանք հայտնվեցին: Մեկը պիտի լիներ, որ հակադարձեր ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքները ու ապացուցեր, որ ՀՀԿ-ն շատ երիտասարդ քաղաքական ուժ է համեմատության մեջ: Ի վերջո, ընկեր Զյուգանովն էլ շատ կուրախանա: Կմտնե՞ն կոմունիստները ԱԺ: Իրենք համոզված են՝ անպայման, իրենց կարգախոսն է. «Մեր երթին վախճան չկա»: