Դաշնակցությունն այսօր երկրում ստեղծված իրավիճակի պատճառն է վերացրել, այդ պատճառը եղել է այն քաղաքական համակարգը, որը Հայաստանում մենիշխանություն է ծնել: Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:
«Եղել է վիճակ, երբ հաղթողը ստացել է ամեն ինչ, պարտվողը՝ ունենալով մեծ վստահություն, դուրս է մղվել, նսեմացվել է, որևէ ազդեցություն չի ունեցել որոշումներ կայացնելու առումով: Մենք այդ վիճակն ենք փոխել, այլևս չենք ունենալու նախագահի աթոռ, որի վրա նստողը մենակ կիշխի: Շատերն էին պահանջում հրաժարականներ, ինչ ասես արեցին, մենք ամենակարևոր և ավելի արմատական խնդիր լուծեցինք, մենք վերցրեցինք այդ աթոռը, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ ինքը կարող է լիարժեք իշխանություն ունենալ: Սրանով մոտեցրել ենք իշխանությունը ժողովրդին: Այս գլխավոր հարցից են բխել երկրի բոլոր խնդիրները՝ մենաշնորհներ տնտեսության մեջ, անարդարություն սոցիալական հարցերում, մարդկանց իրավունքների ոտնահարում», ասաց Ռուստամյանը: Նա նշեց, որ հասնելով երկրում սահմանադրական փոփոխությունների, ՀՅԴ-ն այսօր կարող է իր ընտրողին կատարված աշխատանքի արդյունք ցույց տալ: Նա նշեց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 70-80 տոկոսը տեղյակ չէ, թե ինչ համակարգային փոփոխությունների սկիզբ է դրվել երկրում:
ՀՅԴ-ն իր պարտքն է համարում ամեն օջախ ու տուն մտնել, բացատրել մարդկանց կատարված փոփոխության էությանը: «Մենք այս քարոզարշավը հենց այդ տրամաբանությամբ ենք տանելու: Մենք որևէ անձի հետ խնդիր չենք ունեցել և չենք ունենա, մեր աշխատանքները կազմակերպում ենք հանուն երկրի խնդիրների լուծման: Մենք գնալու ենք այն ճանապարհով, որ վերացնենք ժողովրդի դժգոհությունները: Պոպուլիզմով չենք առաջնորդվելու, մտածելու ենք հանրային ու պետության շահի մասին»,- ասաց նա: Նա ասաց, որ ՀՅԴ-ն երկրում դրել է նոր սկիզբ, որով բոլոր հնարավորությունները ստեղծվել են, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը կամ իշխանությանը պահի, կամ հեռացնի:
«Մեզ մնում է երկու բան թույլ չտալ: Առաջինը, թույլ չտալ, որ նսեմացվի այս կատարվածը, մարդիկ չիմացության պատճառով չգնահատեն կատարված գործը: Երկրորդ, թույլ չտալ, որ այնպիսի խորհրդարան ձևավորվի, որ հանկարծ որևէ մեկի մտքով անցնի շուռ տալ այս ամբողջ կատարվածը: Անշրջելի պետք է մնա այս գործընթացը: Մենք անզիջում պայքար ենք տանելու բոլոր այն գաղափարների դեմ, որոնց հետին միտքն այս ամենը շուռ տալն է: Մարդիկ գալու են իշխանության, ու հանկարծ պարզվելու է, որ ամբողջ իշխանությունն իրենցը չէ, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Ի՞նչ են անելու, փորձելու են հետ պտտել, որովհետև էդ երազով են եկել իշխանության: Փորձելու են մեզ տանել նորից 90-ականների սկզբները: Մենք սա չպետք է թույլ տանք: Մեզ պետք է մի խորհրդարան, որ այս փոփոխությունների արժեքը հասկանալով՝ արագացնի տեմպերը՝ այս ամենը կյանքի կոչելու համար: Որպեսզի արագ հասնենք արդյունքի, պետք են մարդիկ, որ սրա ղադրը գիտեն և գիտեն ինչ պետք է անեն, որ այս ամենը արագ կյանքի կոչվի»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ ժողովուրդը պետք է հասկանա ու վեր կանգնի ամեն տեսակի ճնշումներից, հասկանա, որ ինքն ազատվել է, որ իր գլխավոր իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ ու օրենքներով: