Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նա անցյալի մեջ ներկան էր պեղում

Նա անցյալի մեջ ներկան էր պեղում
25.04.2017 | 13:31

Աշխարհը մեկն է, նույնը, գրեթե անփոփոխ: Մարդիկ են տարբեր, հարափոփոխ, ու նրանց յուրօրինակությունն ու տարբերությունն է, որ, անկախ որևէ մեկի կամքից ու ցանկությունից, ստիպում է յուրաքանչյուրին յուրովի տեսնե և ընկալել կյանքը, աշխարհը, մեր մոլորակն ու տիեզերքը: Բնության չգրված և անխախտ օրենք-պարտադրանքն է: Աշխարհընկալման այդ գլխապտույտ տարընթերցումների մեջ կան մարդիկ՝ բնությունից օժտված ընտրյալներ, ովքեր կարողանում են նաև գեղարվեստորեն տեսնել ու վերարտադրել իրենց տեսածն ու այդ մեծ ու փոքր աշխարհները նկարագրել, պատմել դրանց մասին: Այդ բացառիկները գրողներ, նկարիչներ, երգահաններ, մշակույթի և ստեղծագործական աշխատանքի մարդիկ են: Նրանց շարքերում էլ լինում են այնպիսիք, ովքեր աշխարհին նայում են կամ մուգ-սև ակնոցով, կամ չափազանց վառ-գույնզգույն, նախշազարդ:

Քչերն են, որ տեսնում են կյանքը, աշխարհը, այդ իրականության մեջ ապրող և այդ իրականությունն արարող մարդուն, մարդ-արարածին, այնպիսին, ինչպիսին կա, ուշադրություն են հրավիրում երևույթների, որոնք հաճախ աննկատ են, բաղդատում ու պեղում են մարդու միտքն ու հոգին, և իրենց ասելիքը, կատարյալ և առողջ միտքն ու գաղափարը հասցնում մեզ՝ շարքային մահկանացուներիս… Նրանք սովորաբար, տարբեր եղանակներով, առաջ են քաշում կատարելության ձգտումը, կարևորում մարդկային և համամարդկային արժեքները: Այդպիսիք տաղանդավորներն են, աստվածային շնորհով օժտվածները, որոնցից մեկն էլ մեր ժամանակներում մեր ժամանակակից ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ է՝ բանիմաց, անկեղծ, բացառիկ, անկրկնելի, նախանձելի համառ ու հետևողական ճշմարտության և արդարության որոնումներում: Քանդակագործ լիներ՝ քարին լավագույնս շունչ կտար ու կխոսեցներ, նկարիչ՝ կարարեր բազմերանգ ու խոսուն հրաշալի կտավներ: Լիներ երգահան՝ շրջապատը կլցներ հողաբույր և հոգեպարար հնչյունների համանվագով: Գրողի առաքելության մեջ այդ ամենի խտացումը կա: Նրա ստեղծագործական նկարագրի առաջնահերթ առանձնահատկություններից է՝ մտահղացումից մինչև ավարտի վերջակետը կրել բառի, խոսքի պատասխանատվություն, հարգանքով և արժանապատվորեն վերաբերվել իրեն և դիմացինին՝ ընթերցողին, գեղարվեստական պատումի մեջ ներդնելով այն ամենը, ինչ միայն ու միայն դու ես կարող, ինչը քոնն է միայն:


«Ես սերունդ չունեմ,- ասում է:- Սերունդը ո՞րն է»: Ասել է թե՝ սերունդը, որպես մեկ հավաքականություն մի խցկեք ու ամփոփեք նույն տուփի մեջ: Ասել է թե՝ սերունդը բաղկացած է անձերից, անհատներից և անհատականություններից, որոնց առանձին-առանձին պետք է դիտարկել, որովհետև թեև ապրում և ստեղծագործում են միևնույն ժամանակում, սակայն նույնը չեն իրենց ստեղծագործական և մարդկային նկարագրով: Կեցվածք չընդունեց երբևէ, և այդպես, նաև չխուսափելով իրեն չհասկացող-չընդունողներ վաստակելու դառնությունից, հարազատ մնաց գրողի իր դավանանքին՝ ճշմարտությանը, այն բարձրաձայնելուն և հասարակության, ընթեցողի մատից մի փուշ հանելու նպատակին:
Նրա գրականությունը խոսք ու զրույց է ընթերցողի հետ, հոգեվիճակ թե մտավիճակ, բայց ծնված դժվարին երկունքով, սրտաբուխ, բայց հառաչանք, ընդվզում, բայց ցավ, ասելիքը՝ հանգավոր, թե անհանգ՝ գեղագիտական հայտնություն, ինչպես գիտնականի գյուտը՝ տառապանքով կյանքի կոչված… Իսկ ճերմակ թղթից գրողին հառած քննախույզ հայացքը թարմ ու արժեքավոր մի նոր հայտնության սպասումով և ակնկալությամբ է լեցուն, որովհետև հավատում է իր գրող Վառլեն Ալեքսանյանին՝ ի՞նչ է ասելու նա, ի՞նչ է հուշելու, ի՞նչ է քաղելու ինքն իր հեղինակի գրականությունից՝ չափածո, թե արձակ: ՈՒ Վառլեն Ալեքսանյանը շռայլորեն նվիրում է իր միտքն ու հոգին, խոհն ու զգացմունքը՝ գանձեր սփռողի պատրաստակամությամբ, թեկուզ և իր գրած նամակներն անհասցե լինեն, հաճելի կամ անհաճո ընթերցողի քիմքին՝ հոգ չէ, դրանք գրական-գեղարվեստական հաղորդագրություններ են իր աշխարհից, հոգու և մտքի նշխարներ ընթերցողին, ծրարված գրողի մտահոգություններով, անհանգստություններով, հույսերով և երազանքներով, որոնք նաև ուժ ու հպարտություն են ներարկում ընթերցողին: ՈՒժ և հպարտություն: Հեղինակն իր մտածողությամբ և հոգեբանությամբ այդպիսին է, քանզի ազնիվ և անկեղծ է, բարուն ու կատարյալին հետամուտ…


Վառլեն Ալեքսանյանն իր աշխարհի, իր գրական անդաստանի անվերապահ տիրակալն է: Իսկ բարի և ազնիվ տիրակալները հաճախ միայնակ են մնում, իրենք իրենց հետ և իրենց մեջ ավելի ճանաչելով դուրսը, իրենց միայնության մեջ բազմազան ու մարդաշատ, ավելի խոհական, ավելի կոփված և թրծված իրենց հոգևոր տիրույթում, որի պահապանն են իրենք, թեկուզ ոմանց, նույնիսկ շատերի համար հաճախ չհասկացված: Դա Վառլեն Ալեքսանյան գրողի տիրույթն է, որը ձևավորվել է Վառլեն Ալեքսանյան քաղաքացու կենսափորձի, իմացության և մարդկային նկարագրի հենքի վրա, որի դռները բաց են ընթերցողի առաջ:
Եղել է մի օր, երբ համակարգչով աշխատելիս՝ ես մեր, նա իրենց տանը, հայտնաբերեցինք, որ արդեն լուսանում է, և մենք արթուն ենք: Գրեց՝ չե՞ս հոգնել, վեր կաց, արի, միասին բարի լույս անենք: Պատասխանեցի՝ դու արի: Գրեց՝ չէ, ես արդեն բարի իրիկունն ու բարի գիշերն արել եմ: Չեկավ: Չգնացի: Եվ իզուր: Հիմա շատ եմ ափսոսում, որ ընկերոջս հետ այդ լուսաբացը դիմավորելու առիթը բաց եմ թողել, իսկ հաջորդ հնարավորություն այլևս չի լինի: Ափսոսում եմ, որ կենդանության օրոք անփույթ ենք հաճախ միմյանց նկատմամբ, ուշ ենք ըմբռնում միմյանց հետ ապրելու կարևորությունը: Միասին կռիվ տվեցինք, միասին հաց կիսեցինք ու բաժանեցինք, միասին աղոթքի նման մրմնջացինք արդարության ու անկախության մասին և հայտնվեցինք անսպասելիորեն անկախությունից ծնված ապօրինի զավակների տարատեսակ չարագործությունների առջև: «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր Վառլեն Ալեքսանյանը վրդովված հոդված գրեց պաշտոնական յաթաղանի դեմ՝ «Պաշտոնական ռեկե՞տ, թե՞ պարզապես լուծարում» վերնագրով, որ գրահրատարակչության վարչությունը հրատարակչական գործը զարգացնելուն է կոչված, այլ ոչ ոչնչացնելուն… Փա՜ռք Աստծու, այսօր Հայաստանի մայր հրատարակչությունը կա և շարունակում է իր գործը: Կռիվ տվող էր: Անարդարություններն անհանդուրժող: Եթե հանդուրժեր, իսկական գրող չէր լինի: Քավ լիցի: Հիմա գրող-մրողների մի աննախադեպ բազմություն ունենք: Կռիվ էր տալիս նաև ինքն իր դեմ՝ վերջին շրջանում չխնայելով առանց այն էլ վտանգված առողջությունը: Եթե կռիվ չտար ու անտարբեր լիներ շրջապատի նկատմամբ, միգուցե երկար ապրեր, բայց ինքը Վառլեն Ալեքսանյանը չէր լինի, նա ինքը չէր լինի: Նրա փոխարեն կլիներ մեկ ուրիշը, ընդունված կարգով՝ քծնող, հաճոյացող, շողոքորթ, լավագույն դեպքում` անտարբեր: Դրանց առատությունից ևս դժգոհելու առիթ, կարծում եմ, չունենք՝ մրցանակների ու պարգևների առումով հաջողակ, արվեստի և գրականության մեջ՝ ձախողակ: Բայց Վառլեն Ալեքսանյանը քաղաքացի էր, անհանգիստ ու որոնող բնավորություն, քաղաքացիական հոգեբանության, մտածողության և կոփվածքի հարուստ ներաշխարհով: Մտածող, դատող, կենսասեր:

Պատմավեպ էր գրել: Անվախ ու համարձակ մխրճվել էր պատմական նյութի մեջ, կասկածի տակ դրել պատմիչների վկայություններ, առաջ քաշել իր տեսակետը, իրադարձություններին անդրադարձել իր գիտական համեմատականությամբ, և ամենակարևորը՝ անձանց ու փաստանյութի հոգեբանական շերտերը թափանցել, վերապատմել անցյալի անցքերը հենց այդ հոգեբանական տրամաբանության տեսանկյունից: Նա անցյալում տեսնում էր ներկան: Անցյալի ներքին և արտաքին մարտահրավերների վրայից ժամանակի փոշին սրբելով և գաղտնիքի քողը բացելով հայտնագործում էր ներկան՝ նմանության և կրկնությունների ամբողջ մերկությամբ: Կարևոր բաներ էր հուշում: Հուշում էր, որ մի 1500 տարի հետո մեր ներկան վերածվելու է այն անցյալին, որը 1500 տարի առաջ էր, միայն թե Պատմահոր Ողբը կորցնի իր դառը իմաստն ու խրատի այժմեականությունը, վերածվի պատմական հիշողության և հնարավորինս հարթվեն վիպական ժամանակների կնճիռները: Հետո ձեռնամուխ եղավ իր ինքնակենսագրական պատմավեպը գրելուն: Ափսոս, անավարտ մնաց: Իսկ միգուցե նման անձանց կենսագրություններն ավարտ չունեն ընդհանրապես: Նմանները միշտ ասելիք ու անելիք ունեն այս աշխարհում, և երբ էլ ընդհատվի նրանց երկրային կյանքը, միևնույն է, նրանց կյանքն անավարտ է լինելու: Ինքնակենսագրական պատումը միայն իրենը չէր, ապրած ժամանակաշրջանն է, անցած-գնացած և ապրող մարդիկ… Պատմում էր երկրի ու ժողովրդի մասին, մի կյանքի, որն այսօր կարելի է պատմական հիշողությունների կարգին դասել, միգուցե համարել նաև պատմական արժեք: Պատմաբան էր: Պատմությանը նայում էր դասագրքային պարագրաֆներից դուրս, կարդում տողատակերը, զգում նրա շունչը, ձգտում հասկանալ և վերլուծել փաստերը, անձանց, երևույթները՝ պատճառահետևանքային ամբողջության մեջ: Նա պատմական անցյալին նայում էր միանգամայն այլ, իր սեփական տեսանկյունից, համարձակ, երբեմն անակնկալ դատողությունների եզրահանգում: Երբեմն անքննելի թվացող կաղապարների նորովի բացահայտմանն ու յուրովի մեկնաբանությանը նաև գիտական որակավորումներ կարելի է տալ: Գեղարվեստական գրականություն, որում փորձ է արվում ջրի երես հանել պատմական ճշմարտությունների սեփական վարկածները: Ձգտում էր ամեն կերպ դիմակայել կեղծիքին ու ստին, համարձակորեն նայում էր ճշմարտության աչքերին, թեկուզ տհաճ ու դաժան, բայց իրական: Վառլեն Ալեքսանյանն իր թիկունքում ուներ դժվարին պահերով լի տարիներ, որոնց դառնությունից էր կոփել իր կենսափորձը, որոնց հաղթահարմամբ՝ վաստակել բերկրանքի իրավունք…


Վառլեն Ալեքսանյանի հետմահու հրատարակված «Վիպական ժամանակների կնճիռը» գիրքը, որն ամփոփում է գրողի գեղարվեստական և հրապարակախոսական արձակը, և որի ծննդյան համար պարտական ենք Վառլենի ընտանիքին, մասնավորապես դստերը՝ Լիլիթին, մղում է ծանրութեթև անելու անանձնական մտահոգություններով և անհանգստություններով ապրող հայ գրողի պատգամները, որոնք ներկայացված են ոչ միայն բանաստեղծ, այլև էպիկական մտածողության տեր գրողի՝ անհանգիստ հրապարակախոսի, գրականության վերլուծաբանի, թարգմանչի և խոհափիլիսոփայական դասեր խրատող մտավորականի բազմաժանր գրական ժառանգության մեջ: Այդ ամենը խմորվել և հունցվել է Վառլեն Ալեքսանյանի ներաշխարհում և ստեղծագործական երևակայության մեջ, վերաճել գեղարվեստական և հրապարակախոսական արժեքի: Արձակագրի և արձակ գրողի մեջ բացակայում է բանաստեղծը, զգացմունքներին և գեղագիտական պատկերներին փոխարինում է ծանրախոհ, իրադարձությունների խորքը պեղող արձակագիրը: Այս գիրքը Վառլեն Ալեքսանյանի անվերջ վերադարձի, ավելի ճիշտ, մտքով, հոգով, իր գոյության խորհրդով նրա ներկայությունը խորհրդանշող վկայագիր է: Գրքի բոլոր բաժիններում Վառլեն Ալեքսանյանի մտքերն ու խոհերն են՝ անպաճույճ, առանց ձևականությունների, կենդանի զրուցակցի անկեղծությամբ: Երանի նրա գրավոր մտորումների հետ հնարավոր լիներ պահպանել նաև բանավոր Վառլեն Ալեքսանյանին, հատկապես նրա անսպառ ու նաև հեգնալից հումորը: Նրա մտքերն ու խոհերը, գրքի համանուն բաժնում, հորինովի, դեսից-դենից թխված, բազմիցս չարչրկված աֆորիզմներ կամ օդից քաղված իմաստասիրական դիտարկումներ չեն, այլ հեղինակի կենսափորձից բխած ինքնատիպ, ապրված, համոզիչ ճշմարտություններ, որոնց միջով և որոնք իր միջով են անցել ու փորձարկվել: Մտքեր, որոնք ուղղորդում են ընթերցողին, խորհուրդներ, որոնց ենթատեքստում անձնական իմացությունն ու փորձը հանրությանը հրամցնելն է, ասել է թե՝ ընթերցող, եթե հետևես իմ խորհուրդներին, ապա կխուսափես այն խոչուխութերից, որոնց հաղթահարման համար ես մեծ ճիգ ու ջանք եմ թափել…


Վառլեն Ալեքսանյանի ինքնատիպության գաղտնիքներից մեկը նրա ինքնուրույնությունը և ազդեցություններից զերծ լինելն է: Շատ մոտ ու համերաշխ են Վառլեն Ալեքսանյան մարդը և գրողը, որը պայմանավորում է նաև նրա ստեղծագործական աշխարի ինքնատիպությունը: Նա ինքնայրումով է հաղթահարում նյութի դիմադրողականությունը, անտեսանելի, բայց իր իսկ կերպարը, իր տեսակը դիմագծելով հոդվածից հոդված, պատումից պատում: Նա ինքնուրույնությունը պահպանեց կյանքում և տուրք չտվեց գրական թայֆաբազություններին: Գուցե և տուժեց գրախոսականների կամ ծնծղաների առումով, բայց շահեց իր անշահախնդիր և անհավակնոտ կերպարը պահպանելով: Մինչդեռ նրա գրականության մասին պետք է գրվեր ավելի շատ, պետք է վերլուծվեր նրա ստեղծագործությունն ամենայն խորությամբ և անաչառությամբ, տրվեին համապատասխան գնահատականներ: Ինչևէ: Նրա ստեղծագործական ասելիքը, ինչպես ինքը՝ հեղինակը, ինչպես մարդն՝ անսպառ է: Նման դեպքերում իրավամբ ասվում է, թե ասելիքն այնքան շատ և հարուստ է, որ լռությունն ավելի խոսուն է: Հիրավի, նա ապրեց գողտրիկ, համեստ և անապակ կյանքով, ուժեղ և հախուռն էությամբ, արտաքին հանդարտության հետևում հաճախ թաքցնելով ներքին խռովքն ու ալեկոծումները: Ապրեց գիր ու գրականությամբ, ծառայեց գրչին, գրքին ու գրականությանը, ծառայեց իր ընթերցողին: Առկա է նրա թողած գրական ժառանգությունը, բայց չգիտեմ, երևակայել անգամ չեմ կարող, թե ստեղծագործական ինչպիսի մտահղացումներ և գաղափարներ տարավ իր հետ: Համոզված եմ, շատ ավելին, քան հասցրեց թղթին հանձնել: Նա դեռ ասելիք ուներ իր ընթերցողին, մեզ բոլորիս: Թերևս նա միշտ էր ասելիք ունենալու:


Թվում էր, թե նա բարձրից է նայում կյանքի և մահվան սահմանագծին հնարավոր անակնկալներին, ասես հուշում էր, որ իր և իր բացառիկ տեսակի կյանքը չունի սկիզբ և վախճան, քանզի ամբողջ էությամբ թաթախված ու ներծծված է պատմական հիշողության անհիշելի ժամանակներից եկող և դեպի գալիքը միտող իմացությամբ, որ ժամանակն ու նրա բովանդակ էությամբ ապրող մարդն ավարտ չունի, այլ գոյության մի պարունակից տեղափոխվում է մեկ ուրիշը: Հավանաբար այս պարագայում դարձյալ նա ճիշտ էր: Նա՝ Վառլեն Ալեքսանյան մարդը, գրողը, մտավորականը…

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ